կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-03 15:32
Քաղաքական

Շարմազանովը հիշեց, թե ոնց է «դուբինկա կերել»

Շարմազանովը հիշեց, թե ոնց է «դուբինկա կերել»

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով էներգետիկ համակարգում ստեղծված ճգնաժամին ու Բաղրամյան պողոտայում շարունակվող ցույցերին, նշեց, որ շատ լավ է, որ երիտասարդ սերունդը հանդես է գալիս «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով, որովհետև անկախ Հայաստանում այլ կերպ չի կարող լինել:

«Հանրապետության նախագահը իր այս սողոմոնյան իմաստուն որոշումով քայլ է կատարել և հնարավորություն տվել քաղաքացիական ակտիվիստներին իրականում դառնալ տերը մեր երկրի՝ ներգրավվելով աուդիտորական աշխատանքների մեջ: Այսինքն` միայն բացականչելով, գոռալով ու պահանջելով չի: Իհարկե, դա շատ լավ է, երբ նրանք պահանջատեր են, բայց միայն պահանջատիրությամբ դու չես կարող լինել տերը քո երկրի»,- ասաց նա:

Շարմազանովը փաստում է, որ երիտասարդների սկսած պայքարն առաջին փուլում հաջողություն ունեցավ, այլ հարց է` ում դուրը կգա, ում դուրը չի գա այդ հաջողությունը: Բայց, նրա կարծիքով, փաստն այն է, որ քաղաքացիների բողոքը հանգեցրեց նրան, որ իշխանություններն ավելի սթափ, ամբողջական ու արագ գնահատեցին իրավիճակը, և նախագահը հնարավորություն տվեց, որ այդ երիտասարդները իրականում ցույց տան, որ, այո, իրենք են իրենց երկրի տերը:

«Աուդիտը կլինի բաց ու հրապարակային, և ամենակարևորն է, որ այդ 7 դրամը քաղաքացու գրպանից չի գնա: Կասեցված է, որ օգոստոսի 1-ին այդ յոթ դրամը վճարեն մեր քաղաքացիները: Մինչև աուդիտի ավարտը մենք ունենք ժամանակ, որպեսզի առանց ավելորդ նյարդայնանալու նստենք ու միասին աշխատենք»,- ասաց Շարմազանովը:

Նա գովեց այսօրվա երիտասարդությանը` կարծիք հայտնելով, որ այն ավելի լավն է, քան իր ժամանակվա երիտասարդությունը: «Գրագետ, կիրթ էրեխեք են»,- ասաց Շարմազանովը՝ հիշելով, որ 1995-ին էլ ինքն էր 48-ժամյա հացադուլ սկսել Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, և այն ժամանակ իրենց ծեծեցին` «դուբինկա են կերել»:

Նա կարևորեց այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը հնարավորություն է տվել «Ոչ թալանին» խմբի երիտասարդներին ներգրավվելու աուդիտի գործընթացում, և հիմա ժամանակն է, որ գործով ապացուցեն, որ տերն են իրենց երկրի: «Նայենք, տեսնենք` եթե գող կա, դու բռնես գողին, եթե չարաշահում կա, նրան էլ բռնենք, լուծումները միասին քննարկենք, որ այնպես չլինի, որ իշխանությունները պարտադրեն լուծումների տարբերակներ: Ինձ համար ամենամեծ հաջողությունը այն էր, որ այդ երիտասարդները հասան նրան, որ իշխանությունը նրանց մասնակից դարձրեց որոշումների կայացման գործընթացին: Դա է ժողովրդավարությունը»,- ասաց Շարմազանովը:

Լրագրողների դիտարկմանը, որ շատերը չեն վստահում այդ աուդիտին, Շարմազանովը պատասխանեց, որ մերժողականությունը լավ ճանապարհ չէ, պետք է ներգրավվել որևէ գործընթացում և վերջում ասել՝ վստահում ես, թե` ոչ:

«Դե, բերեք ոչ մեկին չվստահենք, բոլորս բոլորից նեղանանք ու գնանք, այդպես կլինի՞, իհարկե` ոչ: Երկխոսությունն է ճանապարհը, և հետո` երիտասարդները իրավունք չունեն այդքան հոռետես լինելու»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Նա նաև պատմեց, որ իր լրագրող ընկերները, որոնք լուսաբանում էին Բաղրամյան պողոտայի ցույցերը, ամենասկզբում ասում էին` միևնույն է, բան չի փոխվելու, և օգոստոսի 1-ից վճարելու են թանկ գնով, բայց, Շարմազանովի խոսքով, ոչ միայն 7 դրամը օգոստոսի 1-ից քաղաքացիները չեն վճարելու, այլև մասնակցելու են կարևոր համակարգի կարևոր ստուգումներին ու որոշումների կայացմանը:

Ի դեպ, Բաղրամյան պողոտայի ցուցարարների սակավությունը Շարմազանովը բացատրեց պայքարի ձեռքբերումներից մեկով՝ ոգևորվածությամբ, որովհետև մարդիկ տուն են գնացել քիչ թե շատ բավարարված, որովհետև տեսել են, որ իշխանությունը լսել է իրենց: