կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-18 16:32
Քաղաքական

Վարչապետը համոզված է, որ 2015 թվականին արձանագրվելու է տնտեսական աճ

Վարչապետը համոզված է, որ 2015 թվականին արձանագրվելու է տնտեսական աճ

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ծաղկաձորում ապրիլի 17-19-ն անցկացվող «Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողովի աշխատանքներին:

 
Վարչապետը նշել է, որ կառավարությունը երիտասարդության՝ հասարակության մեջ ակտիվ ներգրավման և սոցիալական ապահովման հետ կապված խնդիրները հայտարարել է պետական սոցիալական քաղաքականության ռազմավարական ուղղություն:


 «Մենք մի շարք ծրագրեր ենք իրականացնում՝ ուղղված երիտասարդության զբաղվածության և սոցիալական խնդիրների լուծմանը: Մասնավորապես՝ հիպոթեքային համակարգից օգտվելու հնարավորությունների ընձեռումն այնպիսի ծրագրի միջոցով, ինչպիսին է երիտասարդ գիտնականներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը: Խթանման մեխանիզմներ են սահմանվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սկսնակ գործարարների համար: Սակայն խնդիրները բազմաբնույթ են, և դեռևս շատ անելիքներ ունենք: Վստահ եմ, որ երկրի տնտեսական վերելքին զուգահեռ մենք ի վիճակի կլինենք զգալիորեն բարելավել իրավիճակը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:


Կառավարության ղեկավարի խոսքով՝ այսօր մեր ամենալուրջ խնդիրներից  մեկը զբաղվածության հարցն  է: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ գործազրկության մակարդակի նվազեցման եղանակներից մեկը մասնագիտական հմտությունների բարձրացումն է և երիտասարդության ներգրավումը ձեռնարկատիրական գործունեության մեջ:


Վարչապետն անդրադարձել է նաև տնտեսության զարգացման հեռանկարներին, այդ ուղղությամբ իրականացվող քայլերին: «Ես հուսով եմ և համոզված, որ այն ծրագրերը, որոնք կյանքի են կոչվում և ընթացքի մեջ են՝ 2015 թվականի երկրորդ կիսամյակից կտան իրենց արդյունքներըՉնայած կան բազմաթիվ կանխատեսումներ, որ մենք ունենալու ենք տնտեսական անկում՝ հաշվի առնելով տարածաշրջանի լարվածությունը, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները և այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբսակայն ես համոզված եմ, որ մենք 2015 թվականին արձանագրելու ենք տնտեսական աճ»,- նշել է վարչապետը:

 

 Կառավարության ղեկավարի խոսքով՝ ոչ ոք չէր կարող ծրագրել, որ 2015 թվականին կարձանագրվի ռուսական ռուբլու արժեզրկում, ինչը նաև իր բացասական ազդեցությունն է ունենում Հայաստանի տնտեսության վրա:

 

Չնայած դրան, Հովիկ Աբրահամյանy փաստել է, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է 1,8 տոկոսի տնտեսական աճ՝ նշելով, որ առաջին եռամսյակում  դրական տեղաշարժն ակնհայտ կլինի

 

«Առաջիկա օրերին տվյալները կհրապարակվեն և կարծում եմ, որ մենք կունենանք 2,5-3 տոկոսի տնտեսական աճ, և ես համոզված եմ, որ մեր միասնական ուժերով 2015 թ. իրականացվող բոլոր ծրագրերն իրենց դրական արդյունքները կտան մեր տնտեսության զարգացման գործում»,-նշել է վարչապետը, հավելելով նաև, որ քննադատությունները, կանխատեսումները նաև զգոնություն են հաղորդում կառավարությանը:  «Մենք դեռ շատ անելիքներ ունենք, և ես կարևորում եմ նաև երիտասարդության աջակցությունը»,- նշել է կառավարության ղեկավարը: