կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-18 12:15
Հասարակություն

Պոլիտեխնիկում ինձ լավ են ճանաչում. Ոստանիկ Մարուխյան

Պոլիտեխնիկում ինձ լավ են ճանաչում. Ոստանիկ Մարուխյան

Հունիսի 20-ին տեղի կունենան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունները: Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը: 

Yerkir.am-ի զրուցակիցն է Ոստանիկ Մարուխյանը:

-Պարո\'ն Մարուխյան, Դուք մեկ անգամ արդեն եղել եք ռեկտորի պաշտոնում, ինչո՞ւ որոշեցիք կրկին առաջադրել Ձեր թեկնածությունը:

-Երկար կշռադատելուց հետո եմ դիմել այդ քայլին, իրականացրել եմ որոշակի փնտրտուք, մշտադիտարկում կատարել իմ շրջապատում` գործընկերների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների, ինչու չէ` նաև համալսարանից դուրս էներգետիկ, կրթական ոլորտին առնչվող մարդկանց հետ: Այդ ամենից ես հասկացել եմ, որ դեռևս ունեմ հնարավորություն, կարողություն, ուժ ու եռանդ, ունեմ անհրաժեշտ փորձ և կարող եմ պիտանի լինել բուհին, մանավանդ, որ իմ գիտակցական կյանքն ու աշխատանքային գործունեությունը կապված են այս հաստատության հետ: Որպես ուսանող` բուհ եմ մուտք գործել 1964-ին: Երկու անգամ է իմ աշխատանքային գրքույկն այստեղից դուրս եկել` մեկ անգամ` ԿԳՆ նախարարի տեղակալ դառնալու ժամանակ և մյուսը` ԱԺ-ում ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրվելու: Բայց նույնիսկ այդ ժամանակահատվածում շարունակել եմ աշխատել բուհում` հասարակական կարգով` որպես ամբիոնի վարիչ, դասավանդել` որպես պրոֆեսոր: Բնականաբար, հրաշալի պատկերացնում եմ հաստատությունը` իր կառուցվածքով, խնդիրներով, ամենափոքր օղակներից մինչև ամենավերին օղակը, և կարծում եմ, որ կարող եմ ևս մեկ անգամ ստանձնել համալսարանի համար խիստ պատասխանատու պաշտոն: Բացի այդ` կարծում եմ, որ, իմ առաջադրմամբ, մրցակցային ընտրություն եմ ապահովել:

-ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Ձեզ հետ աշխատելու փորձ ունեցել է: Դուք բուհի ռեկտոր եք եղել, այն ժամանակվանից /2011-ի հուլիսի 25-ից թողել է ռեկտորի պաշտոնը/մինչ հիմա շա՞տ բան է փոխվել:

-Ցավոք, իմ պաշտոնաթողությանը հաջորդած ժամանակահատվածում բուհի ներքին կյանքում տեղի ունեցան որոշակի` ոչ այնքան հաճելի երևակումներ, և, բնականաբար, դա իր ազդեցությունն է ունեցել բուհի զարգացման գործընթացի վրա: Սակայն, անկախ ամեն ինչից, և՛ այդ ժամանակահատվածում, և՛ այսօր փորձել եմ հավատարմորեն ծառայել պոլիտեխնիկին: Ընդ որում` ես ողջունել եմ Թոքմաջյանի մուտքը մեր բուհ, ունեցել ամենաջերմ հարաբերությունները նրա հետ, իմ աջակցությունն եմ ցուցաբերել որոշակի կանոնադրական փասատաթղթերի մշակման գործում, մասնավորապես` նրա խնդրանքով աջակցել եմ հիմնադրամի ձևավորման գործընթացում կանոնադրական փաստաթղթի ձևակերպմանը: Ուզում եմ ասել` որևէ ստվերում չի հայտնաբերվել մեր հարաբերություններում մինչև այն պահը, երբ, կանոնադրական դրույթների, կառավարման ձևի հետ կապված, փորձել եմ բարձրաձայնել նաև իմ կարծիքը, սա որոշակի սառնություն է առաջացրել մեր մեջ: Այսօր էլ ես հավատարիմ եմ մնում գործընկերային հարաբերություններին. Թոքմաջյանը մրցակից է, և նրան պետք է ամենայն հարգանքով վերաբերվել, պատշաճ մակարդակով վարել նախորդող բոլոր գործընթացները` բացարձակապես չսևացնելով, չփորձելով դիմացինին այնպիսի հարվածներ հասցնել, որոնք, կարծում եմ, երբեմն իջնում են շրիշակի մակարդակից ցածր: Վերջիվերջո, երկուսս էլ մտավորական ենք և մտավորականին վայել կեցվածքով պիտի իրականացնենք մրցակցային, ինձ թվում է` արհեստականորեն թեժացված գործը:

-Աշոտյանը նշել էր նաև, որ բուհում եղած մթնոլորտը հեռու է բուհական համարվելուց: Ընտրվելու դեպքում ի՞նչ փոփոխություններ կանեք բուհում:

-Ես արդեն մշակել եմ իմ հայեցակարգը: Ամենակարևորներից մեկն այն է, որ դեռևս պոլիտեխնիկականի կարգավիճակով ձևավորվել էր հստակ վերաբերմունք համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի նկատմամբ` որպես հաստատության ծանրակշիռ ու ուժեղ կողմերից մեկի, այսինքն` պոլիտեխնիկը հզոր էր իր դասախոսական կազմով: Կարծում եմ` այդ ձեռքբերումը պետք է պահպանել ու զարգացնել, և որքան էլ միջավայրային պայմանները օբյեկտիվ, թե սուբյեկտիվ վերադրման արդյունքում չեն նպաստում դրան, պետք է անհրաժեշտ մակարդակով գործընթաց ծավալել` միասնական կոլեկտիվը պահպանելու, վերահաստատելու համար: Էապես այդ գործընթացին կարող են նպաստել ինչպես աշխատանքային, այնպես էլ բարոյահոգեբանական պայմանների արմատական բարելավումը, ինչպես նաև պոլիտեխնիկական լավագույն ավանդույթների պահպանումն ու զարգացումը: Մենք պետք է զգուշորեն վերաբերվենք պրոֆեսորադասախոսական կազմին, նրա պահպանումը մեր գերխնդիրներից մեկն է, պետք է կարողանանք ապահովել նրանց մասնագիտական առաջընթացը, ինչպես նաև, դրան զուգահեռ, կարողանանք թարմ հոսք բերել բուհ: Մենք պետք է ընդունենք այն փաստը, որ միջին տարիքը մեզ մոտ բավական բարձր է: Որպես հիմնական ռազմավարական թիրախ` պետք է ստեղծենք աշխատանքային այնպիսի նպաստավոր պայմաններ, որը կնպաստի երիտասարդների գալուն բուհ: Բացի այդ` մենք պետք է ունենանք աշխատակիցների բուժման ծախսերի լրիվ կամ մասնակի փոխհատուցում, քանի որ բուհում սոցիալապես անապահով շերտ ունենք` աշխատանքի վետերաններ, Հայրենական, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, որոնց պետք է պարբերաբար ֆինանսական աջակցություն ցուցաբերենք:

-Իսկ ուսանողների համար ի՞նչ քայլեր պետք է արվեն, այսինքն` ես` որպես ուսանող, ինչո՞ւ պետք է ընտրեմ պոլիտեխնիկը:

-Համալսարանն այսօր ուսանողական համակազմի խնդիր ունի, գաղտնիք չէ, որ ինժեներական կրթությունը ոչ այնքան գրավիչ ոլորտ է համարվում: Ուստի մենք պետք է բոլոր քայլերը ձեռնարկենք, որ աշխատակիցները և նրանց ընտանիքի սովորող անդամները սոցիալական աջակցություն ունենան: Բացի այս` կարևորում եմ Բոլոնիայի գործընթացի հետագա զարգացման թիրախային նշանակետներից մեկը` համալսարանը պետք է ձեռնարկի ուսանողակենտրոն ուսուցում, այսինքն` պետք է խրախուսվի ուսանողի ինքնուրույն աշխատանքը` նրա վերլուծական մտածողության զարգացմամբ և անհրաժեշտ կոմպետենցիաներին նպաստող միջավայրի ստեղծման միջոցով: Ի վերջո, ուսանողը մեր հիմնական շահառուն է, նա մեր գործընկեր է:

-Պոլիտեխնիկում վերջին շրջանում նաև որոշ ֆինանսական խնդիրներ են առաջ եկել: Ֆինանսական համակարգում փոփոխություններ սպասվո՞ւմ են:

-Մենք պետք է շատ ուշադիր լինենք ֆինանսական կայունությունն ապահովելու համար: Այսօր մուտքերի տեսանկյունից համալսարանը խնդիր ունի, իսկ հիմնադրամային կարգավիճակը մեզ թույլ է տալիս որոշակի գործառույթներ իրականացնել, որոնք կարող են լրացուցիչ մուտք ապահովել: Կարևորում եմ, որ ֆինանսական պլանավորման գործընթացում մենք վերադառնանք ֆինանսական պլանավորման այն համակարգին, որը գործել է ինձ նախորդող ռեկտորի` Յուրի Սարգսյանի ժամանակ, որը ես պահպանել եմ իմ պաշտոնավարման ընթացքում` ֆակուլտետային բյուջետային առանձին ֆինանսավորման խողովակների ստեղծում: Ֆակուլտետներն ունեին հնարավորություն և դրանք ճիշտ կողմնորոշելու և ճկուն կերպով ծախսելու միջոցներ:

-Գաղտնիք չէ, որ վերջերս որոշ փոփոխություններ եղան դասախոսական կազմում: Ձեր ընտրվելու դեպքում հնարավո՞ր է` որոշ վերադասավորումներ լինեն:

-Ես այն անձանցից եմ, որը դանդաղորեն է շտապում: Ես կտրուկ գործառույթների իրականացման ջատագով չեմ, սակայն միանշանակ է այն, որ պետք է ուղենիշ ունենալ ոչ թե իմ անձնական նկատառումները, այլ մտածել հետևյալ միասին` մեզ /իմ սերնդի ներկայացուցիչներին/ հատկացված ժամանակը քիչ է, ուստի պետք է փնտրտուքի ճանապարհով թարմացնել կազմը, ներգրավել պոլիտեխնիկական ավանդույթներին հարիր երիտասարդ ուժեր: Պետք է ստացվի այնպիսի իրավիճակ, որ երբ գալիս է պաշտոնը թողնելու հանգամանքը, ասենք` ի՞նչ ենք թողնում /կադրային ներուժի առումով/: Մենք պետք է հստակ հասկանանք հետևյալը` պոլիտեխնիկի ապագան, ի վերջո, երիտասարդներն են:

-Ամփոփելով` որքա՞ն եք գնահատում Ձեր` ընտրվելու հավանականությունը:

-Լավատես եմ մի փոքր, քանի որ դասախոսական կազմը ճանաչում է ինձ, հոգաբարձուների խորհրդի կազմում եղածներն էլ են ճանաչում: Ժամանակին, աշխատելով նախարարությունում, խորհրդարանում, իմ կենսակերպով ես ինձ արդեն դրսևորել եմ, և մարդիկ, կարծում եմ, լրացուցիչ խթանիչների կամ ազդակների խնդիր չունեն: Միանշանակ կարող եմ ասել, որ որևէ մեկին ոչինչ չեմ հարցրել ապագա քվեարկության առիթով: Ես բնավ խնդիր չունեմ. կհաղթի պարոն Թոքմաջյանը, ես առաջիններից մեկը կլինեմ, որ շնորհավորում է նրան, որևէ խնդիր չունեմ պաշտոնավարելու այստեղ` իր ղեկավարությամբ, ես այս գործը սիրում եմ: Օրերս կպաշտպանի իմ 11-րդ ասպիրանտը, այսինքն` գիտության թեկնածուների մի հզոր բանակ եմ զարգացրել, նրանցից 4-5-ն այստեղ են աշխատում, մնացածը` էներգետիկ ոլորտի որոշակի օղակներում արդեն բարձր պաշտոններ են զբաղեցնում: Միգուցե ի վնաս ինձ եմ արել այս ամենը, որովհետև, ուսանողների մեջ դնելով իմ ունեցած ձիրքը, ես չեմ ձևակերպել և ներկայացրել պաշտպանության դոկտորական թեզը: Դա էլ իմ թերությունը համարեք: 

 

Կարինե Հարությունյան