կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-30 09:28
Հասարակություն

Պստիկ հեղափոխակա՛ն, հըն, դզե՞ց․ Վլադիմիր Գասպարյանը` ցուցարարին

Պստիկ հեղափոխակա՛ն, հըն, դզե՞ց․ Վլադիմիր Գասպարյանը` ցուցարարին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներին։ Նա սկսեց զրուցել նրանց հետ։ Գասպարյանը, դիմելով երիտասարդներին, նշեց` ապագան ձերն է։

«Դուք պետք է այնքան տեսողություն ունենաք, ձեր միտքն այնքան պայծառ պետք է լինի, որ ոչ թե ժխտեք, այլ հերոսություն մեջ ձեր կյանքում գտնեք ճշմարտությունը, հակառակ դեպքում` ձեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Այսինքն՝ կստացվի, բայց այն թերություններով, որոնք մենք ենք արել։ Այդ ամենին հասնելու համար գոռալ-գոչալ պետք չէ, այլ, մտածելով, ճշմարիտը փնտրելով, ինքդ քո մեջ նայելով, պետք է հասնես։ Եթե դու քո մեջ չնայես, քո սխալները չտեսնես, այլ քողարկես դրանք, հա\'մ դու ես խորտակվելու, հա\'մ դիմացինին խորտակելու»,- ասաց ոստիկանապետը։

Նա նշեց նաև, որ մարդը, ինչպիսին էլ լինի, տեսնում է դիմացինի անկեղծությունը, «մեկ է, այդ զգայարանները հոգուդ խորքում տալիս են ճշմարիտ պատկերը»․ «Մենք մեծ ազգեր չենք, մի պստիկ ենք, մի բուռ, մեր ամեն մի ժայթքումը կարող է ճակատագրական լինել։ Պետք է հիշել, որ խոնարհությամբ ենք բարձրանում: Մենք փոքր, ծանր ռեսուրսներով ապրող ժողովուրդ ենք։ Կա՞ն գողեր, ավազակներ մեր երկրում, ի սեր Աստծո, լիքը։ Եթե տեղում կանգնեք` հետ ենք գնալու, պետք է առաջ շարժվել, իսկ շարժիչ ուժը երիտասարդությունն է, որին չեն սպանում, չեն կոտրում։ Տղանե\'ր, դուք գիտեք, որ ոստիկանությունն ունի ուժ, որը կարող է գործի դրել, բայց ո՞ւմ կոտրի՝ ջահելի՞ն, իր երիտասարդի՞ն, կոտրեմ ի՞մ տեսակին։ Այո, ես գտնում, որ երիտասարդները պետք մի քիչ խենթ լինեն, որովհետև եթե մի քիչ գժուկ չեղան, լինելու են թմբլիկ թաթիկով, իսկ թմբլիկ թաթիկներից ոչինչ չի ստացվում։ Մի քիչ էլ պետք է խելառ լինեն ու գժոտ, բայց այդ գժոտությունը պետք է լինի տրամաբանության ու հարգանքի մեջ, ոչ թե զոռբայության ու բոշայության»,- ասաց Գասպարյանը։

Ի դեպ, ցուցարարներից մեկն ասաց, թե իր՝ այստեղ մնալը շատ սխալ է արդեն դարձել, և ինքը չի պատրաստվում երկու ամիս մնալ մինչև աուդիտի արդյունքները պարզ դառնան։ Ի պատասխան՝ ոստիկանապետը նշեց. «Աստված օրհնի քեզ, ապրես, պստիկ հեղափոխակա\'ն, չարաճճի\' երեխա․․․ Հըն, դզե՞ց»։