կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-15 13:18
Մշակույթ

Թե ինչպես է անօթևանը փրկում ինքնասպանություն գործել փորձող կնոջը

Թե ինչպես է անօթևանը փրկում  ինքնասպանություն գործել փորձող կնոջը

Գագիկ Մադոյանի կարճամետրաժ «Ճանապարհ» ֆիլմը ընդգրկված է «Ոսկե ծիրան կինոփառատոնի» «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մադոյանը նշեց, որ ֆիլմը մի կնոջ մասին է, ով ուզում է կամրջից ցած նետվել, բայց հանկարծ նրան է մոտենում մի անօթևան և փրկում նրա կյանքը:

«9 րոպեանոց ֆիլմ է, որտեղ չկան` «վայ մի գցիր քեզ», «սխալ քայլի ես դիմում» հուզական արտահայտությունները, բոլոր լուծումները գեղարվեստական են: Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ մի անգամ տեսա, թե ինչպես հենց այդ կամրջի վրա աշխատող շինարարներից մեկը մյուսներին հարցրեց. «Տղե\'րք, ծխախոտ ունե՞ք»: Ի պատասխան` մյուսներն ասացին, թե` ոչ, չունենք, երիտասարդն էլ, թե. «Լավ, իջնեմ, բերեմ»: Այս երկխոսությունն իմ մեջ ինչ-որ պատկերներ ստեղծեց, և ես սկսեցի աշխատել իմ ֆիլմի վրա»,- պատմեց ռեժիսորը:

Գագիկ Մադոյանը, ով մինչ այս հայտնի էր որպես դերասան, նշեց, որ իրականում ռեժիսորի կյանքն ավելի բարդ է, քան դերասանինը: «Մինչ այս չէի հասկանում ռեժիսորներին, հիմա շատ լավ եմ հասկանում: Թող ինձնից չնեղանան դերասանները, բայց դերասանը գալիս, խաղում է ու գնում, իսկ ռեժիսորը միշտ այնտեղ է»,- ասաց նա:

Մադոյանը, խոսելով հայկական կինոյի զարգացման մասին, նշեց, որ կարևորում է կինոյի մասին օրենքի ընդունումը, թեև շատ լավ տեղյակ չէ դրանում առկա դրույթներից: Ըստ նրա` Հայաստանում պրոֆեսիոնալիզմի, լավ մասնագետների կարիք կա մի շարք մասնագիտություններում: «Միայն գումար դնել և ֆիլմ նկարահանելով չի, ավելին` դա ֆիլմերի զարգացմանը կխոչընդոտի: Ես, օրինակ, չեմ կարողանում գտնել իմ սցենարիստին: Հայաստանում նաև պրոդյուսերական դպրոցի պակաս կա»,- ասաց Մադոյանը: