Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հայտարարել է, որ թեեւ ինքը մտահոգություն ունի՝ կապված ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության դեմ որոշումների հետ, ենթադրում ենք՝ առավելաբար Հայաստանի Հանրապետությունից գանձած տասնյակհազարավոր եվրոների առնչությամբ, սակայն առաջարկում է մեկընդմիշտ փակել այդ թեման:
Թեման, հիշեցնենք, հետեւյալն է. ՀՀ այն քաղաքացիները, որոնց հանդեպ ՀՀ դատարանները կայացրել են, առաջինների կարծիքով, սխալ վճիռներ, դիմում են ՄԻԵԴ, ստացվում է` ընդդեմ ՀՀ-ի, իսկ իրականում՝ ՀՀ-ում արդարադատություն իրականացնող կոնկրետ դատավորների: Արդյունքում` ՄԻԵԴ-ը, որպես կանոն, որոշումներ է կայացնում հօգուտ քաղաքացիների եւ պարտավորեցնում ՀՀ-ին պետական բյուջեից «մուծվել» տուժած քաղաքացիներին: Այսինքն` ստացվում է, որ կոնկրետ դատավորի սխալ որոշման արդյունքում ՀՀ-ն պարտավորություն է ստանձնում, ենթադրենք, 10 հազար եվրո վճարել, օրինակ, քաղաքացի Ա. Պ. Պողոսյանին, քանի որ վերջինիս դատած կոնկրետ դատավորը, ըստ ՄԻԵԴ-ի, սխալ որոշում է կայացրել:
Արդյոք սա խնդի՞ր է: Անգամ արդարադատության նախարարն է համարում, որ խնդիր է, ուրեմն պե՞տք է մեկընդմիշտ փակել այս թեման, արդարադատության նախարարը համարում է, որ պետք է: Բայց քանի որ շատերն այդպես չեն կարծում, շարունակենք:
Նախարար Մանուկյանը նշել է նաեւ, որ իրենք, այսինքն՝ նախարարությունը, պետությունը, չեն կարող սխալ որոշումներ կայացնելու պատճառով նյութապես պատժել այդ որոշումների հեղինակ դատավորներին: Այսինքն` եթե, օրինակ, ինչ-որ դատավոր ինչ-որ քաղաքացու հանդեպ սխալ որոշում է կայացնում, ինչի սխալ լինելը տվյալ քաղաքացին ապացուցում է ՄԻԵԴ-ի օգնությամբ, որն էլ պարտավորեցնում է Հայաստանին, ասենք, 60 հազար եվրո վճարել տվյալ քաղաքացուն, մեր երկիրը չի կարող այդ 60 հազար եվրոն ոչ թե պետական բյուջեից ելք անել, այլ գանձել տվյալ դատավորից:
Ըստ նախարար Մանուկյանի` նման պրակտիկայի կիրառման արդյունքում «ոչ ոք չի ցանկանա աշխատել ՀՀ արդարադատության համակարգում»: Հենց սա է, ըստ էության, նախարար Մանուկյանի ասածի հիմնական «բոցը»: Բանն այն է, որ, համաձայն հիշյալ արտահայտության, ստացվում է, որ ՀՀ-ում մարդիկ ցանկություն են հայտնում աշխատել դատական համակարգում, քանի որ անգամ սխալ որոշումներից հետո իրենց նյութապես ոչ ոք չի պատժելու. եթե իմանան, որ պատժվելու են, չեն համաձայնի:
Հետո նախարարն ասել է, որ եթե անգամ դատական համակարգը վատն է, այն կարեւոր է եւ պետք է լինի: Այս ասելով` նախարար Մանուկյանը, հավանաբար, հիշել է Վճռաբեկ դատարանի նախագահ աշխատած իր տարիները, հատկապես` այն դեպքը, երբ իրենց իսկ կողմից անփոփող թողնված դատավճիռը ՄԻԵԴ-ի կողմից ճանաչվել էր սխալ: Այսինք`ն այն ժամանակ դատավոր Մանուկյանի սխալ որոշման արդյունքում նաեւ ՄԻԵԴ-ը մեր երկրին պարտավորեցրել էր վճարել, եւ այդ վճարը Մանուկյանն իր գրպանից չի արել:
Հո վայրենություն չի՞, որ իր իսկ գործած սխալի համար դատավորը նյութապես պատասխան տա: Ոչինչ, որ պետական բյուջեն դատարկվի վատ դատական համակարգի եւ վատ դատավորներ պահելու եւ նրանց վարձրատրելու համար, կարեւորը` դատավորները անպատիժ մնան, բարձր աշխատավարձ ստանան: Այ, եթե այն ժամանակ դատավոր Մանուկյանը սեփական գրպանից հազարավոր եվրոներ վճարեր քաղաքացուն, դա վայրենություն կլիներ…
Եթե դատական համակարգը վատն է, ապա ավելի լավ է չլինի, համենայն դեպս դրա լինել-չլինելով չէ պայմանավորված ՀՀ-ում արդարադատության իրականացումը, որովհետեւ վատ դատական համակարգը արդարադատություն չի իրականացնում: Հույս կա, որ այն կիրականացնեն այն դատավորները, ովքեր կվախենան… ժողովրդի ցասումից չէ, դրանից ոչ մի դատավոր չի վախենում, ոչ էլ մեկընդմիշտ թեման փակող նախարարից, այլ իրենց սխալ որոշումների հետեւանքով իրենց նյութական մուծումներից: Ի դեպ, երբեմն պետք է վայրենի լինել՝ վայրենությունը մեկընդմիշտ վերացնելու համար:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ