կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-23 17:38
Հասարակություն

Վերադառնում ենք պոլիտեխնիկական լավագույն ավանդույթներին. Ոստանիկ Մարուխյան

Վերադառնում ենք պոլիտեխնիկական լավագույն ավանդույթներին. Ոստանիկ Մարուխյան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների` այս տարվա առաջին նիստի ժամանակ բուհի խորհրդի նախագահ ընտրվեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, իսկ բուհի հոգաբարձուների խորհրդի քարտուղար` Ալեքս Դռնոյանը:

Մուսայելյանը նշեց, որ չափազանց կարևոր է համարում պոլիտեխնիկի դերը Հայաստանի տնտեսության մեջ: Նրա խոսքով` գոհունակությամբ է ընթերցել կառավարության կողմից ներկայացված` հոգաբարձուների խորհրդի կազմը, որում մեծ է մասնավոր սեկտորի ներկայացուցիչների թիվը:

Մուսայելյանը նշեց, որ համալսարանի զարգացման համար կան մի քանի հիմնական անելիքներ: «Առաջին հերթին պրոֆեսորադասախոսական կազմի որակի առումով պետք է քայլեր տարվեն: Այսօր պոլիտեխնիկում շատ դասախոսներ ունենք, որոնք ուղղակի նվիրյալներ են և տարիների ընթացքում բազմաթիվ որակյալ կադրեր են պատրաստել: Սակայն անհանգստացնող է այն փաստը, որ վերջին տարիներին պրոֆեսորադասախոսական կազմի միջին տարիքն աճում է, և երիտասարդներից քչերն են ցանկանում մնալ համալսարանում: Բնականաբար, մեծ դեր ունի վարձատրության խնդիրը»,- ասաց նա:

Ըստ Մուսայելյանի` պետք է ֆինանսների հայթայթման նոր մեխանիզմներ ստեղծեն, և այդ հարցում մեծ դեր կարող է ունենալ մասնավոր սեկտորը: Նրա խոսքով` համագործակցության հաջող օրինակներ արդեն իսկ կան, օրինակ` տեղեկատվական տեխնոլոգիաների գծով բոլոր ավարտողներն արդեն իսկ աշխատում են այդ ոլորտում մասնավորի հետ համագործակցության շնորհիվ:

Մուսայելյանն անդրադարձավ նաև դասախոսների վերապատրաստման խնդրին` նշելով, որ նրանք ոչ մի մեղավորություն չունեն, որ ժամանակակից վերապատրաստման գործընթացներից դուրս են մնում: Նրա խոսքով` վերապատրաստումը լուրջ ֆինանսավորում է պահանջում, և այստեղ նույնպես մասնավոր սեկտորն իր դերը պետք է ունենա: «Եթե մասնավոր սեկտորը համալսարանից պահանջում է որակյալ կադրեր, ապա ինքն իրավունք չունի պասիվորեն սպասելու: Ինչ վերաբերում է նյութատեխնիկական բազային, ապա դա էլ է ֆինանսների հետ կապված, սակայն պոլիտեխնիկն այսօր ունի հագեցած լաբորատորիաներ, որոնք գուցե այնքան էլ արդյունավետ չեն օգտագործվում: Այսինքն` պետք է ստեղծենք պայմաններ, որ այդ լաբորատորիաներն էլ օգտակար լինեն տարբեր կրթական ծրագրերում»,-ասաց Մուսայելյանը:

Նա նշեց նաև, որ հուրախություն իրենց` կառավարության վեկտորն ուղղվել է բարձր տեխնոլոգիաների կողմը, և պոլիտեխնիկի դերը բավական մեծ է այդ հարցում: Մուսայելյանի հավաստմամբ` պոլիտեխնիկն այսօր էլ բավական առաջնահերթ դիրքերում է

ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը ներկայացրեց  «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 2017-2018 ուսումնական տարվա հաշվետվությունը: Նա նշեց, որ իրենք հավատարիմ են մնացել 2018-ի հունիսից որդեգրված` մարտավարական պլանում ամրագրված ծրագրային դրույթներին` մասնագիտությունների խոշորացում, համալսարանի կառուցվածքային միավորների մասնատվածության վերացում: Մարուխյանի խոսքով` հոգաբարձուների խորհուրդը նախորդ ուսումնական տարվա ընթացքում բավականաչափ ակտիվորեն է աշխատել: Իսկ ռազմահայրենասիրական ոգով դաստիարակության առումով ՀԱՊՀ-ն «Հայկյան» մրցանակաբաշխությունում «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդության հավաքի հաղթող է ճանաչվել:

«Ես հպարտորեն կարող եմ ասել` մենք վերադառնում ենք պոլիտեխնիկական լավագույն ավանդույթներին` պոլիտեխնիկը դառնում է ուսանողական շատ միջոցառումների, համահանրապետական միջոցառումների կազմակերպման տեղը: Բացի այդ` ապրիլյան քառօրյայի մասնակիցների հանդեպ թե՛ ուսխորհրդի, թե՛ դասախոսական կազմի կողմից առանձնակի հոգատարություն է ցուցաբերվում»,- ասաց Մարուխյանը:

Նրա խոսքով` ՀԱՊՀ-ի ավագ դպրոց-վարժարանը դարձել է իրենց բրենդներից մեկը, և տարեցտարի գրանցվել է դիմորդների թվի աճ: Մարուխյանը նշեց, որ վերջերս բուհի ավագ դպրոցի երեք սան մասնակցել է միջազգային մրցույթի և հաղթանակով` երկրորդ տեղով վերադարձել:

«Միջին մասնագիտական ծրագրերի առումով էլ նկատում ենք հավակնոտ ուշադրություն մեր քոլեջի նկատմամբ` ավելացել է քոլեջի դիմորդների թիվը: Ինչ վերաբերում է բակալավրի ծրագրերին, ապա անհանգստացնող է էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի բաժիններում դիմորդների հայտերի թիվը, մյուս կողմից` ուրախացնող է մեքենաշինականի հայտերի թիվը: Շատ ցցուն ձևով երևում է մեր բրենդային կառույցի` տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի ինստիտուտի դիմորդների մեծ թիվը` 556 դիմորդ, ինչը մեզ համար հաջողություն է»,- ասաց Մարուխյանը:

Խոսելով բուհի հեռակա ընդունելության մասին` նա նշեց, որ կատարել են բավարար թվով ընդունելություն, ավելին` մի քանի մասնաճյուղերում հեռակա ուսուցման համակարգում սովորողների թիվը սկսել էր գերազանցել առկայում սովորողների թվին:

Ինչ վերաբերում է բուհի մագիստրոսական կրթությանը, ապա բուհն ունեցել է 392 ուսանող, սակայն ատոմային էներգետիկայի ուղղությամբ շատ քիչ մագիստրոսներ են ունեցել:

«Վերջնական ամփոփելով` ասեմ, որ ավագ դպրոցների դիմածների թիվը 9.8 տոկոսով ավելացել է, միջին մասնագիտական ուսուցման դիմորդների թիվը` 50.7 տոկոսով: Մյուս կողմից` 42 տոկոսով նվազել է բակալավրում  առկա կրթական ծրագրով դիմորդների թիվը: Ուսանողական համակազմի առումով` 2017-2018-ը յուրաքանչյուր բուհի համար ամենացավոտ հարցերից մեկն է: 2018-ի նոյեմբերի 1-ի դրությամբ` մենք ունենք 7090 ուսանող` նախորդ տարվա համեմատ, 9.5 տոկոս նվազել է նրանց թիվը: Պոլիտեխնիկի պատմության մեջ սա երևի ամենափոքր թիվն է` ուսանողական համակազմի առումով»,- ասաց բուհի ռեկտորը:

Մարուխյանը հավելեց նաև, որ 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում անելիքները շատ-շատ են: