կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-16 12:48
Քաղաքական

«Ժառանգությունը» համարում է, որ ՏԻՄ ընտրական համակարգ գոյություն չունի

«Ժառանգությունը» համարում է, որ ՏԻՄ ընտրական համակարգ գոյություն չունի

Հունիսի 7-ին հանրապետության 20 քաղաքներում ու գյուղերում կկայանան համայնքապետի ընտրություններ: «Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցելու այդ ընտրություններին:


Yerkir.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ չեն մասնակցում, որովհետև համարում են, որ ՏԻՄ ընտրական համակարգ գոյություն չունի:


«Քանի որ այդ ընտրությունները քաղաքական չեն, իսկ համապետական ընտրությունների ժամանակ ինչ-որ քաղաքական մոբիլիզացիա հնարավոր է լինում իրականացնել ու քաղաքացիներին մոբիլիզացնել, ապա համայնքների ընտրությունների ժամանակ այդ մեխանիզմը բացարձակ գոյություն չունի, և որևէ քաղաքական գործընթաց տեղի չի ունենում: Կա'մ հարազատի, կա'մ իշխանության ներկայացուցչի են դնում այդ պաշտոններում: Եթե անգամ որևէ անկախ թեկնածու է ընտրվում, ապա անմիջապես հետո դառնում ես հանրապետական»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ բացառություն են կազմում Երևանը և Գյումրին, որտեղ բնակչությունն այնքան ընդդիմադիր է, որ իշխանությունները, ուզեն-չուզեն, հաշվի են առնում այդ տրամադրությունները:


«Ժառանգության» փոխնախագահը չի ընդունում այն մոտեցումը, թե քաղաքական ուժը պարտադիր պետք է մասնակցի համայնքային ընտրություններին, որպեսզի հետո հավակնի նաև համապետական ընտրություններին: Նրա խոսքով` քաղաքական կուսակցությունը կարող է ծավալել միայն քաղաքական գործունեություն, իսկ ՏԻՄ ընտրություններում քաղաքական գործունեություն պարզապես չկա: Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` եթե անգամ ՏԻՄ մակարդակում տվյալ քաղաքական ուժը ունենա որոշ գյուղապետեր, դա կրկին ոչինչ չի նշանակում ու փոխում, որովհետև կա հանձնաժողով, և «ինչ կատարվում է, ապա հանձնաժողովներում է կատարվում»:


Արմեն Մարտիրոսյանը նաև ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հանգամանքով չի պայմանավորում տվյալ քաղաքական ուժի` համապետական ընտրություններում հաջողության հասնելու հավանականությունը: «Մենք ունենք համայնքներ, որտեղ համայնքապետերը գործող իշխանության ներկայացուցիչ են, բայց այդտեղ ընդդիմությունը հաղթել է համապետական ընտրություններում»,- ասաց նա:


«Ընդդիմությունը չի մասնակցի այդ ընտրություններին, քանի որ իրականում չկա ՏԻՄ ընտրական համակարգ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: