կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-07 14:01
Տնտեսական

2015-ին կունենանք 5-6 տոկոս տնտեսական աճ . Արծվիկ Մինասյան

2015-ին կունենանք 5-6 տոկոս տնտեսական աճ . Արծվիկ Մինասյան

2015 թվականը Հայաստանի տնտեսության համար շատերը շրջադարձային են համարում, քանի որ երկիրը մուտք է գործում նոր տնտեսական տարածք` անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը: Ի դեպ, ԵՏՄ-ին անդամակցությունը կարող է ինչպես դրականորեն, այնպես էլ բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա: Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ` դա կախված է կառավարության ձեռնարկած քայլերից, թե որքանով դրանք խելամիտ կլինեն:

 

«ԵՏՄ անդամակցությունը 2015-ին մեր տնտեսությանը կարող է նոր որակ հաղորդել, եթե մենք լինենք նախաձեռնողական և տնտեսության իրական հատվածում կարողանանք կատարել ներդրումներ: Այդ պարագայում մենք ԵՏՄ-ից կարող ենք օգուտներ քաղել: Հակառակ դեպքում` կհայտնվենք էլ ավելի ծանր տնտեսական վիճակի մեջ»,- Yerkir.am-ի` հետ զրույցում նշեց պատգամավորը: Արծվիկ Մինասյանի խոսքով` հենց այս հանգամանքով է պայմանավորված նաև 2015-ին տնտեսական աճի ցուցանիշը: «Եթե այս պահի դրությամբ ենք գնահատում, ապա կարծում եմ, որ 2015 թվականին մենք կունենանք 3 տոկոսի շրջանակներում տնտեսական աճ, իսկ եթե հաջողությամբ օգտագործենք ԵՏՄ-ի տված հնարավորությունները` մաքսային նոր ռեժիմ, արտահանման ծավալների մեծացում, ներդրումների ավելացում, ապա կարծում եմ, որ կունենանք 5-6 տոկոսի շրջանում տնտեսական աճ»,- վստահեցրեց պատգամավորը:

 

2014 թվականի ավարտն աչքի ընկավ գնաճային մեծ ճնշումներով, դրամի կտրուկ արժեզրկման հետևանքով առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացան մինչև երկու անգամ: Ճիշտ է, այդ թանկացումների զգալի մասը պայմանավորված էր խուճապային տրամադրություններով, բայց գնաճային ճնշումները Հայաստանում պահպանվում են, և ըստ Արծվիկ Մինասյանի` դրանք շարունակական կլինեն նաև 2015-ին: «Քանի որ 2015-ին դրամական բազան ընդլայնելու խնդիր ունենք, գնաճն այս տարի տատանվելու է 5-6 տոկոսի սահմանում, եթե արտակարգ դեպքեր տեղի չունենան: Գնաճը ԿԲ-ի կանխատեսած 4% պլյուս, մինուս 1 % -ից ավելի կլինի: Գնաճային ճնշումներ կլինեն հաջորդ տարվա կեսերին, քանի որ կառավարությունը իր հարկաբյուջետային քաղաքականությամբ որոշակի բարձրացումներ կանի, որպեսզի բնակչության գնողունակությունը բարձրանա»,- նշեց պատգամավորը: