ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 15-ին ընդունեց միջմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների։
Նրանք իրենց մտահոգությունները ներկայացրին ավտոկայարանների վիճակի, վերջնականգառների, չվացուցակների պահպանման և այլ խնդիրների շուրջ։
Մի շարք հարցերի տեղում պարզաբանումներ տրվեցին ։ Օրինակ, Երևանից Գեղարդ ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպության ղեկավարը նշեց, որ այդ ուղղությամբ հնարավոր չէ ձմռան ամիսներին սպասարկում իրականացնել ըստ սահմանված չվացուցակի, քանի որ որոշակի ժամերի ուղևոր ընդհանրապես չի լինում։ Ամռանն էլ ուղևորահոսքն այնքան մեծ է, որ լրացուցիչ ուղերթների անհրաժեշտություն է լինում։
Որպես խնդրի լուծում՝ առաջարկվեց կիրառել սեզոնային չվացուցակի տարբերակը, ինչին համաձայնություն տրվեց։
Փոխադրողը նաև իր գոհունակությունը հայտնեց Ողջաբերդի հատվածում ճանապարհի բարեկարգման առնչությամբ։
Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, որ այդ ճանապարհը ներառվել է հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհների ցանկում և այսուհետ մշտապես բարեկարգ կլինի։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Միասնական երթուղային ցանց ստեղծելու ծրագրին։ Ներկայացվեցին նախարարության մոտեցումները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի ուղևորափոխադրողները ևս նախագծի և բարձրացված խնդիրների վերաբերյալ իրենց առաջարկությունները գրավոր ներկայացնեն նախարարության համապատասխան վարչությանը և սերտ կապի մեջ լինեն վարչության աշխատակիցների հետ, ցանկացած խնդիր տեղում ներկայացնելու և պարզաբանում ստանալու համար։
ՀՀ Կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարության մամուլի ծառայություն