կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-17 16:59
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուրս եկեք, մեզ պատասխան տվեք, սպանդանոցը հարցի լուծում չի. անասնապահը դիմել է կառավարությանը

«Էսպես որ գնա, միսը թանկանալու է հաստատ: Կառավարության ուզածն այն է, որ խոշոր բիզնեսմենները տեղական ընտիր միսն արտահանեն, դրսի փտած միսը բերեն, ժողովրդին տան: Մսի խանութները զանգում, միս են ուզում, ասում ենք՝ մորթ չենք կարող անել. 60-70 տոկոսով մսի իրացումը կրճատվել է»,- բողոքեցին կառավարության շենքի դիմաց հավաքված  անասնապահներն ու մսավաճառները: Yerkir.am-ի հետ զրույցում բողոքի ցույցի մասնակից անասնապահներից մեկը վրդովված ասաց. «Ինչի՞ համար է այս ամենը, որ մի քանի հոգի առանձին փո՞ղ աշխատի: Լավ իմացեք, շուտով սպանդանոցներում «5-րդ ձև» ասված փաստաթուղթը վաճառվելու է, օրինակ՝ 5000 դրամով, մենք էլ առնելու են, բայց անասուններին էլի տանենք մեր բակերում մորթենք, հետո էդ «5-րդ ձևը» մսի հետ տանենք-ներկայացնենք խանութներին: Ավելի ճիշտ կլինի, եթե  խանութներում, մսի իրացման բոլոր կետերում բժիշկ-փորձագետներ աշխատեն, ստուգեն մեր հանձնած մսի որակը, եթե չափանիշներին չհամապատասպխանի, մեզ տուգանեն ու միսը չվերցնեն: Բայց էսպես մեզ զրկեն օրվա հացից…»:

  Հիշեցնենք, որ հունվարի 15-ից սննդի շղթայի բոլոր օղակների համար սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է:  Պահանջվում է «5-րդ ձև», այսինքն՝ համապատասխան կնիքով ու շտրիխ-կոդով փաստաթուղթ, թե որ սպանդանոցում է մորթն իրականացվել: Սննդի անվտանգության պետական տեսչության ստուգումները խստացվել են:

   Անասնապահներն ու մսագործները վստահ են, որ կառավարությունը, խնդիրների շարքը մինչև վերջ չուսումնասիրած, հապճեպ որոշում է կայացրել: Եթե Հայաստանում սպանդանոցների քանակը չի բավարարում, իսկ նորերը դեռ կառուցված չեն, իրենք ինչպե՞ս անասուններին հասցնեն սպանդանոցներ: Դա լրացուցիչ ծախս է, բացի այդ, անասունները ճանապարհին քաշ են գցելու, արդյունքում իրենց ծախսածն ու եկամուտները հավասարվելու են, և  մանր ու միջին բիզնեսով զբաղվողները հետզհետե դաշտից դուրս են մղվելու: Գյուղացիների կարծիքով՝ այս ամենը հանգելու է նրան, որ դաշտը դառնա մենաշնորհային, մսի բիզնեսը կենտրոնանա միայն խոշոր խաղացողների ձեռքին:

   «Սպանդանոց տանելն արդարացված է անասունների մեծ գլխաքանակի դեպքում, եթե մարդը 2-3 խոշոր կամ մանր եղջերավոր է ուզում մորթել, հարյուր կմ տանի-հասցնի սպանդանո՞ց, էլ նրա օգուտը ո՞րն է: Այսպես որ գնա, տեղական մսի արտադրանքը կտրուկ կկրճատվի»,- ասաց եղվարդցի անասնապահը:

  Մսավաճառներն ու անասնապահները դեմ չեն, որ իրենք որակյալ միս իրացնեն, բայց ասում են, որ կառավարության նոր պահանջները կատարելու համար ոչ մի օղակ դեռ պատրաստ չէ: Քանի դեռ համայնքներն առանձին սպանդանոցներ չունեն, անասունների մթերման միակ տարբերակը հին ձևն է մնում: Իսկ եթե խանութները պարտադրված վերցնեն միայն սպանդանոցներում մթերված միսը, ուրեմն խառնաշփոթն ու շուկայի քաոսն անխուսափելի կլինի: Այսպիսի կանխատեսումներ արեցին մսավաճառներն ու անասնապահները:

Մանրամասները՝ տեսանյութում