կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-27 13:41
Հասարակություն

Թուրքերն այդպես էլ չկարողացան խոչընդոտել մեր տեղեկատվական հոսքերին. Սամվել Մարտիրոսյան

Թուրքերն այդպես էլ չկարողացան խոչընդոտել մեր տեղեկատվական հոսքերին. Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողներին ասաց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառւմներին հայկական կողմը բավական լավ էր պատրաստվել՝ դիմակայելով թուրք-ադրբեջանական կիբերհարձակումներին: «Թուրքերը փաստացիորեն չկարողացան խոչընդոտել մեր տեղեկատվական հոսքերին: Մեր կողմի մասնագետները բավական լուրջ էին պատրաստվել: Ապրիլի 22-25-ն ընկած ժամանակահատվածում` թուրք-ադրբեջանական հաքերային հարձակումների ընթացքում, 250 կայք է կոտրվել, սակայն դրանցից ոչ բոլորն էին հայկական»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է զուտ ադրբեջանցի հաքերների գործողություններին, ապա, ըստ մասնագետի, նրանք մի քանի տասնյակ` ոչ այնքան նշանակալի կայքեր կոտրեցին: «DDOS հարձակումների մասին խոսելով` նկատենք, որ ամենալուրջ հարձակումը կատարվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պաշտոնական կայքի վրա: Շատ դեպքերում էլ կայքեր կոտրելու մասին հայտարարությունները զուտ PR բնույթ էին կրում: Նշվում էր, որ իբրև թե կոտրվել են ՀՀ ՊՆ և ԱԳՆ կայքերը, սակայն, գոնե ես խափանման գործողություններ չտեսա, իսկ ահա հայտարարություններ այդ մասին շատ եղան»,- նշեց Մարտիրոսյանը:

 

Նրա բնորոշմամբ` այս անգամ առավելապես հայկական կողմից էին հաքերային հարձակումներ իրականացվում թուրքական կայքերի վրա: «Հայկական հաքերային խմբերն այս անգամ բավական ագրեսիվ էին գործում: Պետք է նշեմ, որ մեզ զուգահեռ բավական լուրջ էր աշխատում նաև մի սերբական հաքերային խումբ, որը պրոհայկական գործունեություն էր ծավալում: Միջազգային կայքերը ևս հայանպաստ դիրքերում էին, իսկ ահա թուրքական քարոզչությունը բավական ճգնաժամային վիճակում էր հայտնվել»,- հայտնեց մեդիափորձագետը:

 

Նա նշեց նաև, որ, ընդհանուր առմամբ, մենք համացանցում այլևս վիճելու խնդիր չունենք, այնինչ` մի քանի տարի առաջ խնդիր ունեինք ապացուցելու, որ 1915-ին Ցեղասպանություն է տեղի ունեցել: «Սառույցը կոտրվել է: Մենք այժմ միջազգային հանրությունից ավելի շատ պետք է ակնկալենք պատմական անվիճելի իրողության ճանաչում»,- ասաց Մարտիրոսյանը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ Google-ում «Որտե՞ղ է Հայաստանը», «Հայոց ցեղասպանություն» բանալի բառերով որոնումներն այս օրերին ավելացել են 2-4 անգամ:

 

Մեդիափորձագետի բնորոշմամբ`մեր տեղեկատվական համակարգը բավական լուրջ աշխատեց, և այս պարագայում հայկական տեղեկատվական հոսքը որևէ կերպ չխոչնդոտվեց թուրք հաքերների կողմից: Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այս անգամ տուժողի կարգավիճակում էր հայտնվել հենց թուրքական կողմը: