կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-03 00:47
Առանց Կատեգորիա

ՑՈՒԼԸ. Ռոլանդ Շառոյան

ՑՈՒԼԸ. Ռոլանդ Շառոյան

 

...Արևը մտել էր Դավոյի գլուխն ու այրում էր: Նրա համար վերջին խուրձը շատ ծանր էր: Մանգաղի կեռը դժվարությամբ դուրս քաշեց խուր-ձի միջից, թևքով սրբեց ճակատը, վերնաշապկի ճոթով չորացրեց քրտնած ափն ու զգույշ իջավ աստիճանով: Շեկոն բարձր բառաչեց: Դավոն մանգաղը գցեց գետնախնձորի թփերի մեջ ու մտավ գոմ:

«Տեսնենք` ի՞նչ ես ծնելու»:

Հավերի ջրամանը շուռ էր եկել: Ջուրը լցվել էր Շեկոյի պճեղների մեջ ու պճպճում էր: Վերցրեց ցախավելը: Գաղջ օդը հասավ թոքերին, և նա միանգամից արտաշնչեց: Շեկոն գլուխը վերուվար էր անում:

Վզի շղթան կպչում էր մսուրի վերին տախտակին ու չոր ձայն էր հանում: Ցախավելը քսվում էր սալաքարերին ու չոր ձայն հանում:

Շեկոն պոչը տարուբերում էր, խփում քամակին` մեկ աջ, մեկ ձախ ու չոր ձայն էր հանում:

Գաղջ օդը նորից լցվեց Դավոյի թոքերը:

Նա հազաց կտրուկ, ու կոկորդից չոր ձայն դուրս եկավ:

Թխսկան հավը կչկչում էր:

– Զահրումա՛ր, էդքան որ ես ճղճղայի, հիմի մի տղա էի բերել:

Թխսկան հավը կչկչում էր:

Դավոն շոյեց Շեկոյի ճակատը: Մի քիստ խրձից պոկվել, խրվել էր բա-րակ գուլպայի մեջ ու ծակծկում էր թաթը: Նա թուքը կուլ տվեց, ադամախն-ձորն առաջ եկավ ու ընկավ ցած: Շեկոյի բերանը փրփրել էր, ու երիզից շողիք էր կաթում: Դավոն դուրս եկավ գոմից: Դուռը ճռճռոցով փակվեց: Ծխնիները թույլ ճռռացին: Քիստն էլի ծակեց Դավոյի ոտքը: Նա կռացավ, որ հանի: Ցախի մի շեղջ մտել էր ոլոքների մեջ ու փայտոջիլի նման փո-րում էր. ուր որ է կծակի: Բացօթյա մակաղած գառների որոճը չթողեց, որ Դավոն լսի ոսկորների ճարճատյունը: Նա թուքը կլլեց, ելավ քողտիկից, մի քանի քայլ արեց, շուռ եկավ, լուցկին հանեց գրպանից ու վառեց կռճո-նի չորացած կիտուկը: Շուտով կրակը բոցկլտաց, խաղաց այտերի վրա ու վառվեց նրա աչքերի մեջ: Աղացած ծոթրինի հոտ առավ: Ոսկորներում ցավը դնդնում էր: Թութունի քսակը հանեց ու սկսեց ջղարա փաթաթել: «Մենակ մարդու օրը երկար է»:

Դավոն քայլեց դեպի տան դուռը: Բոստանում կուչ եկած ճպռոտ աչքե-րով շունը լուռ լսում էր մեղուների բզզոցը:

– Դու էլ ես սոված, չէ՞, Չալո,– Չալոն գլուխը թափ տվեց, և լեզուն կախ ընկավ:

Գետնախնձորի թփերի տակ մլավում էին էգ կատուներն ու ձագերին գլորում փորի վրա:

Դավոն կթղան ջրով լիքը դրեց կողքը, դեղնած վարտիքի փողքերի կապն արձակեց ու լռելյայն ոտքերը քաշեց վերմակի տակ:

– Է, օ՛, օ՛, օ՛,– հորանջեց նա:

Գիշերն անլուսին էր ու քանի գնում սևանում էր` սև, ինչպես մոխիրը, ինչպես Շողիկի աչքերը և Ղուկասի սև թուղթը: Դավոն չէր լսում հեռվից եկող գորտերի կռկռոցը, որձ կատուների սիրվրտոցն ու խոտերի մեջ սրթսրթացող մորեխների ճռինչը: Դավոն նայում էր ուղիղ կատաղած ցու-լի աչքերին: Ցուլը ոռնաց ու հարձակվեց նրա վրա: Դավոն հաստ մահա-կը երկու ձեռքով ամուր բռնեց ու ամբողջ ուժով խփեց ցուլի ճակատին: Ցուլը գլուխը վեր հանեց ու մռնչաց:

– Դավո՛,  փախի՜ր,– գոռաց ֆերմայի վարիչը:

Դավոն կես շրջան արեց ու անցավ ցուլի ետևը: Նրա աչքերը խաղում էին ակնախորշերում:

«Ցո՜ւլ, դու ուժե՜ղ ես, բայց խելոք չես, քո վերջը ե՜զն է, ցո՛ւլ, դու պիտի աշխատես»:

Ցուլը կարծես հասկացավ մարդուն և մտածելու ժամանակ չտվեց: Դավոն հանկարծակիի եկավ ու մեջքանց վազեց: Հետո նա զգաց, որ հե-ռավորությունը կրճատվեց, որովհետև ցուլը գլուխը կախեց, և սուր կոտոշ-ները Դավոյի աչքերում խաղացին:

«Կջարդե՜մ: Երկո՜ւսն էլ, որովհետև չեմ կարող չջարդել,– մտածեց նա:– Սա կա՜մ վերջն է, կա՜մ սկիզբը, բայց, ցո՜ւլ, դու պիտի՜ աշխատես»:

– Դավո՛, քո տո՜ւնը չքանդվի, էս ի՞նչ ես անում,– նորից գոռաց ֆերմա-յի վարիչը:

Դավոն զգաց, թե ինչպես հաստ մահակը դարձավ իր ձեռքերի շարու-նակությունը: Նա թեքվեց կողքի, մահակը պարզեց վեր, ինչքան կարող էր, ու մի ծանր հարված իջավ ցուլի կոտոշին: Ցուլը ոռնաց ու գլուխը թոթ-վեց: Դավոն տեսավ, թե ինչպես կոտոշը կախվեց ցուլի ճակատին, և ա-րյան հոտ առավ: Նա օղապարանը հանեց ուսից, օղակը գցեց գետին ու ետ-ետ գնաց: Ցուլը առջևի ոտքերով մտավ օղակի մեջ: Դավոյի աչքերը հաղթականորեն փայլեցին: Նա ուժեղ ձգեց պարանը և մեջքով պառկեց գետնին: Ցուլը փնչաց ու կոտոշով փորեց հողը: Նրա աչքերը արյունոտ էին: Դավոն կոշիկի ճիտքից հանեց երկաթալարը, խրեց ցուլի քթանցքն ու ռունգին օղ արեց:

– Քոլո՜, ե՜զ,– գոռաց Դավոն,– գնա եզի պես խո՜տ կրի: Մարդու ձեռքից աստված չպրծավ:

– Դավո, դու եզի ուժ ունես,– ֆերմայի վարիչի լեզուն բացվեց:

– Սփրթնել ես, քեռի՜ Ղազար,– պառկած տեղից խոսեց Դավոն:

– Ախր ես ամեն ինչ տեսնում էի, վայրենի՜:

Քոլոն ֆսսում էր ու ետևի սմբակներով փորում հողը: Դավոն ծնկները բլրեց ու խոր շունչ քաշեց:

...Ադամամութին արթնացավ քեռի Դավոն: Ոլոքներում դեռ ցավը դնդ-նում էր: Լծի նման ծանր բան կար նրա ուսերին:

Քողտիկի կղմինդրից եղանը իջեցրեց: Կիսաբաց միջնորմին հենած հինավուրց սայլի ցռուկը Դավոյի աչքին կարճահասակ ու պեպենոտ մարդ թվաց: Ոչխարների կեսը դեռ մակաղած էր: Լույսի մի քանի շող ցոլաց մութ ամպերի միջով, և Դավոն աչքերը ճպեց:

Լուսավոր օր էր,– խոսեց նա:

Քեռի՜ Դավո, բարի լույս:

Հա՛,– շուռ եկավ,– եկա՞ր, Վազգեն, Աստծու բարին: Չվանն էլ բերե՞լ ես: Կրակ տեղ է, ոչ ավտո կմտնի, ոչ սայլ:

Նրանք անընդհատ գնում էին ոտնաչափ արահետով ու ետ գալիս...

Մի պահ մութուլույս եղավ: Հետո սպիտակ լույսի մի խուրձ բռնկվեց երկնքում, և դեղին ճտի նման նորելուկ արևը մտավ ամեն ծակուծուկ: Ետևից ընթացող Վազգենը տեսավ, թե ինչպես Դավոյի գլուխը խրվեց արևի մեջ և ինչպես արևի շողերը լուսավորեցին նրա աչքերի կանաչ հե-ռուն...

Պարանի ծայրը խոր կախվել էր Դավոյի մեջքն ի վար և ոտքերի ա-րանքում տարուբերվում էր:

Դավոն զգաց, որ անութներում մրջյունի նման վազում է քրտինքը: Նա կույրի զգուշությամբ ելավ աստիճանները: Արևն ավելի մոտեցավ Դավոյի գլխին: Անութներում ջերմությունը մեծանում էր: Նա քորեց գլուխն ու թևատակը և սկսեց մանգաղի կեռը խրել մեկ այս խրձի մեջ, կամ այն, մեկ այս, մեկ այն, մեկ այս...

Քեռի Դավոն սև, հաստ խավաթղթի կտորը դրեց դեզի գլխին, մի մեծ քար էլ` վրան: Լինում է այնպես, որ աշնան անձրևներից ամբողջ դեզը մամռում-փտում է, և անասունը բերանն էլ չի մոտեցնում: Ստիպված պիտի եղած-չեղած փողն էլ տաս, եկող տարվա համար էլ բուրդ, միս, մեղր ու պանիր խոստանաս, որ մի ձմռան կեր ճարես: Դավոն ստուգեց խավաթղթի ամրությունը: Միջօրեի շոգից տաքացել էին դեզի կողերը, և նրա ճակատից քրտինք էր թորվում:

«Զուլում շոգ է, ձմեռը ցուրտ է լինելու»,– մտածեց Դավոն ու թևքով սրբեց ճակատը:

Աստիճանը իջնելիս ոտքը գայթեց: Այս ամենը նրան անսովոր թվաց: Նա ամուր բռնեց վերևի հենակից:

– Ի՞նչ քոռացար, ա՜յ ոտք:

– . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

– Իա՛:

Դավոն էլի գայթեց:

Նա զգույշ ոտքը գրեց հողին, հետո մյուսը:

– Բա մի անձրև չգա՞ր:

Կապույտ ու ճերմակ ամպերը դանդաղ լողալով պատկերափոխվում էին: Սպիտակ ցուլի գլուխը պոկվեց մարմնից ու խոնարհ եզ դարձավ, իսկ ոտքերը` փոշի: Մի շուն` Չալոյի նման, ճլորել էր Դավոյի դիմաց: Մի մերկ աղջիկ գլորվում էր ձների վրայով: Նա ձնագունդ դարձավ: Աշխարհագ-րության ուսուցչուհու պրոֆիլը Նեղոս գետի նման երկարեց, իսկ արծա-թափայլ ձուկը, որ նրա աչքն էր, հանդարտ լողալով փշրվեց: Թխսկան հավը պայթեց, և կաթնագույն ճտերը ծղրտացին: Շեկոյի չալ ճակատը փն-տրում էր տիրոջը:

«Վերջին շոգն է»,– ինքն իրեն ասաց Դավոն և համոզվելու համար վեր նայեց, բակի դուռը փակեց ու դուրս ելավ փողոց:

– Էս տունը Սամոյինն է,– ինքն իրեն ասաց նա ու քայլեց:– Էս էլ Սոսեինը:– Քայլեց:– Էս էլ Արմոյինը:– Դանդաղ քայլեց:– Էս էլ Սաքոյինը, էս կողքինն էլ Ավոյինն է: Էս էլ Միրոյի տունն է:

Չգիտես որտեղից մի զով քամի փչեց Դավոյի դեմքին, ու նա սկսեց արագ քայլել: Երկնակամարը կապույտ ճոճք կապեց լեռներին: Բարձունքներում ճախրող թռչունները երկարացման նշաններ էին գրում ամպերի վրա: Դավոյի մեղուները բզզում էին ուսանողների օրագրերում: Դավոն աշնան հոտ առավ: Աշունը կրնկի վրա էր: Մի տաք աշուն կա գյուղում, գոլ-գոլ բացվող առավոտներ, որ մի քիչ ամռան կրակ ունեն իրենց մեջ ու մի քիչ էլ աշնան նորելուկ ցուրտ: Քամին հանկարծ գվվոցով բռնկվում է ինչ-որ տեղից, մեղուների թրթռացող թևիկների վրայով մտնում դեզերի կողերի մեջ, սուլում տների կղմինդրներում, Դավոյի ականջներում, խաղում Մարիամի թոնրատան շուրջը, ֆերմայի կանանց փեշերի, կոլխոզի հաշվետարի թվերի, Վազգենի մազերի ու Շողիկի աչքերի հետ: Նորելուկ քամին սարից քշում է ֆերմայի կանանց ու տղամարդկանց և ամբարում կոլտնտեսության նախագահի աշխատասեղանի առջև: Կարմիր-կապույտ մի գնդակ թռչում է փոքրիկ Դավթի ձեռնափերից ու ելնում դեպի բարձունքները: Դավիթը քամին փաթաթում էր թևերին, սավառնակ էր դառնում, փոշի հանելով սուրում կապույտ ու ճերմակ ամպերի միջով, իսկ երբ թևերն էր թափահարում, աշխարհում փոթորիկ էր սկսվում...

 

Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ