Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
- 2014 թվականը, կարծես, 2013-ի շարունակությունն է դառնում: Անընդhատ կորուստներ ենք ունենում: Անցած տարվա սկզբին հրաժեշտ տվեցինք Հովհաննես Գրիգորյանին, հետո`Վաչե Եփրեմյանին, Մարգո Ղուկասյանին, Վրեժ Իսրայելյանին, Մարկ Սաղաթելյանին , Լևոն Անանյանին, Հրաչյա Բեյլերյանին, Ազատ Գասպարյանին, Սոս Սարգսյանին... Ցուցակը կարելի է շարունակել, բայց այս տարին էլ դեռ չսկսված` նորից կորուստներ` Ջիմ Թորոսյան, Նորայր Կարգանյան, Լևոն Խեչոյան, Արմեն Մազմանյան, Արամ Ղարաբեկյան... Մտավորականների հունձով է սկսվել տարին: Որակյալ տեսակը, կարծես, իրար հերթ չտալով, մեզանից հեռանում է...
- Չեմ ուզում հավատալ, որ դա Աստծո ընտրությունն է, չգիտեմ... Միգուցե սատանայի ակտիվությունն է ավելի, քան Աստծո բարեհաճությունը: Ճիշտ մտածողների կորուստ ենք տալիս, սխալ, շեղված մտածողության կրողները ավելի առաջնային են դառնում: Այդ ազատ մտածողության կրողների կորուստը կարող է մեծ անդունդ առաջացնել հասարակության մեջ: Չգիտեմ, գուցե այս ամենը նախանշան է, որ մենք սխալ ենք ապրում, գուցե զգուշացում է...
- Հասարակության մեջ շփոթ կա, անզորություն: Մի մասը երկրից է հեռանում, մյուս մասն էլ, հատկապես` նոր մտածողություն ձևավորող մասը, հեռանում է մեզանից:
- Խնդիրն այն է, որ էս դժվար կյանքի մեղավորներին մեր ներսում փնտրողները հեռանում են' արտագաղթում, մահանում, սպանվում, զոհվում: Մեր կյանքի ստուգողականն է, որ հեռանում է, և հանկարծ, այս համատարած անուշադրության ասեմ, թե՞ անտարբերության մեջ, շատերը, կորցնելով մարդկային նկարագիրը, նախընտրում են դառնալ գործիք:
- Դառնա՞լ, թե՞ դարձնում են գործիք:
- Որ ասում եմ «հանկարծ», դա այն «հանկարծը» չէ, որ վերցրեցին ու դարձրեցին: «Հանկարծը» դա սխալ մտածողությունն է, այդ մտածողության ազատությունն ու ազգային գաղափարախոսությունն է, որի դեմ շատ շատերը խոսում են ու խոսում: Ես ընդհանրապես դեմ եմ ներքին թշնամի ստեղծելու գաղափարին, բայց տես, թե ի՞նչ է կատարվում: Անընդհատ ներքին թշնամի ենք փնտրում: Ոչ մի ազգ այդքան այդ փնտրտուքի մեջ չէ, որքան մենք: Առաջին ցեղասպանությունը կրող ժողովուրդն ենք, հետո նույնը եղավ հրեաների հետ, բայց երբ կարդում ես հրեաների հուշերը, հրեա գրողների ստեղծագործությունները, պատմությունը, տեսնում ես, որ նրանք երբեք ներքին թշնամի չեն ստեղծել, իսկ մենք անընդհատ ներքին թշնամի ենք ստեղծում` Չարենցից, Բակունցից, մյուս նահատակներից սկսած` մինչ օրս, հետո սկսում ենք պայքարել, ոչնչացնել, արդարացնել , վերջում' մեծարել... Հիմա էլ` մարդը մի բան է ասում, վերցնում են բառը, կտրում ընդհանուր կոնտեքստից և սկսում են քարկոծել: Շատ ենք Աստվածաշնչյան «դու ասացիր»-ը օգտագործում, զարգացնում, բայց չենք ուզում հասկանալ, որ դա ասված է չանելու համար, չփնտրելու համար, ներքին թշնամի չստեղծելու համար: Այնքան կուսակցություններից, մտավորականներից, մարդկանցից ներքին թշնամի ստեղծեցինք, որ էլ ներսում բան չմնաց, և ներքին թշնամու փնտրտուքում ատելության վերջին հանգրվանը վերածվեց հայրենիքի հանդեպ ատելության:
- Բայց երբ մարդն իր իսկ Հայրենիքում իրեն լիարժեք մարդ չի զգում, ի՞նչ անի:
- Հենց դա եմ ասում, որ մարդու հետ այդպես չի կարելի վարվել: Մարդը շատ նուրբ էակ է և առաջին հերթին իր կեցության մասին է մտածում: Շատ դեպքերում մարդիկ չեն էլ հասկանում, որ իրենց անզորությունը օգտագործվում է` հենց իրենց գործիք դարձնելու համար: Ես էլ այսօր առավոտյան մտածում էի, որ երբ Ամանորի օրով լույս չունես, ջուր չունես, այդ պահին դու վերածվում ես ինդիկատորի, որ լույսը ստուգես, աքցանի, որ խողովակները վերանորոգես, ու դու չես զգում, որ այդ պահին դու էլ ես դառնում գործիք, թեկուզ` կենցաղային իմաստով, բայց էլի' գործիք:
- Ինչո՞ւ այդպես եղավ:
- Երբ քո մշակութային ժառանգությունը չես ծառայեցնում քո առաջխաղացմանը` որպես քո ապագան կերտող միջոց, և այդ ժառանգությունը պարզապես մսխում ես, տուրք ես տալիս փողին, ուտելիքին, բնական է, որ պետք է հայտնվեինք այս վիճակում: Ասում եք` արտագաղթ, ի՞նչ է, խորհրդային կամ Արցախյան պատերազմի տարիներին արտագաղթը չկա՞ր, կար, բայց մեր օրերի արտագաղթը առաջին հերթին, վարպետի ասած` ոգու սովի արդյունք է, և որքան այդ ոգու սովը ահագնանում է, այնքան արտագաղթը կշատանա:
- Միայն դա է՞ պատճառը:
- Ոչ, երկրորդն էլ կա', սոցիալական արդարության չգոյությունը, այդ երկուսն իրար հետ շաղկապված են: Մեզ մոտ մարդը պաշտպանված չէ, մարդը հայտնվել է աղքատության մեջ: Խորհրդային տարիներին ձեռք բերած իր ողջ կարողությունը ծախսել է, սնվել, որ չմեռնի, կռվել հարազատ արյունը պաշտպանելու համար, հաղթել, տվել է զոհեր, թաղել, ոմանք մնացել են անթաղ, դարձել անհետ կորած, մեռնելով դիմացել է, բայց այսօր հեռանում, ավելի ճիշտ' փախչում է երկրից: Սոցիալական արդարության չգոյության պայմաններում արտագաղթ չի լինում, դա փախուստ է, փախուստ' մահից: Հերոսական անցյալ ունեցող մարդը չի ուզում այդ պայմաններում մահանալ, նա փախչում է մահվան ճիրաններից, և այդ փախչելու պայմանը աղքատության մեջ չմեռնելն է: Մարդը ուզում է ապրի, և այդ փախուստը զուտ խարսխված է սոցիալական անարդարության վրա:
- Մարդն ընտրում է իշխանություն, հետո այդ իշխանության ստեղծած պայմաններից փախչում է:
- Ի տարբերություն ուրիշ երկրների, մեզ մոտ հնարավոր է` ժողովրդին խաբելով ընտրություն կատարել, գնելով ընտրություն կազմակերպել, բայց մի բան պետք հասկանանք, որ չի կարելի Աստծու կողմից քեզ տրված կյանքը կարգավորել առևտրի միջոցով: Այդ տիպի ընտրությունները ձախողված են:
- Ընտրությունները՞, թե՞ այդ ձևով ընտրված իշխանությունները:
- Բնական է, եթե ընտրությունները ձախողված են, ուրեմն իշխանություններն էլ ձախողված կլինեն, որովհետև ուժով, խաբեությամբ չի կարելի ընտրության տանել ժողովրդին: Պետք չէ դուռը փակել, մի բան որոշել, դուրս գալ փակ սենյակից` այլ բան ասել: Միայն ճիգ գործադրելով` չի կարելի քաղաքականություն իրականացնել, սխալները շատ կլինեն: Պետք չի լղոզված ինչ-որ ոսկեղենիկ ծրագրեր բերել, դեմ տալ ժողովրդին ու հետո հակառակն անել: Պետք է հաղթի գաղափարը, ծրագիրը, իրատեսական ծրագիրը, այն ծրագիրը, որ դու կարող ես իրականացնել: Օրինակ` ես դեմ չեմ այս կուտակային կենսաթոշակային ծրագրի քաղաքականությանը, բայց դրա մարտավարությանն ու ժամանակացույցին եմ դեմ, ինչո՞ւ, որովհետև չի կարելի անհայտության մեջ ձևավորել մի ապագա, անվանել այն «երջանիկ ապագա» և այսօրվա ստացած 50-60-70 000 դրամանոց աշխատավարձից տանել 5000-7000 դրամ, որ այդ երիտասարդը 30 տարի հետո թոշակ ստանա, այն դեպքում, երբ չգիտես` այդ նույն երիտասարդը այսպիսի սոցիալական անարդարության պայմաններում կկարողանա՞, կշարունակի՞ ապրել այս երկրում, թե՞ ինքն էլ կնախընտրի ձեռքը վերցնել գաղթականի ցուպը: Դու պայմաններ չես ստեղծում այս պահին ապրելու համար, բայց շտապում ես կարգավորել երեսուն տարի հետո նրա ապրելու պայմանները: Սա լուրջ չէ, լուրջ մոտեցում չէ: Ընդհանրապես, բոլոր ոլորտներում` լինի առողջապահական, սոցիալական կամ այլ, անհասկանալի իրավիճակ է: Ես, օրինակ, չեմ հասկանում, այդքան ներդրումներ են եղել առողջապահական ոլորտում, ինչո՞ւ պետք է մենք մեր գրողներին, մտավորականներին, հասարակ քաղաքացիներին տանենք` գերմանիաներում ու իսրայելներում բուժենք: Ի՞նչ եղան, որտե՞ղ մսխվեցին այդ ներդրումները, և ինչո՞ւ հիմա մենք պետք է վստահենք, որ այս գումարները, որ հավաքվելու են երեսուն տարի հետոյի համար, ևս չեն մսխվելու: Այստեղ նաև վստահության չափաբաժնի պակասն է, որ կասկած է առաջացնում: Երկիրը ղեկավարելու էդ ճանապարհային քարտեզը ճիշտ չի գծած:
-Ասում ենք` ճիշտ չի, ճիշտ չի, բողոքում ենք, բայց ոչինչ չի փոխվում: Արդյունքը աչքներիս առաջ է, որքան էլ իշխանությունը չի ուզում տեսնել այս վիճակը, որքան էլ փորձում է համոզել, թե գնացողները ետ են գալու, կամ արտագաղթ, որպես այդպիսին, չկա, միևնույն է, երկիրը դատարկվում է: Ելքը ո՞րն է:
-Ելքը, պետք է ձևավորվի միմիայն ընտրությունով, արդեն ասացի' Աստծո կողմից տրված կյանքը առևտրով չի կարող կարգավորվել: Ընտրությունները հերթական կլինեն, թե` արտահերթ, կարևոր չէ, կարևորը, որ մեզ մոտ էլ քաղաքակիրթ ձևով ընթանա փոփոխությունը: Հեղափոխական ճանապարհով իշխանություն փոխելն ինձ համար ոչ թե անընդունելի է, այլ եթե ելքն է, կարելի է, բայց արյան գնով իշխանություն փոխելը ճիշտ չէ: Այս երկրում մենք մեզ հետ այդպես չպետք է վարվենք: Ապրել է պետք: Եթե մենք մահվանից չենք վախենում, չի նշանակում, որ պետք է մեզ սպանենք:
Հարցազրույցը' Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ