կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-25 17:17
Մշակույթ

Թե ինչպես Գիսանե Պալյանի` Ցեղասպանությունը վերապրած տատի պատմությունը դարձավ երգ

Թե ինչպես Գիսանե Պալյանի` Ցեղասպանությունը վերապրած տատի պատմությունը դարձավ երգ

Empyray ռոք խումբը նոր տեսահոլովակ է թողարկել, երգը կոչվում է «Ապրիլյան»: Երգի երաժշտության և բառերի հեղինակը խմբի երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` Արմեն Փիրիմասիհին: Ի դեպ, սա խմբի առաջին տեսահոլովակն է վոկալիստ Սուրեն Պողոսովի հետ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Գիսանե Պալյանը նշեց, որ երգի հիմքում իրական պատմություն է: «Մի ամբողջ կյանք ես մեծ մորս հետ եմ ապրել: Նա Ցեղասպանություն վերապրած է: Ինձ մի շարք պատմություններ էր պատմում, բայց ամենից տպավորիչն իր և եղբոր պատմությունն էր, թե ինչպես է գաղթի ճանապարհին կրտսեր եղբորը տվել քրդերին, որպեսզի սովից փրկի: Տարիներ անց նա գտնում է եղբորը հայկական որբանոցներից մեկում… Մտածեցի` կարելի է այս պատմությունը պատմել և վերածել երգի` շատ հասարակ ու առանց ամպագոռգոռ բաների»,- ասաց նա:

 

Երգը գրելուց հետո Պալյանն այն ցույց է տվել ամուսնուն` Empyray խմբի կիթառահար Կարեն Արզումանյանին, որի խորհրդով էլ որոշել է երգը ձայնագրել խմբով, ավելին` տեսահոլովակ նկարահանել: «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված` բոլորն էլ փորձում էին ինչ-որ աշխատանքով ներկայանալ: Մենք մի փոքր այլ կերպ ենք մտածում, այսինքն` թեմատիկ երգ ստեղծելն ինքնանպատակ չէ մեզ համար կամ էլ PR-ի հարց: Նոր երգն առաջին հերթին պետք է հոգու անհրաժեշտություն լինի, և մեզ մոտ էլ ինքնաբուխ ծնվեց այն»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Ցեղասպանության թեման, Պալյանի գնահատմամբ, չի ավարտվում ապրիլի 24-ով, քանի որ ջարդերն էլ տեղի չեն ունեցել միայն այդ օրը, և իրենց համար տարբերություն չկար` երբ  պատրաստ կլինի տեսահոլովակը` ապրիլի 24-ից առա՞ջ, թե՞ հետո: «Ցեղասպանությունը մեկ օրվա հիշելու բան չէ, այն բաց վերքի նման անընդհատ ցավեցնում է քեզ: Որոշեցինք թողարկել, երբ պատրաստ կլինի»,- ասաց նա:

 

Ի դեպ, ի սկզբանե որոշված էր, որ տեսահոլովակը պետք է լինի լուսանկարների շարքից բաղկացած, սակայն նկարահանումների ընթացքում որոշվել է, որ այն պետք է լինի շատ ավելի պարզ մի բան: «Տեսահոլովակում նկարահանվել է նաև աղջիկս: Պետք է ասեմ, որ նկարահանումները շատ հեշտ ու սահուն են անցել»,- ասաց Գիսանե Պալյանը: