Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
168.am-ի հարցազրույցը քաղաքաքագետ Արման Սահակյանի հետ
– Դեկտեմբերի 23-ին, Հայաստանի և Արցախի Անվտանգություն խորհուրդների համատեղ նիստում Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ ադրբեջանական համայնքին բանակցային գործընթաց մտցնելու բոլոր փորձերը պետք է չեզոքացնենք: Այս չեզոքացումն ինչպե՞ս եք պատկերացնում, երբ Ադրբեջանը բավականին ակտիվ միջազգայնացնում է «ԼՂ համայնք» հասկացությունը: Ըստ Ձեզ՝ միջազգային հանրության համար ընկալելի՞ է ադրբեջանական այս թեզը: Առհասարակ, ժամանակակից աշխարհի, միջազգային հանրության համար ազգերի ինքնորոշմա՞ն, թե՞ տարածքային ամբողջականության սկզբունքն է առավել ընկալելի, թեպետ սրանց տարանջատումն այնքան էլ ճիշտ չէ:
– Նախ՝ արձանագրենք, որ «ԼՂ ադրբեջանական համայնք» հասկացությունը ներառված է Մադրիդյան փաստաթղթում՝ առաջին կետում (որի տակ իր համաձայնությունը դրել է նախկին իշխանությունը), որը վերաբերում է ԼՂ կարգավիճակին։ Այսինքն՝ «ԼՂ Ադրբեջանի համայնք հասկացությունը» ֆորմալացվել է հենց վերոնշյալ փաստաթղթով, և դա նոր երևույթ չէ։ Ուղղակի Արցախի ադրբեջանական համայնքի մասին խոսակցությունների ինտենսիվացումը վերջին շրջանում կապված է այն իրողության հետ, որ Երևանը սկսեց հայտարարություններ անել Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու սկզբունքի մասին։ Բնականաբար, հայկական կողմերը պետք է ամեն ինչ անեն, որ այդ կոնտինգենտը չդառնա բանակցային գործընթացում քննարկման ենթակա սուբյեկտ։
Ինչ վերաբերում է երկու սկզբունքներին, ապա պետք է նշել, որ դրանք յուս կոգենս, այսինքն՝ միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներից են, որոնք ներառված են միջազգային հիմնարար փաստաթղթերում և հաճախ հակադրվում են միմյանց։ Սակայն տարածքային ամբողջականության սկզբունքն ավելի շատ աջակցություն ունի, քանի որ ակնհայտ է, որ մեծ տերությունների համար ազգերի ինքնորոշման իրավունքն ունի տերությունների տարածքների խախտելիության ռիսկ, այստեղից էլ առաջացել է այդ սկզբունքի ավելի ուժեղ առաջմղման գործընթացը։ Նույնիսկ ձևավորվել է մոտեցում, ըստ որի՝ ինքնորոշումը պետք է հասկանալ որևէ սուբյեկտի կազմում ինքնորոշում, այլ ոչ՝ անկախացման իրավունք։ Այս մոտեցումների ու միտումների մասին մենք պարտավոր ենք լավ իմանալ, որպեսզի կարողանանք մեր ռազմավարությունն ու մարտավարությունն արդյունավետ մշակել ու իրականացնել։ Սակայն պետք է ընդգծել, որ, համաձայն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընդունած 1514 հռչակագրի (որը կոչվում է գաղութացված ժողովուրդներին անկախություն տրամադրելու մասին հռչակագիր)՝ բոլոր ազգերն ունեն սեփական քաղաքական կարգավիճակն ազատորեն հաստատելու իրավունք։ Նույն հռչակագրում նաև ամրագրված է, որ պետք է դադարեցվի բոլոր ռազմական և ռեպրեսիվ միջոցների կիրառումը ոչ անկախ ազգերի դեմ, այնպես, որ նրանց համար հնարավոր լինի իրականացնել լիարժեք անկախության սեփական իրավունքը։ «Լիարժեք անկախության իրավունքը» շատ կարևոր արձանագրում է։
Ես ուզում եմ մի կարևոր հանգամանք ևս շեշտել. Բաքուն մշտապես կիրառում է «հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտություն» տերմինը՝ փորձելով հակամարտությունը ներկայացնել ՀՀ և Ադրբեջանի միջև Արցախի՝ որպես տարածքի համար մղվող հակամարտություն։ Այդ դեպքում տարածքային ամբողջականության սկզբունքի խաղարկումն ավելի է ուժեղանում, և հակառակը՝ նսեմացվում ազգերի ինքնորոշման իրավունքը։ Որովհետև, ինչպես նշեցի, հակամարտությանը փոխանցվում է տարածքային վեճի ստատուս։ Այդպիսով էլ, փաստորեն, Բաքուն փորձում է և իրավական խնդիրներից խուսափել, և միջազգային հանրության համար ընկալելիության ֆոն ստեղծել։
Այս առումով ուզում եմ նշել, որ մենք էլ պետք է շատ ուշադիր լինենք մեր ձևակերպումներում։ Օրինակ՝ պետք է դուրս գանք «արցախաադրբեջանական հակամարտ զորքեր» տերմինաբանությունից, որը մեծ հաճույքով կիրառում են Բաքվում։ Որովհետև Արցախը, նախ՝ հակամարտ զորք չունի, այլ գտնվում է միջազգային հակամարտության մեջ Ադրբեջանի հետ, երկրորդ՝ քանի որ Արցախը ճանաչված պետություն չէ, ապա նման ձևակերպումով մենք ավտոմատ կերպով քաղաքացիական պատերազմի տպավորություն ենք ստեղծում միջազգային հանրության մոտ, որ Արցախի զորքերը հակամարտ են՝ «կենտրոնի», այսինքն՝ Ադրբեջանի զորքերին։
Խոսելով արցախաադրբեջանական հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի լուծման հնարավորության մասին, կարծում եմ, որ վարչապետի այդ արձանագրումն ավելի շատ պետք է դիտարկել այլ՝ հոգեբանական, դիվանագիտական և քաղաքական-տեխնոլոգիական կոնտեքստով.
1. ադրբեջանական հանրությունն ավելի ռազմատենչ է և ավելի է հակված բացառելու ցանկացած զիջում։ Հետևաբար՝ նման մեսիջներով գուցե փորձ է արվում կաշկանդել միլիտարիստական տրամադրվածությունը և տրամադրել խաղաղության,
2. վարչապետի խոսքերը մեսիջ էին այդ հանրությանը, որ հակամարտության լուծումը չպետք է և հնարավոր չէ, որ միայն ադրբեջանական կողմին բավարարի։ Այսինքն, ադրբեջանցիները պետք է սկսեն մտածել, որ, եթե ուզում են լուծում, պետք է սկսեն հաշտվել այն մտքի հետ, որ լուծումը չի լինում «հաղթանակ-պարտություն» հայտնի սկզբունքով. մի կողմին՝ ամեն ինչ, մյուսին՝ ոչինչ։
Վերջապես, սա նաև դիվանագիտական քայլ էր, որը պետք է Ալիևին ստիպեր անելու նմանատիպ հայտարարություն, եթե կանի՝ լավ, չի անի, ապա դա կարելի է օգտագործել՝ որպես հաղթաթուղթ դիվանագիտական հարթակներում ադրբեջանական ղեկավարության դեմ։
– Արագ փոփոխվող աշխարհում հակամարտությունների կարգավորման կամ պատերազմների զսպման հարցում ո՞ր գործոնն է այսօր որոշիչ՝ տնտեսակա՞ն, քաղաքակա՞ն, թե՞ մեկ այլ: Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ ազդեցության գործոնների փոփոխություն տեղի ունենում է այս առումով:
– Պատերազմների զսպման համար թվարկված բոլոր գործոններն էլ կարևոր են՝ ներառյալ տեղեկատվական անվտանգությունը, ինֆորմացիոն զենքը, դրա կիրառման հմտությունը, ինչպես նաև կանխարգելիչ դիվանագիտությունը։ Այսինքն՝ ներքին ու արտաքին համալիր այնպիսի գործողությունների ամբողջությունը, որոնք պատերազմի սանձազերծումը հակառակորդի համար կդարձնեն չափազանց «թանկ ռեսուրս»։ Ու սրա մասին հակառակորդ երկրի ղեկավարությունը, ինչպես նաև՝ խաղաղ բնակչությունը (որը պակաս կարևոր չէ), պետք է իմանա հենց վերը նշված «ինֆորմացիոն զենքի» գրագետ կիրառմամբ։
Հեղափոխությունը, իհարկե, ադրբեջանական ղեկավարության մոտ որոշակիորեն խառնաշփոթ առաջացրել է՝ այն իմաստով, որ չգիտեն, թե ինչ սպասեն նոր իշխանությունից՝ արդյոք այն կգնա՞ ռադիկալ փոփոխությունների, արդյոք կկարծրացնի՞ դիրքորոշումը, թե՞ ոչ։ Այդ իմաստով, որոշակի անակնկալ էր Արցախը բանակցային սեղան վերադարձնելու՝ Երևանի դիրքորոշումը։
– Թուրք-ադրբեջանական հարաբերություններում ի՞նչ չերևացող խնդիրներ կան: Շատ է խոսվում Թուրքիայի ազդեցության մասին, ի՞նչ աստիճանի է այդ ազդեցությունը, և ո՞ր հարցերում է Ադրբեջանն իրեն թույլ տալիս «ձեռքը խփել սեղանին»:
– Հայտնի է, որ Թուրքիան ռեգիոնալ գերտերություն լինելով՝ հենվում է Ադրբեջանի վրա՝ որպես սեփական աշխարհաքաղաքականության իրականացման պատվար ու հարավկովկասյան ազդեցության տարածման միջանցք։ Այս տեսանկյունից Անկարան շատ կարևորում է Նախիջևանի դերը, որի հետ ունի ցամաքային սահման, իսկ վերջինս սահման չունի Ադրբեջանի հետ։ Նախիջևանն աստիճանաբար ընկնում է կախվածության մեջ Թուրքիայից՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ կոմունիկացիոն առումով։ Սրան Բաքվում նայում են բավականին մեծ խանդով, բայց առայժմ կոնֆլիկտային երևույթներ, առնվազն կոգնիտիվ՝ տեսանելի մակարդակում, չկա, ինչը չի նշանակում, որ չի կարող լինել, եթե մենք ճիշտ ինֆոքաղաքականություն իրականացնենք։ Առնվազն կասկածներ հնարավոր է սերմանել Բաքվում, որ Թուրքիան ցանկանում է սահուն կերպով այդ տարածքը դե ֆակտո դարձնել իրենը։ Բայց Ադրբեջանն այս փուլում չի կարող «ձեռքը խփել սեղանին», քանի որ Արցախի հետ հակամարտության մեջ լինելով՝ Բաքուն Թուրքիայի կարիքն ունի շատուշատ առումներով, ընդհուպ՝ հոգեբանական, որը պակաս կարևոր չէ։ Հաշվի առնենք, որ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերություններին Ադրբեջանը փորձում է նաև հակադրվել Թուրքիայով։ Սա հենց այդ հոգեբանական նշանակություն ունեցող ասպեկտն է։
– Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան տնտեսական՝ էներգետիկ, տրանսպորտային, առևտրային, ի՞նչ չօգտագործված պոտենցիալ կա, ո՞ր հարցում ենք թերանում մենք, կամ գուցե կան օբյեկտիվ պատճառներ:
– Այստեղ ցանկանում եմ առանձնակի կարևորել կոմունիկացիոն խնդիրը, որը նախորդ իշխանության կողմից չիրականացվեց ու կորավ Հյուսիս-Հարավ ծրագրի անհայտության մեջ։ Նոր իշխանությունը խոսեց դրա կարևորության և նոր թափով վերագործարկման մասին, ինչը հնչեցվեց նաև Իրանի նախագահի հետ վարչապետի հանդիպման ժամանակ, բայց սա դեռ շատ երկար ժամանակ կպահանջի, կարծում եմ։
Մյուս կարևոր խնդիրը «Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական գծի» սահմանումն է, որը կարող է հակադրվել Թուրքիա-Ադրբեջան տանդեմի «Արևելք-Արևմուտք աշխարհաքաղաքական գծին»։ Այստեղ, իհարկե, Հայաստանը շատ անելիք ունի։ Ադրբեջանը շատ ակտիվ է աշխատում հենց նման գծի բացառման և Հայաստանի մեկուսացման համար, այսինքն՝ կիրառում է, դասական տերմինով ասած՝ «անակոնդայի օրենքը», մենք էլ պետք է մտածենք այն «ճեղքելու» և համարժեք պատասխանելու ռազմավարության մասին՝ և՛ տեսական, և՛ գործնական իրականացմամբ։ Չնայած Ադրբեջանն ունի ռեսուրսներ, բայց մենք էլ պետք է մերը ստեղծենք խելացի և արտադրական տնտեսությամբ, որպեսզի կարողանանք և՛ հակակշռել, և՛ ուժերի բալանսի վրա ազդել, և՛ փոխել ստատուս-քվոն մեր օգտին։
Մի խոսքով, այնպես անել, որ արդեն Ադրբեջանը սկսի հակադրման, հակակշռման քաղաքականություն իրականացնել։ Այսինքն՝ դադարի լինել թելադրող՝ ուժերի բալանսի, ստատուս-քվոյի փոփոխման առումներով: Եվ, որ չափազանց կարևոր է՝ պետք է զրկել նրան «պատերազմ սկսելու մենաշնորհից» ու դրա գիտակցումից։
– Մոտ երկու ամիս առաջ ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը վստահեցրել է՝ Չինաստանը շարունակում է մնալ Հայաստանի` թվով երկրորդ առևտրային գործընկերը։ Ի՞նչ չափի կապիտալի մասին է խոսքը, ինչո՞վ է Հայաստանը գրավիչ Չինաստանի համար, ի՞նչ պրոդուկտով: Ի դեպ, գաղտնիք չէ՝ Հայաստանն աշխարհագրորեն հետաքրքրություն է ներկայացնում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի համար, ապահովում է ելք դեպի իրանական շուկա, ունի արտոնյալ հնարավորություններ Եվրամիության անդամ երկրների հետ նաև, սա ի՞նչ չափով է օգտագործվում, կամ ՀՀ-ն դրանից ի՞նչ չափով է օգտվում:
– Վերջին շրջանում, երբ Չինաստանը սկսեց ակտիվորեն ինտեգրվել ներկա աշխարհակարգին և փորձել սեփական ազդեցությունը տարածելով՝ փոխել շատ նորմեր իր համար ցանկալի հունով, շատ երկրներ սկսեցին հայտնվել նրա տեսադաշտում։ Չինաստանը, սակայն, գլոբալ ազդեցության տիրույթում անմասն է մնում ռազմաքաղաքական կոմպոնենտի կիրառումից՝ դրա համար ունենալով մի շարք օբյեկտիվ պատճառներ։ Այդ իսկ պատճառով, Պեկինը վարում է տնտեսական էքսպանսիայի քաղաքականություն, որը երբեմն որոշ մասնագետներ անվանում են «կոնտեյներային դիվանագիտություն»։ Այս առումով Մետաքսի ճանապարհը լավ գործիք կարող է լինել նման քաղաքականության իրականացման տեսանկյունից։ Այն ոչ միայն տնտեսական-քաղաքական, այլև պատմական և սիմվոլիկ նշանակություն ունի։ Չինացիները, կարևորելով սիմվոլիզմը հասարակական-քաղաքական ու դիվանագիտական հարաբերություններում, չեն կարող այս բաղադրիչը հաշվի չառնել։ Չէ՞ որ սիմվոլիկան քաղաքականության մեջ ունի նաև նշանակալի ազդեցություն իր համախմբման գործառույթով։ Հայաստանը, ոչ միայն այս, այլև զուտ քաղաքական առումով էլ է Չինաստանի համար կարևոր երկիր, որը գտնվում է թյուրքական պետությունների արանքում։ Չինաստանի համար թյուրքական գործոնը ցավոտ է, որովհետև էթնիկ անհնազանդությունների խնդիր ունի Շինձիան նահանգում, որտեղ ապրում է թյուրքական ույֆուրական համայնքը՝ մոտ 40 մլն բնակչությամբ, և որին Անկարան տրամադրում է կենտրոնական իշխանությունների դեմ։
Բայց պետք է օբյեկտիվ լինենք և հասկանանք, որ Հայաստանը շատ փոքր շուկա է Չինաստանի համար, և ներկա դրությամբ Չինաստանին հետաքրքրում է՝ որպես աշխարհաքաղաքական գործոն ու կոմունիկացիոն որոշակի հանգույց։ Ես չեմ ուզում վերամբարձ բաների մասին խոսել, եթե ռեալ նայենք, Հայաստանի պոտենցիալը դեռևս չի հերիքում, որ դառնա միջնորդ այնպիսի գիգանտների միջև, ինչպիսիք են Չինաստանն ու ԵՄ-ն։ Իհարկե, սա չի նշանակում, որ չենք կարող այդ արանքում որոշակի շահեր հետապնդել ու իրացնել, որովհետև քաղաքականությունը, այնուամենայնիվ, հնարավորի արվեստ է, և շատ կարևոր է, թե ով ինչ է ստանում, երբ և ինչպես։