կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-08 11:04
Քաղաքական

Եթե ճնշելու լինեին, հրապարակային չէին անի

Եթե ճնշելու լինեին, հրապարակային չէին անի

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը դեռ չի հանդիպել Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրված Իշխան Զաքարյանի հետ: Ամենայն հավանականությամբ, կհանդիպեն երկուշաբթի օրը: Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց, որ հանդիպման ժամանակ ՀՀԿ պատգամավորները ներկայացնելու են իրենց մտահոգություններն ու առաջարկները` կապված Իշխան Զաքարյանի պաշտոնավարման հետ:

 

Դիտարկմանը, որ ՀՀ նախագահի խիստ դիտողությունից հետ բոլորը սպասում էին, որ Իշխան Զաքարյանը այլևս չի առաջադրվելու Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց, որ մամուլն էր գրում, որ դա Իշխան Զաքարյանի վերջին պաշտոնավարումն է, որովհետև իշխանության հետ համահունչ չի գնում: Սակայն, պատգամավորի խոսքով, որևէ խնդիր չկա` անկախ այն բանից`տվյալ պաշտոնյան իշխանությանը գովերգող ինչ-որ գործողություն է իրականացնո՞ւմ, թե՞ ոչ:

 

«Երկրի նախագահը, որպես բարձրագույն իշխանություն իրականացնող անձ, իրավունք ունի նաև քննադատելու, ուղղորդելու: Ո՞վ է ասում, որ պաշտոնյային պետք է միայն գովաբանել: Բայց մենք նրա անձի հետ որևէ խնդիր չունենք»,- ասաց Հովհաննես Սահակյանը` հավելելով, որ եղել է քննադատություն, որովհետև Իշխան Զաքարյանի կողմից եղել է որոշակի ոչ ճիշտ մեկնաբանություն:

 

Դիտարկմանը` արդյո՞ք այդ քննադատությունը չէր նշանակում ճնշում Վերահսկիչ պալատի գործունեության վրա, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Եթե ճնշելու խնդիր լիներ, ապա դա կարելի էր անել ոչ հրապարակային ձևով»: Պատգամավորը հավելեց, որ այսուհետ փորձելու են այնպես անել, որ Վերահսկիչ պալատի գործունեությունն ավելի առողջ պայմաններում իրականացվի, որ Վերահսկիչ պալատը նաև որոշակի զսպող մեխանիզմներ ունենա: