Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի ճակատագիրը դեռ օդից է կախված: Yerkir.am-ի հետ զրույցում դերասան Նարեկ Դուրյանը նշեց, որ իր համար անընդունելի է, երբ նորը կառուցում են հնի հաշվին: Ըստ նրա` հինը պետք է պահպանել, ոչ թե անվերջ քանդել:
«Լավ, օդանավակայանի նոր շենքը կառուցեցիք, անհայտ գույնի ապակիներ տեղադրեցինք` որպես դիզայն, բա հիմա հինն ինչո՞ւ եք քանդում, եղբա՛յր: Երիտասարդական պալատն ո՞ւր է: Այո, ճարտարապետական մի շքեղ կառույց չէր, բայց քաղաքի մի մասն էր, քաղաքի մասին էր պատմում: Հին Երևանից բան չի մնացել, ու չգիտեմ` զբոսաշրջիկներին ի՞նչ ենք ցույց տալու այսուհետ: Տուրիստը օտար երկիր գնում է` ի՞նչ նայի: Մոդեռնը տեսնելու համար Դուբայ է գնում, նրանք պատմություն չունեն, բայց ի՞նչ արեցին` անապատի վրա բետոն արեցին ու նորաոճ շենքեր կառուցեցին, այսինքն` զարմացրին նորությունով: Ես երբեք չեմ սիրում գնալ Լոս Անջելես, որովհետև գնամ` ի՞նչ նայեմ, բայց ես կարող եմ ժամերով Հռոմում զբոսնել»,- ասաց դերասանը:
Ըստ նրա` ամեն անգամ, երբ Թբիլիսի է այցելում, «նախանձում» է մեր հարևաններին` լուսավոր, վերականգնված, իսկ եթե մի շենք փլվում է, երկաթները դնում ու տեղում ամրացնում են: «Չէ՞ր կարելի մեր Կոնդը պահել: Ես մասնագետ չեմ, բայց կարելի էր, չէ՞, տակից լուսավորել, որ ամբողջ Երևանը երևա, պատկերացնո՞ւմ եք` ինչ գեղեցիկ կլիներ: Հավլաբարից ոտքով իջնում ես ներքև ու հաճույք ստանում` հին տներ, դռներ ու դարպասներ: Մենք վա՞տ դարպասներ ունենք, բա դռնե՞րը, այսօր նման դռները քանի՞ հազար դոլարներ արժեն: Մեր դարբնագործներին ո՞վ կհասներ… Ո՞ւր մնաց այս ամենը, ի՞նչ մնաց: Զբոսաշրջիկը գա` ի՞նչ նայի` մեկ եկեղեցի, երկու եկեղեցի, հետո՞: Անդրադառնանք Հայաստանին` պատմական, հին երկիր, բայց ո՞ւր է այդ պատմությունը, ո՞ւր է «Հին Երևանը», թղթի վրա է մնացել»,- ասաց Դուրյանը:
Ըստ նրա` հազվադեպ արժեքավոր շենքեր են մնացել, որոնց ճակատը պահել են, բայց վրան այլանդակություն են կառուցում: Դերասանը հարցնում է` Երևանում հիմա ի՞նչն է արժեքավոր` ռեստորա՞նը, խանո՞ւթը: Դուրյանը նաև լավն է գնահատում. վերջին տարիներին փողոցներում տեղադրված նստարանները, ծաղիկները, աղբամանները, այո, լավ միտք է, բայց առանց պատմության ինչպե՞ս կլինի:
Հարցին, թե պատճառն ի՞նչն է, որ այսքան անտարբեր են քաղաքի պատմության նկատմամբ, քանդում են ու քանդում, Դուրյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, մտածում են` մեզնից հետո` թեկուզ ջրհեղեղ: «Տարիներ առաջ մի երևանցի տղա եկավ Փարիզ, զանգեց ու ինձ ասաց, որ տեղավորվել է, տուն վարձել ու հիմա էլ տունն է վերանորոգում, կոնդիցիոներ տեղադրում: Ես նրան ասացի, որ չանի նման բան, հանկարծ պատերը չծակի, բայց չլսեց, իսկ արդյունքը եղավ այն, որ երկու ժամ անց տեղի քաղաքապետարանից եկան, ամբողջ ֆասադը ներկել տվեցին նրան: Երբ նա փորձում էր արդարանալ, թե` շոգում եմ, բա ի՞նչ անեմ, նրան պատասխանեցին, թե` մեր խնդիրը ձեր շոգելը չէ, մեր խնդիրը մեր քաղաքը պահելն է, դժգո՞հ եք, գնացեք ուրիշ տեղ: Մեր խնդիրն էլ մեր քաղաքը պահելը պետք է լինի»,- նշեց Դուրյանը: