|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր ԱԺ քառօրյա նիստում քննարկվում էր կառավարության ներկայացրած` «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող` ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ օրենքի նախագծով նախատեսվում է երկարաձգել 27 տարին լրացած անձանց քրեական հետապնդման չենթարկելու, համապատասխան տուգանքներ մուծելու կարգը: Նպատակն այն է, որ Սփյուռքում գտնվող քաղաքացիները կարողանան գալ Հայաստան:
Հարակից զեկուցող` ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ տարեկան 800 մարդ օգտվել է այդ օրենքից, և վճարվել է մոտ 800 միլիոն դրամ:
Քննարկումների արդյունքում առաջացել են երեք տարբեր մոտեցումներ, ձևավորվել է աշխատանքային խումբ, որ խորհրդարանին առաջարկվի վերջնական լուծում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց պատգամավորին, թե ի՞նչ է մտածում տուգանքի գումարը ավելացնելու մասին, որը կլուծեր շատ խնդիրներ:
Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց, որ հիմնական նպատակն այն է, որ ՀՀ քաղաքացիները չխուսափեն պարտադիր զինվորական ծառայությունից: Նա դեմ էր տուգանքի մեծացմանը, որովհետև կարծում էր, որ շատերը չունեն այդ գումարը, ուստի չպետք է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք կխանգարեն, որ այդ մարդիկ հետ գան:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը առաջարկեց բարձրացնել տուգանքի շեմը:
«Ինձ հանդիպել են մարդիկ, ովքեր բանակից խուսափելու համար իրենց երիկամների մեջ թույն են ներարկել, որ խուսափեն ծառայությունից: Բայց մենք գիտենք, թե ինչ ջերմոցային պայմաններում են ծառայում, առանց բացառության, բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների զավակները, եթե նրանք ընդհանրապես ծառայում են»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանը արձագանքեց` ասելով, որ պետք է ուսումնասիրեն, թե այսօր ով ինչպես է խուսափում զինվորական ծառայությունից, որովհետև կան մարդիկ, ովքեր իրենց երեխայի համար, ութ տարեկանից սկսած, բժշկական թղթեր են պատրաստում, որ տարիներ անց ճանաչվի ծառայության համար ոչ պիտանի:
«Վերջին շրջանում, երբ մենք զոհեր էինք ունենում սահմանին, սոցիալական ցանցերում մի հարց էր քննարկվում, թե ինչպես է ստացվում, որ զոհերը ծայրահեղ աղքատ ընտանիքներից են: Չեմ հասկանում` իրականությո՞ւն է դարձել այն ասացվածքը, որ «Հայրենիքը աղքատինն է պատերազմի ժամանակ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքը դուր չեկավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, ով նշեց, որ պատգամավորը միայն սև լույսի ներքո է ներկայացնում բանակի խնդիրները: