| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թշնամու դիրքերից արձակած փամփուշտը մահացու վիրավորում է զինվորին, որը խաղաղ պայմաններում ճանաչված գրող էր: Ընդամենը տասնհինգ րոպե է բաժանում նրա երկնային կյանքը երկրայինից: Այդ տասնհինգ րոպեների ընթացքում նրա հետևից գալիս են հրեշտակ-այլմոլորակայինները, որոնք ամեն կերպ փորձում են խորհուրդներ տալ, օգնություն ցուցաբերել: Նրա՝ հետզհետե խամրող գիտակցության մեջ միմյանց են հաջորդում անցյալի, ներկայի և ապագայի տարօրինակ տեսիլքները, և տասնհինգ րոպե անց Փուշը (այդպես են անվանում հերոսին) մեռնում է կրակոցից:
Սա ռեժիսոր Սուրեն Բաբայանի՝ «Փուշը» ֆիլմի համառոտ նկարագրությունն է: Ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր. խաղարկային» անվանակարգում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բաբայանը տեղեկացրեց, որ ֆիլմը նկարահանվել է Լևոն Խեչոյանի պատմվածքի հիման վրա:
Ֆիլմի գլխավոր դերակատարը Ժան Պիեռ Նշանյանն է: Նա էլ նշեց, որ, չնայած իր համար կյանքում հեշտ ոչինչ չկա, բայց Բաբայանի հետ աշխատելն, իրոք, հեշտ է ստացվել:
«Սուրեն Բաբայանի հետ աշխատելիս կարծես հոգեվարքի մեջ լինես: Սուրենն իմ ընկերն է, մենք կես բառից էլ հասկանում ենք` ինչ ենք ուզում ստանալ: Լուրջ ասելիքով գործը հնարավոր չէ հեշտ ներկայացնել»,- ասաց Նշանյանը:
Ի դեպ, Բաբայանը պատրաստվում է նոր ֆիլմ` եռագրություն կյանքի կոչել, որի սցենարը կրկին Խեչոյանի գործերի հիման վրա կլինի: