կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-16 17:17
Սփյուռք

Հայ Ազգը Դեմ է ոճրագործ Հայտարարությանը. Նոր Հայաստան ՀԿ

Նոր Հայաստան ՀԿ-ն բացատրական տեսահոլովակ և հայտարարություն է տարածել ստեղծված իրավիճակի և հնարավոր լուծումների մասին, որը ներկայացնում ենք ստորև.

Գուցե պատմական անընդմեջ տառապանքներին սովոր լինելը, կամ էլ, ավելի հավանական է, համատարած տգիտությունն է պատճառը, որ նոյեմբերի 10-ի գիշերն ընդունված եռակողմ Հայտարարության վերաբերյալ մեր հասարակությունը ծուղակների մեջ հայտնվեց:

Որոնք էլ փորձենք մեկնաբանել:

Ծուղակ 1.

Այդ փաստաթուղթը դեռ միայն Հայտարարության մակարդակում է, ուստի վերջնական չէ և ենթակա է փոփոխման: Ուրեմն րոպեներ անգամ չկորցնենք այդ Հայտարարության հակահայկական կետերը չեղյալ համարելու ուղղությամբ ճիշտ քայլեր ձեռնարկելու համար:

Ծուղակ 2.

Ըստ Հայտարարության՝ Թշնամուն է անցնում Հայկական Պատմական տարածքի, մեր և մեր ծնողների կողմից կյանքի, արյան ու սովի գնով ազատագրված Արցախի 80%, իսկ Հայաստանն ամբողջությամբ շրջափակվում է թշնամական Ադրբեջանով ու ընդլայնվելու ձգտող Թուրքիայով: Նման իրավիճակը դատապարտելու է Հայությանը Հայրենիքի վերջին մնացած կտորի արագ կորստի:

Ծուղակ 3.

Դրան գումարած՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտող ճանապարհը, որ պետք է միացնի Թուրքիան ու Ադրբեջանը Նախիջևանով, ոչ միայն կտրելու է Մեղրին, այլ նաև անհսկելի բացելու է Հայաստանի դռները թուրքերի առջև:

Ծուղակ 4.

Պետք է ոչ թե լուռ հուսահատ նստենք տներում կամ քաղաքական ներքին բախումների մեջ ընկնենք, այլ անհապաղ ողջ ազգով արտահայտենք մեր բողոքը՝ կապված հակահայկական կետերի հետ, որպեսզի այն իրավական ուժ չստանա, ու որ Միջազգային Համայնքն աջակցի Հայտարարության կետերի փոփոխմանը:

Ծուղակ 5.

Արցախի բնակիչները պետք է չլքեն իրենց տները, այլ ընդհակառակը՝ մինչև վերջին րոպեն, քանի դեռ կարելի է իրավիճակը փոխել, պետք է ամուր կանգնած մնան իրենց հողին և հայի հետքը չջնջեն Հայրենիքից։ Հորդորում ենք  չվախենալ, քանի որ ռուս խաղաղապահները այդտեղ են։ Հակառակը՝ եթե այդպես արագ լքում ենք մեր տները՝ թուրքերի մտադրությունն ենք իրականացնում, զիջում, անխոչընդոտ ճանապարհ բացում ադրբեջանցիների համար։

Ծուղակ 6.

Մենք չենք կարողացել հավուր պատշաճի պաշտպանվել մեր Հայրենիքի դեմ ռազմական ու ինֆորմացիոն պատերազմից, ինչի մեղավորներն են առաջին հերթին մեր խայտառակ իշխանությունները՝ Լևոն, Ռոբերտ, Սերժ, Նիկոլ, ուստի նրանց մեջ իշխանական վեճերը զզվելի են, և բոլորն էլ դատապարտվելու են՝ եթե ոչ մեր, ապա Պատմության կողմից:

Այսպիսով, այս Հայտարությանը համաձայնվելը նշանակում է սեփական կամքով հանձնվել ապագա ջարդերի, մեր սրբազան եկեղեցիների պղծմանը՝ Մեսրոպ Մաշտոցի դպրավանք Ամարասի, Թադևոս Առաքյալի Դադիվանքի, կրթամշակութային կենտրոն Շուշիի, մեր պատմական վայրերի ոչնչացմանը: Եվ մեր կենդանական լռությունը նմանվում է 1915 թվականի Հայոց Ցեղասպանության նախօրեի լռությանը:

Մենք կարող ենք կասեցնել չարիքը։

Հայ Ազգը Դեմ է ոճրագործ Հայտարարությանը: