կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-28 13:46
Մշակույթ

«Վերապրած մշակույթ». ոչ թե կորուստների, այլ 1915-ից փրկված ժառանգության մասին

«Վերապրած մշակույթ». ոչ թե կորուստների, այլ 1915-ից փրկված ժառանգության մասին

Մատենադարանի մեծ դահլիճում մեկնարկել է «Վերապրած մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Մատենարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը գիտաժողովի բացմանը նշեց, որ գիտաժողովի նպատակն է ցույց տալ ոչ միայն կորուստների ահռելիությունը, այլ նաև մեր պահպանված ժառանգության ուժն ու զորությունը, կենսականությունը և պայծառությունը:

 

«Ցեղասպանության 100-րդ տարելիցը ստիպում է վերաիմաստավորել մեր մշակույթի ընթացքը, կենդանի պատմությունը, որն ընկած է մեր կենսափիլիսոփայության հիմքում և նրա անկյունաքարն է: Մեզ տրված է պահպանել, նոր կյանք ու շնչառություն տալ ձեռագրերին, հնագույն վավերագրերին, որոնք մեր հիշողության կրողներն են, և նրանց հետ շփումն ինչ-որ իմաստով մեզ դարձնում է համամարդկային հիշողության կրողներ: Մենք այլևս գործում ենք սրբադասված հիշողության ոլորտում»,- ասաց Թամրազյանը:

 

Մատենադարանի ծրագրերի գիտահետազոտական ինստիտուտի Մայր ցուցակի ձեռագրագիտության բաժնի աշխատակից, ձեռագրագետ Արփինե Սիմոնյանը գիտաժողովին «Մշո ճառընտիր»-ի փրկության և այնտեղ առկա Տերունական մանրանկարների մասին էր զեկուցում:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Սիմոնյանը նշեց, որ իր զեկույցի կարևոր կետերից մեկն այն է, որ «Մշո ճառընտիրը», լինելով ամենամեծ մագաղաթե ձեռագիրը, Եղեռնի օրերին փրկվել է երկու գաղթականների շնորհիվ, և այսօր նրա երկու մասերը, միավորված, պահվում և ցուցադրվում են Մատենադարանում:

 

««Մշո ճառընտիրը» կարևոր է նրանով, որ հայերեն ամենամեծ մագաղաթե ձեռագիրն է. սկզբնապես կշռել է մոտ 28 կգ, իսկ հիմա 27,5 կգ: Ձեռագրից 17 թերթ պահվում է Վենետիկում, 1 թերթ` Վիեննայում: Այն ունի շքեղ պատկերազարդում` գլխազարդեր և Տերունական թեմատիկ մանրանկարներ` «Քրիստոսը բազմած գահին», «Ծնունդ», «Մկրտություն» և «Մուտք Երուսաղեմ»»,- ներկայացրեց Սիմոնյանը:

 

Նա կարևորեց նաև նման գիտաժողովները, քանի որ, Սիմոնյանի մեկնաբանմամբ, ձեռագրերը, մեր ժողովրդի ճակատագիրն են ունեցել, և ինչպես ժողովուրդը թուրքական յաթաղանից է փրկվել, այնպես էլ` մեր ձեռագրերը: «Նրանցից յուրաքանչյուրն ունի փրկության իր պատմությունը: Նման գիտաժողովների միջոցով մենք տեղեկացնում ենք աշխարհին, որ 1915-ին միայն հայ ժողովուրդը չի տուժել, այլև` մեր մշակութային արժեքները»,- ասաց նա:

 

Մատենադարանի գիտաշխատող Օվսաննա Քեշիշյանը ներկայացնում էր Զեյթունի ավետարանի փրկության պատմությունը: Նա նշեց, որ ձեռագիրը շատ հետաքրքիր փրկության ուղիով է անցել. սկզբում հայտնվել է Մարաշում` պատկանելով Զեյթունի իշխանական տներից մեկին`  Սուրենյան-Բասիլոսյան իշխաններին, իսկ 1916-ին` Մարաշի բռնագաղթի ժամանակ, ականատես-բժիշկ Հարություն Տեր-Ղազարյանը ձեռագիրը փրկում է` այն վերցնելով իր մոտ և անհետանում ձեռագրի հետ: «1920-ին` հարձակումների ժամանակ, ձեռագիրը կրկին կորչում է, սակայն որոշ ժամանակ անց մի թուրք Մարաշի թեմական հայոց առաջնորդին` Խաչատուր Տեր-Ղազարյանին է տալիս այն` նշելով, որ երազի մեջ իրեն հանձնարարվել է այդ ձեռագիրը հանձնել հայերին: Թուրքը ձեռագիրը վաճառում է հոգևոր հորը: Զեյթունի ավետարանն այժմ պահվում է Մատենադարում, 8 թերթ էլ` ԱՄՆ-ում»,- ներկայացրեց գիտաշխատողը:

 

Քեշիշյանի կարծիքով` 100-րդ տարելիցի շրջանակներում նմանատիպ միջոցառումները մեծ կարևորություն ունեն` ժողովրդին լուսաբանելու, մեր ազգային գանձերի մասին տեղեկացնելու համար: «Մենք պետք է տեղեկացված լինենք ոչ միայն կործանվածի մասին, այլև մեր փրկված արժեքների»,- ասաց նա: