կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-04 13:55
Տնտեսական

2017 թվականին տնտեսական աճի ցուցանիշը 3.2% է կանխատեսվել. ֆինանսների նախարար

2017 թվականին տնտեսական աճի ցուցանիշը 3.2% է կանխատեսվել. ֆինանսների նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր լրագրողներին ներկայացրեց 2017 թվականի պետական բյուջեի շրջանակը, խոսեց վերջին ժամանակների տնտեսական զարգացումների մասին:

Նորանշանակ նախարարի խոսքով՝ շատ կարևոր է, որ մենք ճիշտ հասկանանք ու ախտորոշենք տնտեսական իրավիճակը: «Շատ կարևոր է՝ կառավարությունն ազդակներ փոխանցի, որ մարտահրավերների լուծման ուղիներն իր ձեռքի տակ ունի և տիրապետում է միջավայրին»,- ասաց Արամյանը՝ հավելելով, որ բյուջեն նախագծելիս հաշվի է առնվել ընդհանուր տնտեսական վիճակը: «Փորձել ենք ներկայացնել խելամիտ բյուջե, որպեսզի այն ճշգրիտ արտացոլի մեր տնտեսական վիճակը»,- նշեց նա:

Նախարարը, խոսելով տնտեսական զարգացումների մասին, մեջբերեց վարչապետ Կարեն Կարապետյանի այն միտքը, թե Հայաստանի տնտեսությունը բարդ իրավիճակում է: «Վարչապետը ներկայացրել է, որ տնտեսական իրավիճակը բավականին բարդ է և այլն: Այդ խոսքերը ես խնդրում եմ ընդունել որպես իրողություն, բայց դա բնավ չի նշանակում, որ ապագայի նկատմամբ պետք է ձևավորենք բացասական սպասումներ»,- ասաց նա:

Արամյանի բնորոշմամբ՝ Հայաստանի տնտեսությունն այժմ այնպիսի վիճակում է, որը միայն մեր երկրին չէ, որ հատուկ է:  «Ամբողջ աշխարհում էլ  լինում են նման բաներ: Մեր տարածաշրջանի այլ  երկրներում  էլ են նման իրավիճակներ դրսևորվում: Վերջին երկու տարիների ընթացքում` 2014-2015 թվականներից սկսած,  երկու խոշոր զարգացում տեղի ունեցավ:  Առաջինը  Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սանկցիաներն են: Բնականաբար, այդ երկիրը մեր կարևորագույն գործընկերն է, և տրանսֆերտներ ենք ստանում: Դա իր ազդեցությունը չի կարող չունենալ: Երկրորդը` համաշխարհային շուկաներում հումքային ապրանքների գների նվազումն էր»,- նշեց նա:

Նախարարի խոսքով՝ եթե միայն թվերի լեզվով խոսենք, տրանսֆերտները 2014-15 թվականներին 700 միլիոն դոլարի չափով կրճատվել են, շուրջ 140 միլիոն էլ կունենանք այս տարի: Ակնհայտ է, որ Հայաստանում այդքան արտարժույթ չի մտել:

Արամյանը տնտեսական համակարգը համեմատեց մարդու օրգանիզմի հետ, որը սառը քամիներից հյուծվում է, իսկ հաբ ընդունելիս վերականգնումը միանգամից չի կատարվում: Նորանշանակ նախարարը հայտարարեց, որ, եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկեր, մենք ականատես կլինեինք ավելի բացասական արդյունքների, կունենայինք փոխարժեքի կտրուկ արժեզրկում:

Նախարարը նշեց, որ 2016 թվականին ակնկալվում է տնտեսական  2.4% իրական աճ` նախապես կանխատեսված 2.2%-ի փոխարեն, իսկ 2017 թվականին տնտեսական աճի ցուցանիշը 3.2% է կանխատեսվել: Արամյանը հայտարարեց նաև, որ այս տարին կավարտվի 1.6 տրիլիոն հարկային ցուցանիշով, որը 80 մլրդ-ով պակաս է սպասվածից: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ:

Նրա խոսքով` հաջորդ տարի 150 միլիարդ դրամի պակասուրդ կա, որից 70 միլիարդը ներքին աղբյուրների հաշվին կապահովվի` 45 միլիարդը պետական պարտատոմսեր են լինելու,  մնացած մոտ 80 միլիարդը` արտաքին ֆինանսավորման, աղբյուրների հաշվին: Նախարարը նշեց, որ փորձել են հարկերը չափից շատ չկանխատեսել, որը նշանակում է՝ տնտեսվարողներից անհարկի միջամտություն և գանձումներ չեն լինի, և սպասվում է 1 տրիլիոն 210 միլիարդ դրամի եկամուտներ: