կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-14 14:03
Հասարակություն

Սպանդանոցը, որի աշխատակիցները վարակվել են բրուցելոզով, պատկանում է Մաքսիմ Հակոբյանին. ՀԿ

Սպանդանոցը, որի աշխատակիցները վարակվել են բրուցելոզով, պատկանում է Մաքսիմ Հակոբյանին. ՀԿ

Արդեն տեղեկացրել ենք, որ Կապանում 15 մարդ վարակվել է բրուցելոզով:

 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը ստացել է ահազանգ այն մասին, որ ս.թ. մարտ ամսվա սկզբին Կապան քաղաքի թվով 6 բնակիչ տեղափոխվել է տեղի հիվանդանոց՝ բրուցելոզ հիվանդության կասկածով: Որոշ ժամանակ անց քաղաքացիների մոտ հիվանդությունը հաստատվել է, պարզվել է, որ նրանք Կապան քաղաքում գործող սպանդանոցի աշխատակիցներ են: Այս պահի դրությամբ հիվանդների թիվը հասել է 15-ի:

 

«Բրուցելոզը զոոնոզ հիվանդություն է, մարդուն փոխանցվում է ինչպես հիվանդ կենդանու կամ վերջինիս մսեղիքի հետ շփման, այնպես էլ չվերամշակված մթերքի օգտագործման միջոցով: Խիստ մտահոգիչ է, որ դեպքի առնչությամբ պատկան մարմինները՝ ի դեմս Առողջապահության նախարարության և Գյուղատնտեսության նախարարության, լռում են: Տպավորություն է, թե պատկան մարմինները ցանկանում են կոծկել դեպքը, քանզի ի տարբերություն երկրում առկա փորձի՝ հանդես չեն եկել որևէ հայտարարությամբ: Պատկան մարմինների լռությունը կարող է ունենալ երկու պատճառ:

 

Առաջինն այն է, որ նշված սպանդանոցը պատկանում է գործարար Մաքսիմ Հակոբյանին, երկրորդ՝ 2013 թ.-ին Սյունիքի մարզում բրուցելոզ հիվանդության նկատմամբ իրականացվել են վակցինացման աշխատանքներ, իսկ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն մշտապես բարձրաձայնել է վակցինացման հնարավոր ռիսկերի և վտանգների մասին և դեմ է եղել բրուցելոզի նկատմամբ կենդանիների վակցինացմանը, քանզի գործող ենթակառուցվածքների պայմաններում, կենդանիների համատարած համակարակալման և հաշվառման համակարգի բացակայության, տեղաշարժի անվերահսկելիության, ինչպես նաև մի շարք անհրաժեշտ պայմանների բացակայության պարագայում, մասնավորապես այն, որ անհնար է լաբորատոր փորձաքննության միջոցով պարզել արդյոք կենդանին հիվանդ է, թե՝ վակցինացված, վակցինացում իրականացնելը նպատակահարմար չէ:

 

Գիտակցել ենք, որ այս ամենը շատ լավ պատկերացնում են նաև պատասխանատուները, իսկ վակցինացումը, հնարավոր է, իրականացվում է հիվանդ գլխաքանակը թաքցնելու կամ ծածկադմփոցի համար: Դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ աշխատանքային խումբը Կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի գլխավորությամբ այս պահին մեկնել է Կապան քաղաք՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին, պարզելու ինչն է հանդիսացել վարակի պատճառ, ինչ աշխատանքներ են իրականացվել պատկան մարմինների կողմից, ինչու խնդիրը չի բարձրաձայնվել: Նշված հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալուց հետո հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ:

 

Հ.Գ. Բրուցելոզ հիվանդության թաքնված շրջանը տևում է 3 շաբաթից մինչև 2 ամիս։ Հիվանդությունն ուղեկցվում է բարձր ջերմությամբ (39-40°), որը կարող է տևել մի քանի շաբաթ։ Տենդը կարճատև ընդմիջումներից հետո կարող է կրկնվել մի քանի անգամ և ուղեկցվում է դողով։ հիվանդության ախտանիշներից են խիստ արտահայտված քրտնարտադրությունը, անքնությունը, վերջույթներում ճնշող ցավերի զգացումը, ախորժակի նվազումը, բերանի չորությունը, լեզվի չափավոր փառակալումը, ծարավի զգացումը, փորկապությունը, հոդային, ոսկրային ցավերը, իսկ սեռական օրգանների կողմից կարող է զարգանալ միակողմանի օրխիտ, երբեմն նաև երկկողմանի, ինչպես նաև ամորձիների ցավոտություն»,- ասվում է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։