Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հաղթելը մի քանի ձայն ավել հավաքելը չէ, այլ ժողովրդի համար բարեկեցիկ, երջանիկ կյանք ապահովելը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Իջևան խոշորացված համայնքում նոյեմբերի 14-ին նախատեսված ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակով առաջադրված անկուսակցական թեկնածու Արարատ Գևորգյանը։
Ընտրությանը երկու քաղաքական ուժ է մասնակցում՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի ցուցակը գլխավորում է Վահան Ղազումյանը։
«Մենք ուզում ենք հակակշիռ ապահովել, իրական ՏԻՄ համակարգ ունենալ Իջևանում։ Ժողովրդի համար հաջողված, երջանիկ կյանք ապահովել․ սա եմ պատկեացնում հաղթելը»,-ասաց Արարատ Գևորգյանը։
Նա «Իջևան երիտասարդական դաշինք» ՀԿ նախագահն է, Հայաստանի ավագանիների ասոցիացայի խորհրդի անդամ։
Արարատ Գևորգյանը վստահ է, որ ժողովուրդն իրենց թիմին պետք է վստահի՝ հաշվի առնելով անցած ճանապարհը, ծրագրերը, սկզբունքային գործունեությունը։
«Ամեն թիմ պետք է ուզենա իր ցանկը լրացնել այն ձևի մարդկանցով, որոնք անցած ճանապարհ ունեն, մասնագիտական գիտելիքներ, ՏԻՄ ոլորտի գիտելիքներին տիրապետում են։ Ժողովուրդը մեր թիմին վստահում է, եթե կասկած ունենայինք, չէինք էլ մասնակցի ընտրություններին։ Ճիշտ է, ես անկուսակցական թեկնածու եմ կուսակցական ցուցակով»,-ասաց Արարատ Գևորգյանը։
Փաշինյանի ծննդավայր Իջևանում ընդդիմադիր ՀՅԴ-ի ցուցակով է ընտրությունների գնացել, քանի որ նրանք գնահատել են ՏԻՄ ոլորտի իր պրոֆեսիոնալիզմը և իր անկախ, ազատ գործելու ոճը, գնահատել են իր արժանիքները և առաջարկել միանալ համամասնական ցուցակին։ Նրանք ընդունել են իր՝ անկախ, ազատ գործելու պայմանները, ինքն էլ ծանոթացել է կուսակցության ծրագրերին, համաձայնության են եկել։ Ընդդիմադիրների ցուցակին միանալ չի վախեցել, որովհետև մտածում է՝ վախենալն, ինչ-որ տեղ, մարդուց էլ է կախված, եթե մարդը ազատ է, անկախ է, իր ոտքի վրա կանգնած՝ իր հարցերը կարողանում է ինքնուրույն լուծել, չի կարող վախենալ։
«Ես մինչև հիմա ոչ մեկից չեմ վախեցել ոչ մի ընրության ժամանակ, նաև ընդդիմություն եղած ժամանակ։ Մենք գնում ենք համայնքային կյանքը կառուցելու, այս պահին ես համայնքապետարանում լուրջ հակակշռի կարիք եմ տեսնում։ Ոչ թե որպես հակառակորդ-թշնամի ենք գնում, այլ գնում ենք օգնենք՝ ավելի լավ անեն։ Մենք կլինենք՝ ավելի լավ կանենք, իրենք կլինեն՝ կօգնենք ավելի լավ անել ու կպահանջենք»,-ասաց Արարատ Գևորգյանը։
ՀՅԴ նախընտրական ծրագրային դրույթներից է Տավուշի հողերից որևէ տարածք չզիջել։ Թեկնածուն ասում է՝ թեև այդ հարցերը համայնքային մակարդակով չեն լուծվում, բայց ինքը, որպես երկրի քաղաքացի, իր դիրքորոշումը արտահայտելու է համայնքապետարանում։
«Անձամբ իմ կարծիքով ստրատեգիական տարածքներ են այդ տարածքները, որոնց մասին խոսվում է, պետք է երկիրը, պետությունը ամեն ինչ անի, որ այդ ստրատեգիական հողամասերը փոզիջումների առարկա չդառնան»,- ասաց Արարատ Գևորգյանը։
Անվտանգային հարցերի լուծումը ևս համապետական գործելակերպի մեջ է, բայց համայնքը, նրա համոզմամբ, որպես պետության մի մաս օգնելու է․ հենակետերն են ամրացնելու, ժամանակ առ ժամանակ պահեսատզորի մարտունակությունն են բարձրացնելու, ազգային գաղափարներով տոգորված հասարակություն են ստեղծելու՝ զենքին տիրապետող։
Ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը աշխատատեղերի ստեղծումով է պատկերացնում․ այս հարցին համայնքապետարանն էլ կարող է հետամուտ լինել։
«Աշխատատեղեր՝ հենց այնպես խոսքով չենք ստեղծելու․ ամեն բնակավայր իր սպեցիֆիկ տարբերություններն ունի, հիմա խոշորանում ենք, անցած շրջանում իրական ռազմավարական զարգացման ծրագրեր համայնքները չեն ստեղծել, ռազմավարական իրական ծրագրեր ստեղծելուց հետո կարող ենք հետամուտ լինել ոլորտային ծրագրերի իրականացմանը»,-ասաց Արարատ Գևորգյանը։
Տարածաշրջան կա, որտեղ գյուղատնտեսությունը պետք է զարգացվի, նշեց նա, տարածաշրջան կա, որ պետք է մշակույթը կամ տուրիզմը զարգացվի․ եթե բնակավայրերին բնորոշ ռազմավարական զարգացման իրական ծրագրեր ունենանք, դրանց հետամուտ լինելով՝ տնտեսությունը զարգացնելու ենք։
Աննա Բալյան