Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-04-04 12:09
Հասարակություն

Նախարարն արձագանքել է պատգամավորի դժգոհություններին

Նախարարն արձագանքել է պատգամավորի դժգոհություններին

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրատվության առանձին միջոցներ և լրագրողներ անցած օրը փորձում էին մեկնաբանություններ ստանալ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի երեկվա նիստում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախագծի քննարկման ընթացքում պատգամավորի կողմից կառավարության եզրակացության վերաբերյալ հնչեցրած մտահոգությունների վերաբերյալ:

 

Հարցադրումներն անպատասխան չթողնելու և մեր դիրքորոշումը պարզաբանելու նպատակով անհրաժեշտ եմ համարում արձանագրել հետևյալը. ՀՀ կառավարության իրավական եզրակացությունները որևէ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ նպատակ ունեն բացառապես նպաստելու ճիշտ օրենսդրական քաղաքականությանը և առավել կատարյալ օրենքներ ունենալուն:

 

Քանի որ ցանկացած իրավական խնդրի, օրենսդրական կարգավորման նախագծման ընթացքում առաջացող հարցի վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ, երբեմն՝ հակադիր, մենք բնական ենք համարում դա և նույնիսկ օգտակար ենք գտնում գաղափարների բախումը՝ որպես առավել արդյունավետ և ճիշտ լուծումներ հայտնաբերելու ճանապարհ: Ցավում ենք, որ իրավական դիրքորոշման մեջ պարունակվող որոշ վերլուծություններ ընկալվել են այլ, ոչ մասնագիտական կամ իրավական հարթության մեջ:

 

Բացառապես հարգալից վերաբերմունք ունենալով ինչպես պարոն Մարուքյանի, այնպես էլ Ազգային Ժողովի որևէ պատգամավորի նկատմամբ, վստահ ենք, որ միայն փոխադարձություն ենթադրող նման աշխատանքային համագործակցությունը կարող է արդյունավետ լինել:

 

Հ.Գ. Իմ անձնական վերաբերմունքը Էդմոն Մարուքյանին պայմանավորված է ոչ միայն պատգամավորի կարգավիճակով, այլև նրա անձնական, բարոյական և մասնագիտական բարձր հատկանիշներով»:

 

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը երեկ դժգոհել էր արդարադատության նախարարից: