կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-14 13:38
Քաղաքական

ՀՀԿ-ին չի՞ հետաքրքրում Սեյրան Օհանյանի քաղաքական ապագան

ՀՀԿ-ին չի՞ հետաքրքրում Սեյրան Օհանյանի քաղաքական ապագան

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ հնարավոր է դաշինքով հանդես գան առաջիկա ընտրություններին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով այս հայտարարությանը և հարցին ի՞նչ գնահատական կտա իշխող ՀՀԿ-ն այս ամենին, նշեց, որ պաշտպանության նախկին նախարարը դեռ հանդես չի եկել հայտարարությամբ, բայց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում նաև պաշտոնաթող պաշտոնյանները իրավունք ունեն զբաղվել քաղաքականությամբ օրենքի սահմաններում, այն ոլորտում, որը նրանց հնարավորություն է տալիս Սահմանադրությունը:

«Ինչ վերաբերում է երկու ԱԳ նախկին նախարարների և պաշտպանության նախկին նախարարի հնարավոր եռյակ դաշինքին, ապա դա նրանց խնդիրն է: Ես դա ոչ մեկնաբանելու, ոչ ողջունելու, ոչ էլ չողջունելու խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա: Ըստ Շարմազանովի՝ առհասարակ չկա ընդդիմադիր, իշխանամետ, ժողովուրդն է ընտրություններին որոշում՝ ով է դառնում ընդդիմադիր, ով իշխանություն, ուստի նրան չի անհանգստացնում Օհանյանի՝ հնարավոր ընդդիմադիր դաշտում գործելու որոշումը: Հարցին՝ լուրջ մրցակից համարում է այս հնարավոր դաշինքը, Շարմազանովն ասաց. «Ես չեմ կարող խոսել մի բանի մասին, որ դեռ տեղի չի ունեցել, տեսնենք դաշինք կլինի, հետո աջակցություն կունենա՞ ժողովրդի կողմից, նոր այդ ժամանակ կխոսենք, ես չեմ կարող հիմա օդում վերացական մտքեր արտահայտել:

Ընդդիմադիր դաշտում դեռ դաշինքներ կլինեն, միգուցե մեկն էլ սա լինի»,- նշեց նա, ապա հավելեց. «ՀՀԿ-ն պատրաստ է ազատ, հավասար մրցակցային պայմաններում մրցակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, անկախ նրանից՝ դա կլինի նախկին պաշտպանության նախարար, մեծահարուստ նախկին կամ ներկա գործիչ, նախկին խոշոր քաղաքական գործիչ, երիտասարդ եռյակ դաշինք, թե նոր քաղաքականություն մուտք գործող քաղաքական ուժ: Մենք հարգանքով ենք վերաբերում մեր բոլոր քաղաքական օպոնենտներին»:

Yerkir.am-ի դիտարկմանը, որ իրենք միշտ նշում էին, թե Սեյրան Օհանյանը ՀՀԿ թիմի անդամ է, ի՞նչ փոխվեց հիմա, Շարմազանովն արձագանքեց. «Քանի դեռ պաշտպանության նախարարը, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը իր քաղաքական ծրագրերի մասին չի խոսել, իր քաղաքական տեսլականը, ռազմավարությունը չի ներկայացրել ես քաղաքական «նո սենս» եմ համարում իմ կողմից խոսել, մեկնաբանություններ տալ: Երբ նա խոսի, այդ ժամանակ էլ կխոսենք»: Ըստ Շարմազանովի՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, բազմակարծությունն էլ մեր երկրում իրավական նորմ է և շատ նորմալ է, որ Արցախի բազում հերոսներ եղել են, կան ու դեռ կլինեն, որոնք հանրապետական չեն: Շարմազանովը նաև նշեց, որ ինքը տեղյակ չի՝ արդյո՞ք հնարավոր է, որ Օհանյանը ընդգրկվի ՀՀԿ ցուցակում:

«Պետք չի կենտրոնանալ Օհանյանի անձի վրա, բազում գործիչներ կան նախկին, որ հիմա ուզում են վերադառնալ քաղաքականություն, դա իրենց խնդիրն է, հանրապետականը այստեղ ասելու, կամ անելու բան չունի: Հանրապետականը անկախ նրանից, թե ով է իր օպոնենտը ինքը չի պայքարում որևէ ուժի դեմ: Մենք ընդդեմ չենք, մեր խնդիրը հանուն է»,- ասաց նա:

Շարմազանովը հարցին՝ Սեյրան Օհանյանը նեղսրտած չի՞ գնացել հանրապետականից, այսպես արձագանքեց. «Ես ՊՆ աշխատող չեմ եղել, Սեյրան Օհանյանի խոսնակը չեմ եղել և չեմ կարող զգացմունքաբարոյական վերլուծության ենթարկել, թե ո՞վ է նեղացած ով չէ, դուք կարող եք այդ հարցը ուղղել Սեյրան Օհանյանին: Նեղանալն էլ քաղաքական կատեգորիա չէ»: