Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ցանկացած պաշտոնյայի ընտանիքի անդամ պետք է գիտակցի, որ պաշտոնը տրված է ոչ թե վայելքի, այլ պատասխանատվության համար»,- անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործին` ասել է ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նաև հավելել է, որ չի ցանկանում քաղաքականացնել մի հարց, որն իրավական է, և որով զբաղվում է անկախ դատական համակարգը:
Շարմազանովի մտքերը, որքան էլ աքսիոմատիկ ճշմարտություն թվան, իրականում այնքան ստանդարտ, նույնիսկ շաբլոնային են, որ հանգիստ կարելի է դրանք «տեղայնացնել» ցանկացած գործի: Սակայն անգամ այդ դեպքում Լիսկայի որդու գործի շրջանակներում նման գաղափարների արտահայտումը ավելին չէ, քան սովորական փարիսեցիությունը: Խնդիրն այն է, որ որևէ մեկը Շարմազանովին (իմա՝ ՀՀԿ-ին) չի խնդրում վերաբերմունք հայտնել միջադեպի և Լիսկայի որդու գործողությունների կամ անգործության իրավաչափության մասին:
Նախ` Շարմազանովն ինքը ո'չ ծեծողների թվում է եղել, ո'չ էլ` ծեծվողների, երկրորդ՝ գործը, անկախ վարույթի իրականացման որակից, գտնվում է նախաքննության փուլում: Բայց դա ոչ մի ձևով չի փոխում այն իրողությունը, որ քրեական գործի շրջանակներում հարկադիր բերման ենթարկելու որոշում է կայացվել մի անձնավորության վերաբերյալ, ով ոչ միայն մի ամբողջ մարզ ղեկավարող անձի, իշխող կուսակցության ներկայացուցչի ընտանիքի անդամ է, այլև մինչ այդ անցել է մի քանի աղմկահարույց քրեական պատմություններով ու շարունակում է նույն լկտիությամբ ու ցինիզմով տեռորի ենթարկել ամբողջ Գորիսը: Իսկ սա, ուզում է Շարմազանովը բարձրաձայն խոստովանել, թե` ոչ, ակնհայտորեն առնչվում է ՀՀԿ-ին, այն էլ՝ երկու կողմով:
Նախ՝ նախաքննության մեջ ներգրավվելուց և հանցագործության բացահայտմանը նպաստելուց խուսափող «անորսալու» հայրը Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվել է ՀՀԿ-ի նախագահի քաղաքական որոշմամբ և վարչապետի ստորագրությամբ: Ճիշտ է, Զաքարյան եղբայրներին մարզպետն անձամբ չի ծեծել, (չնայած ունեցած նման սովորությանը), և անձամբ պատասխանատվություն չի կրում այդ միջադեպի համար, սակայն, իբրև պետական բարձրաստիճան պաշտոնյա, հանրային անձնավորություն, բարոյական պատասխանատվություն է կրում սեփական որդու դաստիարակության, վարքագծի և բոլոր գործողությունների համար՝ անկախ նրանից՝ որքանով է գիտակցում իր այդ պատասխանատվությունը:
Երկրորդ՝ դեռ 2010թ. նախագահ Սերժ Սարգսյանը հենց ՀՀԿ-ի 20-ամյակի կապակցությամբ անցկացված հանդսավոր նիստի ժամանակ թերևս առաջին հերթին հատուկ անհասկացողների համար հայտարարեց. «Իր արածի ու չարածի համար պատասխանատու է մեզնից յուրաքանչյուրը՝ յուրաքանչյուր հանրապետական: Պատասխանատու է ոչ միայն կուսակցության, այլև երկրի առջև: Ավելի՛ն, պատասխանատու է ոչ միայն սեփական վարքի, այլև իր ենթակաների, նաև՝ իր ընտանիքի անդամների վարքի համար: Մեր այն գործընկերները, ում ժողովուրդը վստահել է իր խնդիրների լուծումը, իսկ կուսակիցները վստահել են սեփական բարի համբավն ու արժանապատվությունը, նրանք, ովքեր պաշտոն են ստանձնել, պատասխանատու են հարյուրապատիկ»: Այս հայտարարությամբ ոչ միայն, ի թիվս այլոց, Սուրիկ Խաչատրյանի վրա էր դրվում սեփական զավակին սանձահարելու պարտականություն, այլև ՀՀԿ-ին էր դնում իր անդամների և նրանց ընտանիքի անդամների վարքագծի համար կոնկրետ պատասխանատվության, պարտավորության տակ: Այլ կերպ ասած՝ նման խնդիրները, առավել ևս, երբ դրանք առնչվում են քրեական հանցագործություններին, ոչ թե լրագրողներն են քաղաքականացրել, այլ ՀՀԿ-ի նախագահը` ինքը, ընդ որում՝ թե' իմաստային և թե' լոզունգային առումով՝ լիովին արդարացված: Հետևաբար, տվյալ դեպքում խնդիրը ոչ թե այն է, թե ինչպիսի բառախաղերի միջոցով է Շարմազանովը կարողանում դուրս պրծնել հարցադրումների տակից, այլ այն, թե ՀՀԿ-ն իրեն բարոյական և քաղաքական առումով պարտավորված համարո՞ւմ է ՀՀԿ-ականների, այդ թվում` նաև Սուրիկ Խաչատրյանի և նրանց ընտանիքի անդամների գործողությունների համար, թե՞ ոչ:
Ի վերջո, ՀՀԿ-ականները դեռ ուժի մեջ համարո՞ւմ են իրենց լիդերի «հանձնարարականը», թե՞ այն տրվել էր` զուտ պահի խնդիր լուծելու համար և արդեն կորցրել է վաղեմության ժամկետը: Եթե` այո, ապա ինչո՞ւ այս անձնավորության և նրա ընտանիքի՝ արդեն բոլորին ծայրահեղ նյարդայնության հասցրած վարքագիծը գոնե ներկուսակցական մակարդակով չի դառնում քննարկման առարկա: Ինչո՞ւ երբ նախագահը արտաքին հարթակներում խոսում է պրագմատիկ շահերի փոխարեն արժեքներով առաջնորդվելու անհրաժեշտության մասին, այդ սկզբունքն առաջին հերթին չի կիրառում սեփական թիմում: Եթե ՀՀԿ-ն, համարում է, որ հնգամյա վաղեմության այս իմպերատիվ կոչը բարոյաքաղաքական ուժ ունի իր համար, ապա առաջին քայլը, որ պետք է աներ, պահանջելն էր Սուրիկ Խաչատրյանից՝ իրավապահներին հանձնել իր որդուն՝ նախաքննության բնականոն ընթացքն ապահովելու համար: Եվ եթե նա չէր ենթարկվի կուսակցության ներքին այդ հրահանգին, ապա արդեն ՀՀԿ-ի խղճին և սկզբունքայնությանը կմնար թե' կուսակցությունում, թե' մարզպետի պաշտոնում Լիսկայի թողնել-չթողնելու հարցը: Որովհետև եթե Լիսկային առանձնապես չի հետաքրքրում, թե ինքն ու իր գերդաստանի անդամներն ինչպես են քարուքանդ անում ՀՀԿ-ի, իշխանության` առանց այն էլ հանրային ապատիայի հսկայական պոտենցիալ կուտակած իմիջը, գոնե բուն ՀՀԿ-ին դա պետք է հետաքրքրեր: Թեև, մյուս կողմից, գուցե դա նաև ՀՀԿ-ի՞ն առանձնապես չի հետաքրքրում: Ի՞նչ իմանաս...
Գևորգ Աղաբաբյան