կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-11 13:41
Առանց Կատեգորիա

Պաշտոնյաների՝ պաշտոնյա ծնված որդիները

Պաշտոնյաների՝ պաշտոնյա ծնված որդիները
Արտաշատի քաղաքապետի առաջիկա ընտրություններում, որպես թեկնածու, առաջադրվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը: Նրա թեկնածությունն առաջադրել է իշխող Հանրապետական կուսակցությունը: Արգամ Աբրահամյանի՝ Արտաշատի քաղաքապետ դառնալը կանխորոշված է: Դրա համար անհրաժեշտ երկու կարևոր գործոնները կան` նա վարչապետի որդին է, և նրա թեկնածությունը պաշտպանում է «պարտիան», այսինքն` առկա է ՀՀԿ-ի և նրա առաջնորդի տված «դաբրո»-ն: 

 

Պետական կառավարման ոլորտում և քաղաքականության մեջ որդիներին կամ փեսաներին առաջ տանելու հարցում վարչապետի որդու օրինակը, սակայն, ո'չ առաջինն է, ո'չ էլ հայաստանյան իրականությունում արտառոց երեւույթ: Ավելին՝ խիստ օրինաչափ է: Ապրիլին Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, ով Աբովյանի քաղաքապետն էր, առաջխաղացում ունեցավ` նշանակվեց Կոտայքի մարզպետ:  ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի  որդին՝ Դավիթ Սեդրակյանը, նախորդ տարի նշանակվեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ, նաեւ Երեւանի ավագանու անդամ է: Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին՝ Գուրգեն Դումանյանը, նշանակվեց ԱԺ աշխատակազի ղեկավար, հետո՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ: ԱԺ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդին Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել: Ավելի վաղ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին մեկ այլ նախարարի՝ Արա Բաբլոյանի որդին նշանակվել էր առողջապահության փոխնախարար, թեև որոշ ժամանակ անց հրաժարական տվեց: Իսկ, դե, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, արդեն տեւական ժամանակ է Պետական գույքի կառավարման վարչության նախագահն է: 

 

Միանգամայն բնական է, որ հայրերը մտածում են որդիների ապագայի մասին: Հատկապես` հայկական միջավայրում և մտածողության պայմաններում հակառակը կլիներ ոչ միայն արտառոց, այլև ինչ-որ իմաստով ամոթալի: Խնդիրը, սակայն, հավակնությունների մասշտաբների և հիմնավորվածության մեջ է: Բանն այն է, որ նրանք ոչ թե նպաստում են որդիների առաջխաղացմանը, այլ պետական կառավարման պատասխանատու պաշտոնները, դիրքերը պարզապես նվիրում են զավակներին այնպես, ինչպես, ասենք, նրանց ուզած մեքենան, տունը կամ բիզնեսը: Բայց եթե վերջիններիս տիրապետումն ու տնօրինումը մասնավոր սեփականության խնդիր է, ապա այդ պաշտոններն առաջին հերթին ենթադրում են հանրային և պետական պատասխանատվություն և պահանջում ոչ միայն այդ պատասխանատվության խորը գիտակցում, այլև այդ պաշտոններն ու դիրքերը զբաղեցնելու համար անհրաժեշտ որակներ, գիտելիքներ, հմտություններ ու փորձառություն:
Հորից Արգամ Աբրահամյանի տարբերությունն այն է, որ եթե Հովիկ Աբրահամյանը վաստակել է իր ներկայիս կարգավիճակը՝ ապավինելով իր ճարպկությանը, խորամանկությանը, հոտառությանը, ապա որդին դրանք ստանում է, որովհետեւ Հովիկ Աբրահամյանի որդին է:

 

Ստեղծելով հեշտ ճանապարհով, մրցակցությունից դուրս ռեժիմով սեփական  զավակների առաջխաղացման համար անհրաժեշտ կենսապայմանները, իշխանությունն այսպիսով ստեղծում է սերնդափոխության յուրատեսակ մի փակ շղթա՝ խեղաթյուրելով պետական կառավարման համակարգում իրական սերնդափոխության ողջ իմաստը: Որովհետև այս բնույթի սերնդափոխությունն իր հետ բերում է ոչ թե նոր արժեքների, նորարարական, թարմ մտածողության արմատավորում, որը ցանկացած համակարգի առողջացման և զարգացման երաշխիքն է, այլև քարացնում է գործող համակարգում առկա հակաարժեքները, պրոտեկցիոնիզմը դարձնում շարժիչ ուժ, խորացնում ճահճային վիճակը և իմաստազրկում արժանիքների վրա համակարգ ստեղծելու հեռանկարները: 

 

Հ.Գ. Ելնելով մեր պաշտոնյաների տրամաբանությունից՝ առնվազն զարմանալի է թվում Լիսկայի անշտապողականությունը: Նա վաղուց արդեն ձեռք է բերել իր որդուն առնվազն Սյունիքի մարզպետի կարգավիճակում իրեն արժանի փոխարինող դարձնելու իրավունքը: Դրա համար նրա որդին՝ Տիգրանը, ունի առ այսօր Սյունiքի մարզպետ նշանակվելու հիմք տվող բոլոր անհրաժեշտ «տվյալներն» ու «որակները»: Եվ այն հանգամանքը, որ Լիսկայի որդուն հերթական անգամ բերման ենթարկեցին, ընդամենը հաստատում է նրա՝ այդ իրավունքը «վաստակած» լինելու իրողությունը: Մյուս կողմից` Լիսկան շտապելու առանձնապես կարիք չունի. որդին դեռ երիտասարդ է, և կարելի է մտածել, նախքան մարզպետ դարձնելը, նրան Գորիսի քաղաքապետ դարձնելու մասին: Եվ իր ձեռքի տակ կլինի և փորձ ձեռք կբերի և, ինչու չէ, գոնե մի քիչ էլ իրեն խելոք կպահի:

 

Գևորգ Աղաբաբյան