կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-21 20:42
Քաղաքական

Թվում է, թե մենք՝ հայերս, Հայոց ցեղասպանության մասին գիտենք գրեթե ամեն ինչ. Սերժ Սարգսյան

Թվում է, թե մենք՝ հայերս, Հայոց ցեղասպանության մասին գիտենք գրեթե ամեն ինչ. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության թանգարանի նոր մշտական ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը:

 

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝  Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, թանգարանային հանձնախմբի անդամների և բարերարների հետ շրջայց է կատարել թանգարան-ինստիտուտում, ծանոթացել նոր ցուցադրության նյութերին, թանգարանում դրանց պատշաճ ներկայացման համար ստեղծված ժամանակակից պայմաններին: Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:

 

«Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրությունը, որ նվիրված է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին, իսկապես տպավորիչ է թե՛ նյութի ընդգրկման, թե՛ մատուցման տեսանկյունից: Ծավալուն և արդյունավետ աշխատանք է կատարված:


Թվում է, թե մենք՝ հայերս, Հայոց ցեղասպանության մասին գիտենք գրեթե ամեն ինչ, բայց նման ցուցադրությունները վեր են հանում նոր շերտեր, տալիս նոր գիտելիք նույնիսկ ամենատեղեկացվածին:


Որպես այցելու, ես դուրս եմ գալիս թանգարանից՝ վերահաստատելով այն, ինչ բոլորիս մտքում է և բոլորիս շուրթերին. «Հիշում եմ և պահանջում»,-գրել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական բացման կապակցությամբ Հանրապետության նախագահը թանգարանին նվիրել է «Գրիգորի Նարեկայ Վանից վանականի Մատեան Ողբերգութեան, Ի Կոստանդնուպօլիս, 1850» գիրքը, որը փրկվել է 1915 թվականին տեղահանության ժամանակ:

 

Թանգարանի հատուկ հյուրերը ևս հանձնել են իրենց նվերները: Կատերինա Յամադան թանգարանին է նվիրել բրնձով լցված ապակե շիշ՝ Ցեղասպանությունից հետո Մերձավոր Արևելքի որբանոցներից մեկում երեխաների համար նախատեսված օրական պարենի չափով, որի բավարար չլինելու պատճառով կոմիտեն ստիպված մերժել է ընդունել հազարավոր երեխաների: Շշի վրա կա գրություն՝ «Օգնություն հայ որբերին»: Հյուրերից Յուսի Բյորը նվիրել է իր տատիկի՝ Բոդիլ Բյորնի օրագիրը և կնիքը, իսկ Սոսի Հաբեշյանը՝ Մարիա Յակոբսենի դրամապանակը և լուսանկար՝ որբերին խնամելիս:
Նոր ցուցադրության մշակման և դիզայներական նախագծի ուղղությամբ աշխատանքներն իրականացվել են սկսած դեռևս 2011 թվականից, երբ մեկնարկել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, Ծիծեռնակաբերդի ճեմուղու, հարակից տարածքի բարեկարգումը և վարչական մասի կառուցումը:


Աշխատանքների արդյունքում թանգարանի ցուցադրական տարածքն ընդարձակվել է երկուսուկես անգամ՝ կազմելով 2400 քառակուսի մետր, իրականացվել են Հայաստանում առաջին անգամ կիրառվող նախագծային լուծումներ, կիրառվել են համաշխարհային թանգարանային պրակտիկայում լայն տարածում գտած նոր տեխնոլոգիաներ ու մոտեցումներ: Թանգարանային ցուցադրության բովանդակային լուծումները, տեքսային նյութերն ու բացատրագրերը հիմնված են ցեղասպանագիտության ոլորտում վերջին տարիների գիտական ու մեթոդական մշակումների վրա։

 

Թանգարանային մշտական ցուցադրության մեջ ամփոփվել են վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք
բերված հազարավոր նորահայտ նյութեր: Ներկայացված են նաև բնօրինակ և եզակի լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր և այլն:


Թանգարանային նոր ցուցադրական տարածքն ունի տասներկու սրահ՝ նախկին երեքի փոխարեն: Ցուցադրությունը բաղկացած է հիսուներկու հիմնական խորագրերից։


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ստեղծվել են բացառիկ պայմաններ ֆոնդային միավորների պահպանության համար: Վերջին մի քանի տարվա ընթացում հնարավոր է դարձել թանգարանի հավաքածուն կրկնապատկել բնօրինակ նյութերով, որոնք հատել են 90 հազարի սահմանը:

 

Վերոնշյալ աշխատանքներն իրականացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:


Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, թանգարանը և հարակից տարածքը հիմնավերանորոգվել են «Ծիծեռնակաբերդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հիմնադրամը ֆինանսավորվում է իրավաբանական և ֆիզիկական անձանցից ստացված նվիրատվություններով: