Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Աշխատանքի և աշխատավորության միջազգային օրն է: Օրվա հետ կապված` ժամը 14:30-ին ՀՅԴ Երևանի «Ռուբեն» կոմիտեությունը Հյուսիսային պողոտայում իրազեկման ակցիա կկազմակերպի, որի նպատակն է աշխատողներին իրազեկել իրենց իրավունքների մասին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Երևանի «Ռուբեն» կոմիտեության անդամ Մեսրոպ Եսայանը նշեց, որ 120 տարի առաջ այս օրը մարդիկ դուրս եկան փողոց՝ պայքարելու իրենց իրավունքների համար, և կարողացան հաջողության հասնել պայքարի միջոցով: Նա նշեց, որ այսօր մարդկանց բաժանելու են տեղեկատվական նյութեր, քանի որ շատ ցածր է աշխատողների իրազեկվածության մակարդակը:
Եսայանի կարծիքով՝ աշխատողը մենակ է մնացել, և իրենք փորձում են նրանց ուղղություն ցույց տալ: «Ուզում ենք մարդկանց կոչ անել, որ բոլոր հնարավոր միջոցներով տեղեկանան իրենց իրավունքների մասին և պաշտպանեն դրանք: Շատ դեպքերում աշխատողներն են զլանում պաշտպանել իրենց իրավունքները: Մենք ցույց կտանք նաև, թե ում պետք է դիմել իրենց խնդիրներով, տեղում խորհրդակցություն կլինի: Մեր խնդիրը իրազեկ քաղաքացի ունենալն է, որը կստեղծի զարգացած Հայաստան»,- ասաց նա:
Եսայանը նշեց, որ Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանում տեղի ունեցան մի շարք փոփոխություններ, և արդյունքում` աճեցին գործազրկությունն ու աղքատությունը: «Աշխատանքի առաջարկի և պահանջարկի անհամատեղելիությունը հանգեցրել է գործազրկության աճի: Մենք ունենք հայեցակարգ, ըստ որի` առաջարկում ենք մեղմել լարված իրավիճակը աշխատաշուկայում, հարկային քաղաքականության միջոցով խթանել աշխատատեղերի ավելացումը, աշխատողների որակավորման բարձրացումը, անօրինական աշխատանքից խուսափելու համար քայլեր ձեռնարկել, նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնել, գյուղական վայրերում տնայնագործությունը և արհեստագործությունն ավելացնել»,- ասաց նա:
Ըստ Եսայանի` այժմ համակարգային գործազրկություն ունենք, աշխատաշուկայում առաջարկն ու պահանջարկը չեն համապատասխանում իրար, և մի շարք ոլորտներ կան, որոնք աշխատողների պակաս ունեն՝ եռակցող, ջեռուցման ոլորտի մասնագետներ, բայց դրա փոխարեն ունենք տասնյակներով մանկավարժներ, որոնք աշխատանք չունեն:
Կոմիտեի անդամներից Սուրեն Պարսյանն էլ նշեց, որ Եվրոպայում, ԱՄՆ-ում մարդիկ ամեն ինչի հասել են իրենց պահանջի շնորհիվ: «Չմոռանանք, որ մի տարի առաջ մենք էլ կուտակայինի հարցում կարողացանք արդյունքի հասնել պայքարի միջոցով: Պետք է պահանջ ու պայքար լինի, աշխատավորների համախմբում, որ կարողանանք աշխատաշուկայում փոփոխությունների հասնել»,- ասաց նա:
Ըստ Պարսյանի` արհմիությունները, ցավոք, շատ թույլ են, և հաշվի առնելով աշխատավորների` գործատուներից կախվածությունը` արհմիությունների գոյությունը ձևական է դառնում:
Նրա կարծիքով` Հայաստանում աճող գործազրկության պատճառներից մեկն էլ կրթական համակարգում բացն է: «Մասնագիտական կրթությունը նույնպես շատ կարևոր է: Կրթական համակարգը պատրաստում է կադրեր, որոնք մեր տնտեսությանը հիմա պետք չեն: Հասկանո՞ւմ եք` աշխատաշուկան հնարավոր չէ զուտ աշխատանքային օրենսգրքով կարգավորել, համալիր գործողություններով պետք է հասնենք հաջողությունների: Մենք ունենք հիվանդ տնտեսություն, և միայն դրա առողջացման դեպքում կարող ենք գործազրկության աճը կանխել»,- ասաց Պարսյանը:
Բոլոր զարգացած երկրներում, նրա համոզմամբ, պետությունն իր վրա է վերցնում քաղաքացուն աշխատանքի տեղավորելու հարցը, իսկ մեզ մոտ օրենքը միայն սահմանում է` մարդն աշխատանքի ազատ ընտրության իրավունք ունի: Սակայն եթե չկա աշխատատեղ, ի՞նչ ազատ ընտրության մասին է խոսքը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը տեղեկացրեց, որ գործազրկության մակարդակը Հայաստանում 17 տոկոս է, որը գնահատվում է բարձր: Սակայն, ըստ նրա, ամբողջ աշխարհում գործազրկության բարձրացման միտում է նկատվում, խնդիրը միայն մեզ մոտ չէ առկա: «Գործազրկությունը տնտեսական զարգացման գործընթացի հետ է կապված: Գործազրկության մակարդակն ավելի բարձր է երիտասարդների շրջանում` շուրջ երկու անգամ»,- ասաց Ավետիսյանը:
Ըստ նրա` մենք ունենք թափուր աշխատատեղեր, որոնք չեն համալրվում, և գործազուրկներ, որոնք չեն կարողանում համապատասխան աշխատանք գտնել: Այժմ, Ավետիսյանի հավաստմամբ, վարպետային և բանվորական մասնագիտությունների պահանջ կա, իսկ մարզերում ուսուցիչների և բժիշկների թափուր աշխատատեղեր կան: