Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ԲՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ իր հայտարարության մեջ Տիգրան Ուրիխանյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին` նրանից ստացած հոգեւոր արժեքների համար: Որպես հոգեւոր արժեք, հավանաբար, պետք է հասկանալ Ծառուկյանի եկեղեցաշինությունն ու եկեղեցասիրությունը: Դե, տեսնելով, որ Սուրբ Էջմիածինը երբեք հրապարակավ շնորհակալություն չի հայտնում Գագիկ Ծառուկյանին նորանոր եկեղեցիների համար` Ուրիխանյանը որոշում է հարցին այսպիսի լուծում տալ:
Չի բացառվում, որ պարոնայք Ծառուկյանն ու Ուրիխանյանը գուցե այլոց ներկայությամբ ունեցել են բազմաթիվ հետաքրքրաշարժ եւ ուսանելի զրույցներ: Ասենք` ամեն շաբաթ երեկո, հաշվի առնելով, որ դեմը կիրակի է, մինչեւ լույս նստել են «կանյաչնիում» եւ բազմաթիվ քարացած առյուծների լայն բացված երախների ներքո զրուցել, զրուցել, զրուցել, սովորել, սովորել, սովորել երկրի, ժողովրդի, պետության, պետականության, հայրենիքի, ազգի, քաղաքացու մասին: Ընդ որում` հիմնականում խոսել է Ծառուկյանը, իսկ կոնկրետ Ուրիխանյանը բլոկնոտում գրառումներ է կատարել, լսածն ամբողջը հոգեւոր արժեք է, չէ՞…
Հիմա էլ, լսելով հազարավոր պարկեշտ եւ ազնիվ մարդկանց հորդորը, Ուրիխանյանը բացում է «Քաղաքացիական շտաբ», որպեսզի այդ հոգեւոր արժեքները տարածում ստանան:Եվ չնայած ինքն էլ, ԲՀԿ-ականներն էլ հայրենասեր մարդիկ են եւ ուզում են մեր երկիրը տանել դեպի բարելավում, բայց, ի տարբերություն Ուրիխանյանի, ԲՀԿ-ն դա ցանկանում է անել առանց այդ հոգեւոր արժեքների հիմքի: Մարդն էլ մինչեւ վերջ, նույնիսկ վերջից էլ ավելի դիմանալով` այլեւս նպատակահարմար չի համարում դիմանալ եւ հեռանում է ԲՀԿ-ից:
Իրավունք ունի. մոռացվել են հոգեւոր արժեքները: Թեեւ կարող էր եւ ներել, Մեծ Պահք է, չէ՞, իսկ այս շրջանում միակ չներողը Ժիրայր Սեֆիլյանն է, մյուսները ներում են: Ուրիխանյանն ասել է` առաջ դեպի ապագա: Սա նշանակում է, որ, ԲՀԿ-ից դուրս գալով, նա հասկացնում է, որ ոչինչ էլ չի անելու: Համենայն դեպս, դեպի լուսավոր, պայծառ, բարգավաճ, ապահով ապագա գնում են, իսկ ուղղակի ապագա չեն գնում, այն պարզ պատճառով, որ պարզապես ապագան առանց մեզ հարցնելու էլ գալիս է:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Հ. Գ. Հայերենում եւ աշխարհի բոլոր լեզուներում «հոգեւոր» բառի հոմանիշը չի համարվում «նյութական» բառը, բայց սա` իմիջիայլոց, որպես ի գիտություն: