կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-03 13:43
Հասարակություն

Սեզոնային ալերգիաների հիմքում ժառանգական նախատրամադրվածությունն է. բժիշկ

Սեզոնային ալերգիաների հիմքում ժառանգական նախատրամադրվածությունն է. բժիշկ

Ալերգոլոգ-իմունոլոգ Զարուհի Կալիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սեզոնային ալերգիաներին, դրանց առաջացման պատճառներին: Ըստ նրա` վերջին տարիներին, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այդ երևույթը շատացել է:

«Ալերգիան իմունային համակարգի պատասխանն է օտարածին գործոններին: Տվյալ դեպքում` խոսքը սեզոնային ալերգիայի մասին է: Այս դեպքում ալերգիան առաջանում է հիմնականում ծառերի, ծաղիկների փոշուց»,- նշեց բժիշկը:

Նա ասաց նաև, որ ալերգիան ուղեկցվում է հարբուխի տեսքով: «Առկա են լինում քթահոսություն, փռշտոցներ, հատկապես` առավոտյան ժամերին: Այս ժամին են լինում, քանի որ ծաղկափոշին հենց այդ ժամերին է կոնցենտրացվում: Սեզոնային ալերգիաներին ասում են նաև խոտային տենդ, պոլինոզ»,- ասաց Կալիկյանը:

Նա` որպես բժիշկ, շեշտեց, որ բոլոր հիվանդություններն էլ բուժվող են: «Պետք է հստակ իմանալ ալերգիայի պատճառը, իմանալ`ալերգենը որն է, որպեսզի նույն ալերգենով կատարել բուժում: Փոքր չափաբաժնով հարկավոր է ներարկում անել հիվանդին, և նա իմունիտետ է ունենում այդ ալերգենի նկատմամբ»,- բացատրեց բժիշկը:

Կալիկյանը նշեց նաև, որ ալերգիայի պատճառը մեր իմունային համակարգի ոչ ճիշտ գործունեությունն է: «Դա նրանից չէ, որ իմունիտետն ընկած է կամ էլ բարձր է: Սա խախտման արդյունք է: Դրա հիմքում ժառանգական նախատրամադրվածությունն է: Եթե երեխայի մեկ ծնողն ունի ալերգիկ հիվանդություն, 40 տոկոս հավանականությամբ երեխան էլ կարող է ժառանգել, իսկ երկու ծնողների դեպքում` այդ հավանականությունը դառնում է 70 տոկոս: Նշանակություն ունի նաև ապրելու վայրը»,- նշեց բժիշկը:

Նա ընդգծեց նաև, որ ամբողջ աշխարհի բնակչության 30 տոկոսն ունի ալերգիա, իսկ սեզոնայինը 15 տոկոս է կազմում:

Զարուհի Կալիկյանը խորհուրդ տվեց ալերգիայի հայտնաբերման դեպքում անմիջապես դիմել բժշկի և ինքնագործունեություն չծավալել: Նա նշեց նաև, որ ալերգիկներին խորհորդ է տրվում սեզոնային ալերգիաների ժամանակ հնարավորինս քիչ դուրս գալ, իսկ դուրս գալու դեպքում էլ, անպայման ակնոց կրել: