կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-15 16:36
Տարածաշրջան

Սամասթը` ոճրագործ, իսկ 1915-ի սամասթնե՞րը...

Սամասթը` ոճրագործ, իսկ 1915-ի սամասթնե՞րը...

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Taraf-ում հոդված է տպագրել: «Օգյուն Սամասթին «ոճրագործ» ասելը թրքությունը վիրավորել չի համարվում, սակայն 1915 թվականի սամասթներին ոճրագործ չեն անվանում» վերնագրված հոդվածում Աքչամը գրել է.

 

 

«Քանի դեռ այս հասարակությունը չի փոխել իր խոսելաոճը, ոչ մի խնդրի պատշաճ լուծում չի կարող տալ:

 

Պատմության վերաբերյալ խոսքը սնվում է երկու տարբեր կարևոր դիրքորոշումներից: Ըստ առաջինի` 1915 թվականին տեղի ունեցածը հանցագործություն չի համարվում: Այսինքն՝ հարցը «ցեղասպանություն» եզրույթը չէ միայն: Այս ամենը պատրանք է... պաշտպանվում է այն թեզը, թե, երբ մի պետություն իրեն զգում է վտանգի մեջ, կարող է իր քաղաքացիներին քշել, և եթե մի շարք քաղաքացիներ մահանան այդ ընթացքում, թեկուզ դա ցավալի դեպք է, սակայն, ի վերջո, դա չի դիտարկվի որպես հանցագործություն:

 

Երկրորդ դիրքորոշման համաձայն՝ «1915 թվականին ինչ-որ բաներ եղել են» ասելը նշանակում է թուրք ժողովրդին վատաբանել, մեղադրել: Քանի որ «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել» ասելով՝ ասած կլինեն` «մեր պապերը ոճրագործներ են, թուրքերը ոճրագործներ են»:

 

Ակնհայտ է, որ «1915 թվականին հայերն սպանվել են» արտահայտությունում թուրքերին վիրավորելու իմաստ շատերն են տեսնում: Բացի այդ` այդ մարդիկ մտածում են, որ իրենք նույնպես՝ որպես անհատ, մեղադրվում են: Եթե մի հավաքական թուրք խմբի հետ շատ մտերիմ եք, և այդ հավաքական խումբը պատմության ընթացքում հանցագործություն իրագործելու մեջ է մեղադրվում, դուք էլ անխուսափելիորեն կմտածեք՝ այդ մեղադրանքը նաեւ ձեզ է ուղղված:


Թուրք լինելու և «1915-ին հայերն սպանվել են» ասելու միջև չափազանց ուժեղ կապ կա: Այդ կապն ինչպե՞ս կարող է կտրվել: Արդյո՞ք հնարավոր է թե’ թուրք լինելու՝ թուրք ժողովրդի մասնիկ լինելու մասին հայտնել, թե’ «1915-ին հայերն սպանվել են» ասել:

 

Այո, հնարավոր է: Հրանտը սպանվեց իր` հայ լինելու պատճառով: Օգյուն Սամասթի ոճիրը թրքության անունից իրագործվեց: Այսօր «Սամասթը ոճրագործ է» ասելիս շատ քիչ մարդ կմտածի, որ այդպես թրքությունն են վիրավորում կամ թրքության ճակատին սև հետք են քսում:


Մարդիկ կարողանում են տարբերել Օգյուն Սամասթին ոճրագործ ասելն ու իրենց թրքությունը, սակայն նույնը չեն կարողանում անել 1915-ի սամասթների` Թալեաթի, Էնվերի և Ջեմալի դեպքում: Արդյոք հնարավոր չէ՞ Սամասթի հարցում ցուցաբերված վերաբերմունքը 1915-ի համար էլ կրկնել:


Այո’, հնարավոր է»:

 

Կրկնելով, որ հարկավոր է թուրք լինելու և 1915 թվականին իրագործված ոճրագործությունների միջև տարբերություն դնել, Աքչամը շարունակել է. «Ինչպե՞ս պետք է հաջողվի թուրք լինելու բացահայտ ընդունումն ու, միաժամանակ, «1915-ը մի ոճրագրծություն է» ասելը:


Ակնհայտ է, որ բանավեճերի ներկայիս ձևով դա այնքան էլ հնարավոր չէ, քանի որ թրքության ու ոճրագործների միջև հեռավորություն դնող լեզու չկա: Այդ լեզուն զարգացնելու համար հարկավոր է գտնել իրենց թրքությամբ հպարտացող, սակայն, միաժամանակ, հայերի դեմ իրագործված ոճրագործությունը դատապարտող թուրքերի: Նրանց խոսեցնել է պետք:


Ինչպես կան մարդիկ, ովքեր հաջողությամբ ասում են, որ Օգյուն Սամասթը ոճրագործ է, սակայն հպարտանում են իրենց թրքությամբ, այնպես էլ պետք է ցույց տալ, որ պատմության մեջ էլ նման մարդիկ կան»:  

 

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի

 

Ազգայնամոլ թուրք Օգյուն Սամասթը  2007 թվականի հունվարի 19-ին դավադրաբար սպանեց Կ.Պոլսում հրատարակվող  «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին: Սպանությունը տեղի ունեցավ թերթի խմբագրատան առջև: Այդ ժամանակ Սամասթը 17 տարեկան էր: