կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-03 15:42
Սպորտ

Ի՞նչ ակնկալել Պորտուգալիայի հետ խաղից

Ի՞նչ ակնկալել Պորտուգալիայի հետ խաղից

Հայաստանի ազգային հավաքականը գործնականում դուրս է մնացել Եվրո-2016-ի ընտրական փուլից, սակայն հավաքականի ամենալավատես երկրպագուները դեռևս շարունակում են հավատալ, որ 2016-ին ֆրանսիական մարզադաշտերում կծածանվի նաև հայոց եռագույնը:

Իհարկե, տեսականորեն մեր հավաքականը շանսեր ունի պայքարելու եզրափակիչ ուղեգրի համար, սակայն այդ պայքարի ճանապարհը կամ նույնիսկ ճանապարհի սկիզբը դեռևս խավարի մեջ է:
                                                                                   

                                                                   ***                                                                                        


Ո՞վ է Եդիգարյանին փոխարինողը

Մի քանի օր առաջ ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հրապարակեց այն ֆուտբոլիստների անունները, ովքեր պետք է նախապատրաստվեն Պորտուգալիայի հետ խաղին: Թերևս գլխավոր թեման, որը սկսեց մեծապես քննարկվել երկրպագուների և մասնագետների շրջանում, դա բելառուսական «Դինամո»-ում հանդես եկող Արթուր Եդիգարյանի բացակայությունն էր հայտացուցակից, ով վերջին խաղերում փայլուն մարզավիճակ է ձեռք բերել:

Դժվար է ասել` Եդիգարյանի բացակայությունը որքանո՞վ կապ ունի ՀՖՖ նախագահի այն հայտարարության հետ, թե հավաքականում տուրիստի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստներ կան, և այդ խնդիրները շուտով կկարգավորի հենց ինքը` ՀՖՖ նախագահը, բայց այն, որ հենակետայինի դիրքում ներկա պահին չունենք Եդիգարյանին արժանի փոխարինող, ով ունի անհրաժեշտ խաղային պրակտիկա, դա փաստ է:

Այս ամենի հետ թերևս համաձայն չէ միայն Սարգիս Հովսեփյանը, ով վերջերս լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Եդիգարյանի բացակայությունը, պատասխանել էր, որ կա ֆուտբոլիստ, ով հիմա նրա դիրքում ավելի լավ կարող է խաղալ: Այն դիտարկմանը, թե շատերի մոտ է զարմանք առաջացրել այդ փաստը, մարզիչն ասել էր. «Շատերի մոտ ո՞ւմ մոտ է զարմանք առաջացրել: Ովքե՞ր են այդ շատերը: Ես էլ գիտեմ, որ շատերի մոտ զարմանք չի առաջացրել: Պետք չէ ամպագոռգոռ բառեր օգտագործել: Կարևորը՝ իմ մոտ զարմանք չառաջացնի»: 

Իհարկե, մեր թիմի հաղթանակի դեպքում, խաղից հետո եթե ոչ բոլորը, ապա շատերը կմոռանան Եդիգարյանին չհրավիրելու մասին, հակառակ դեպքում` շատերն ավելի կշատանան, շատերի զարմանքն էլ, համաձայն կարգի, կմնա անփոփոխ:

Ի ՞նչ մարտավարություն կընտրի Հովսեփյանը

Շալանդը ազգային հավաքականի ղեկը ստանձնելուց հետո սկսեց կիրառել մեր թիմի համար խորթ` 5 պաշտպանով մարտավարությունը, որը, ինչպես հետագայում ցույց տվեց թիմի խաղը, ամբողջովին ձախողված մարտավարություն էր: Դեռևս Եվրո-2012-ի ընտրական փուլում, որը մեր հավաքականի պատմության մեջ լավագույնն էր, այդ ժամանակ Վարդան Մինասյանի գլխավորությամբ հանդես եկող Հայաստանի հավաքականը բաց հարձակվողական ֆուտբոլ էր խաղում: Հավաքականի փայլուն ելույթները Վարդան Մինասյանի գլխավորած շրջանում ոգևորվածության մեծ ալիքի էին նման: Ամեն դեպքում` հավանական է, որ նման մարտավարություն կկիրառի նաև Հովսեփյանը, իսկ թե մեր տղաների ոգևորվածությունն ինչպիսի՞ն կլինի, դա արդեն կտեսնենք խաղադաշտում:

Ի ՞նչ սպասենք Պորտուգալիայի հետ խաղից

Պորտուգալիայի հավաքականը, որում հանդես է գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, այդքան էլ սարսափելի մրցակից չէ, ինչում, կարծում եմ, համոզվել են նաև մեր ֆուտբոլիստները ընտրական այս փուլում Պորտուգալիայի հետ արտագնա խաղից հետո: Իհարկե, չպետք է մոռանալ, որ մրցակցի կազմում է հանդես գալիս ոսկե գնդակի եռակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, ով ցանկացած պահի կարող է տհաճ «անակնկալ» մատուցել մրցակցին: Այլ հարց է, թե որքանով են մեր ֆուտբոլիստները պատրաստ դիմակայել նրան և նրա թիմակիցներին:

Պորտուգալիայի հետ խաղից առաջ մեր առաջատար ֆուտբոլիստներից շատերը, ֆունկցիոնալ առումով, լավագույն մարզավիճակում չեն, չունեն խաղային անհրաժեշտ պրակտիկա, ինչն ավելի է բարդացնում Հովսեփյանի գործը: Իհարկե, Պորտուգալիայի նման հավաքականի դեմ խաղում հաջող հանդես գալու դեպքում մեր ֆուտբոլիստների համար ակումբային կարիերայում նոր ճանապարհներ կարող են բացվել: Դա թերևս լավագույն շարժառիթը կլինի հայ ֆուտբոլիստների համար` նման բարձրակարգ հավաքականի հետ խաղից առաջ համախմբվելու և վերջապես դրական արդյունքի հասնելու համար:

 

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ