կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-04 12:54
Հասարակություն

Երևանի մանկապարտեզներում ժամ առաջ փորձում են ազատվել երեխաներից

Երևանի մանկապարտեզներում ժամ առաջ փորձում են ազատվել երեխաներից

Այսօր առավոտյան Երևանի Կենտրոն համայնքի մանկապարտեզների դռները փակ են եղել ավագ նախադպրոցական խմբի երեխաների համար: Աշխատանքի շտապող ծնողները պարզաբանում են պահանջել մանկապարտեզների վարիչներից, եւ նրանց պատասխանել են, թե քաղաքապետարանից է հրահանգ իջեցվել:

 

Եթե նախկինում դպրոցահասակ (մինչև 6 տարեկան) երեխաները մանկապարտեզ կարող էին հաճախել մինչև սեպտեմբերի 1-ը, իսկ վերջին տարիներին` մինչև հուլիսի 1-ը, ապա այս տարի, փաստորեն, մինչև հունիսի  4-ը:

 

Yerkir.am-ի  հետ զրույցում ծնողները  դժգոհեցին, որ իրենցից շատերն աշխատում են, և երեխաներին խնամողներ չունեն:

 

Կենտրոն համայնքի հանրակրթության բաժնից տեղեկացանք, որ նման հրաման քաղաքապետարանից ստացել են դեռ երեկ: Սակայն քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը հերքեց այդ լուրը` նշելով, որ, ըստ երևույթին, Կենտրոն համայնքն է նման բան որոշել: Մեզ չհաջողվեց կապ հաստատել քաղաքապետարանի հանրակրթության վարչության  պետ  Գայանե Սողոմոնյանի հետ, քանի որ նա շրջայց էր կատարում քաղաքի մանկապարտեզներում:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարության` նախադպրոցական տարիքի կրթության ավագ մասնագետ Հասմիկ Միտոյանի խոսքով' նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնառության ծրագիրն ավարտվում է հունիսի 15-ին, երբ կազմակերպվում են տարեվերջյան հանդեսները: Ըստ նրա` ստեղծված իրավիճակը մանկապարտեզների գերբեռնվածության արդյունքն է: «Երեխաների ավարտական գործընթացն ավելի վաղ են կազմակերպում, որպեսզի պատրաստվեն նոր ընդունելության»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց տիկին Միտոյանը` նշելով, որ մարզերում նման խնդիր չկա:

 

Ըստ մեր զրուցակցի` երբ մանկապրտեզներն անվճար դարձան,  ծնողները գնացին ծայրահեղության. աշխատող-չաշխատող` բոլորն իրենց երեխաներին բերեցին մանկապարտեզ: Նա համարում է, որ քաղաքապետարանը պետք է կանոնակարգի այդ գործընթացը. «Երեխաների ընդունելության ընթացքում մանկապարտեզները նախապատվությունը պետք է տան աշխատող ծնողների երեխաներին»:

 

Նշենք նաև, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ են, Երևանում բնակվող, սակայն Երևանի գրանցում չունեցող տարբեր մարզերի բնակիչների երեխաների համար դրանք վճարովի են: