կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-26 18:55
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբեք չպետք է համակերպվենք այս պարտության հետ, այս ծնկի եկած վիճակից պետք է դուրս գանք․ Իշխան Սաղաթելյան

Մենք երբեք չպետք է համակերպվենք այս պարտության հետ, այս ծնկի եկած վիճակից պետք է դուրս գանք, այսօրվա մեր հիշատակի երթը նաև այդ խորհուրդը ունի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի նախաձեռնած երթ-մոմովառությունից առաջ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։

«Այո, մենք ոտքի ենք կանգնելու․ տեր ենք մեր երկրին, մեր հայրենիքին, ու մեր սուրբ նահատակների թափած արյունը հանուն հայրենիքի իզուր չի անցնելու և իրենց գործը շարունակող լինելու է։ Մենք ոտքի ենք կանգնելու, համախմբվելու ենք ու երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Անցնող մեկ տարում ՀՀ իշխանությունները բարեփոխումների ծրագիր էին ներկայացրել, բայց երկրում ստեղծված ճգնաժամը շարունակում է մնալ չհաղթահարված, արձանագրեց  Իշխան Սաղաթելյանը և եզրակացրեց՝ պատճառն այն է, որ ճգնաժամի ստեղծողները և երկիրը աղետի բերած իշխանությունը շարունակում են մնալ իշխանության։

«Այսօր մեր երկիրը վտանգի տակ է, Հայաստանին սպառնացող վտանգները օրեցօր խորանում են, իսկ օրվա իշխանությունը այդ վտանգները ի վիճակի չէ չեզոքացնել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ իրենց օրակարգը շարունակում է մնալ նույնը՝ պետք է կանխել Հայաստանի թուրքացումը, պետք է երկիրը դուրս բերել այս իրավիճակից։

«Մենք պարտավոր ենք հաղթահարել այս ճգնաժամը, իսկ այդ ճանապարհին կա մեկ գլխավոր խոչընդոտ, դա այսօրվա իշխանություններն են, որոնց հեռացումը իրոք անհրաժեշտություն է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Քաղաքական այլ հարցերի նա նպատակահարմար չհամարեց պատասխանել, քանի որ այսօր հիշատակի երթ է։

Մանրամասն՝ տեսանյութում․