կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-29 14:45
Տնտեսական

Վարկ վերցնելու արդյունքում էլեկտրաէներգիան կթանկանա 2,5 դրամով

Վարկ վերցնելու արդյունքում էլեկտրաէներգիան կթանկանա 2,5  դրամով

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած` 2014 թ. դեկտեմբերին Մոսկվայում ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ստորագրված «Ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

 

Հիմնական զեկուցող` էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, ներկայացնելով համաձայնագիրը, նշեց, որ երկարաձգվում է էներգաբլոկի աշխատանքը, և համապատասխան մարմինների միջև կանոնակարգվում են իրավական հարաբերությունները և կազմակերպչական հարցերը: Այդ աշխատանքներից հետո ատոմակայանը մինչև 2026թ. կունենա աշխատելու լիցենզիա:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց փոխնախարարին ատոմակայանի աշխատանքի անվտանգության երաշխիքների, նաև էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ, որ վերջին թանկացման ժամանակ պատճառների թվում էր այն, որ 88 օր ատոմակայանը կանգնել էր վերանորոգման: «Այսօր էլ սպասվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, ի՞նչ եք կարծում, էներգաբլոկի շահագործման երկարաձգման դեպքում քանի՞ օր է կանգնելու ատոմակայանը, և դա ո՞նց է ազդելու սակագնի վրա»,- հարցրեց պատգամավորը:

 

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փոխնախարարը նշեց, որ դա առաջնահերթ ու սկզբունքային հարց է, կիրառվում են միջազգային կոնվենցիաներով նախատեսված կարգավորումները, որոնք շատ խիստ են, լինելու է փորձաքննություն՝ մինչ շահագործելը: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին, փոխնախարարը նշեց, որ ատոմակայանն ամեն տարի առնվազն 45 օրով կանգնեցնում է իր աշխատանքները, որպեսզի իրականացվեն վերանորոգման աշխատանքներ:

 

«Սակագնային մարժայում այդ աշխատանքների կանգ առնելը արտացոլված է հաշվարկներում, դա սակագնի վրա լրացուցիչ բեռ  չի լինելու: Սակագնի վրա լրացուցիչ բեռ կլինեն միայն վարկային ռեսուրսները, որոնք Հայաստանը վերցնելու է, որովհետև այդ վարկերը պետք է մարվեն: Խոսքը մեկ կիլովատտ ժամի համար մինչև 2,5 դրամի մասին է, ներառյալ` ԱԱՀ-ն»,- ասաց նա: