կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-11 14:31
Հասարակություն

Մանրամասներ ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության վերաբերյալ

Մանրամասներ ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության վերաբերյալ

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հարգելի համերկրացիներ եւ հյուրեր,

Ստորև ներկայացնում ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին եւ 24-ին անցկացվելիք միջոցառումների, մասնակիցների տեղափոխության, երթեւեկության եւ անվտանգության հետ կապված պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները. 2015 թվականի ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ից բաց խորանի մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, ինչպես նաև կցուցադրվի Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա:

 

Հաշվի առնելով միջոցառումների ծավալը, մասնակցել ցանկացողների քանակը և բազմաթիվ պաշտոնական պատվիրակությունների ներկայությունը՝ ՀՀ ոստիկանությունը, Երևանի և Էջմիածնի քաղաքապետարանները մշակել են հատուկ երթուղիներ, համաձայն որոնց՝ Երևանի Բրազիլիայի հրապարակից Էջմիածին կմեկնեն անվճար ավտոբուսներ, որոնք ուղևորներին կհասցնեն մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք և, այնուհետև, միջոցառման ավարտին կվերադարձնեն Երևան: Խորհուրդ է տրվում խուսափել սեփական փոխադրամիջոցների օգտագործումից:

 

Սեփական ավտոմեքենաներով Էջմիածին մեկնողների տրանսպորտային միջոցները պետք է կայանել Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածում, որտեղից էլ ցանկացողներին ավտոբուսներով կտեղափոխեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Անվտանգության նկատառումներից ելնելով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք, ինչպես նաև ստորև նշվող այլ հանրային միջոցառումների անցկացման վայրեր մուտք գործող անձանց արգելվում է`

1) կրել կամ ունենալ քիմիական, պայթուցիկ, հրավառ և դյուրավառ նյութեր, ինչպես նաև այն իրեր և միջոցներ, որոնց առկայությունը կամ կիրառումը կարող է վտանգ ներկայացնել շրջապատում գտնվող անձանց համար,

 

2) ունենալ ռազմամթերք, զենքի ցանկացած տեսակ և դրանց փամփուշտներ (բացառությամբ այն անձանցից, ովքեր, ելնելով ծառայողական պարտականությունների կատարումից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն պահել, կրել, կիրառել և օգտագործել հաշվեցուցակային հրազեն),

 

3) ունենալ մեծածավալ առարկաներ, այդ թվում՝ տնտեսական և այլ մեծ պայուսակներ, տոպրակներ, պարկեր, ճամպրուկներ, ուսապարկեր և այլն: Միջոցառման անցկացման ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք բերվող անձնական իրերը ենթարկվելու են զննման»: