կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-06 13:03
Հասարակություն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցածը կարծես դատավճիռ լիներ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցածը կարծես դատավճիռ լիներ

Նախօրեին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած` հանցագործ աշխարհի հեղինակությունների սպանությունն արտառոց բան չէ, քրեական աշխարհում նման երևույթներ շատ հաճախ են տեղի ունենում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

 

Ըստ նրա` այն, ինչ կատարվեց, բնորոշ է քրեական աշխարհին, այլ ոչ թե մեր հասարակությանը: Հոգեբանի համոզմամբ` քրեական աշխարհի խաղի կանոններն այդպիսին են` եթե հարկավոր է ինչ-որ մեկին խաղից հանել` օր, ժամ, տեղ էական չեն:

 

«Ավելին` սիմվոլիկ բնույթ էր կրում սպանությունը հենց գաղութի մոտ իրականացնելը. սա դատավճռի պես մի բան էր»,- ասաց Խուդոյանը:

 

Նրա կարծիքով` բոլոր ժամանակներում էլ կապեր են եղել իշխանության և քրեական աշխարհի միջև, և շատ խնդիրներ լուծվել են հենց քրեական հեղինակությունների միջոցով, փոխարենը` քրեական աշխարհի ներկայացուցիչների շատ արարքներ չտեսնելու են տրվել:

 

Տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ  նշեց, որ իրեն բոլորովին այլ հարց է հուզում` բացահայտորեն քրեական օրենքներով առաջնորդվող մեր հասարակությունը:

 

«Կրիմինալ ռոմանտիկան մեր հասարակության մեջ տարածված է: Տեսեք, թե ինչպես են խոսում իրար հետ` գրական խոսքը չի ընդունվում, իսկ ժարգոնը հարգված է: Մտածում են` եթե տղամարդ ես` պետք է «նակազատ» անել: Այս ամենը հանգեցրել է նրան, որ չգրված օրենքները դարձել են ավելի կարևոր, քան գրվածները: Երբ մարդը խախտում է չգրված օրենքը, ասում են` այ հիմա մենք քեզ կպատժենք գրված օրենքով»,- ասաց նա:

 

Ըստ Բաբայանի` քրեական աշխարհի սկզբունքները դարձել են հասարակության ապրելու սկզբունքներ, օրինակ` ոստիկանություն դիմելը համարվում է ստորություն: Այս ամենը, մտավորականի կարծիքով, նորություն չէ` արմատները գալիս են հնուց:

 

«Հեղինակություն» բառը մեր օրերում ասոցացվում է կրիմինալ հեղինակություն հետ, այլ ոչ թե մշակութային ինչ-որ գործչի: Մենք փրկությունը տեսնում ենք դրսում, բայց փրկությունը մեր մեջ է. մենք մտածողության փոփոխության խնդիր ունենք: Մինչև չփոխենք քրեական աշխարհի հանդեպ մեր «սիմպատիան», ոչինչ չի փոխվի»,- նշեց նա:

 

Մտավորականը կարծում է, որ նրանք, ովքեր պետք է զբաղվեն այս խնդրի լուծմամբ, պետք է նախ իրենց փոխեն, իրենք առողջ լինեն` բժիշկը պետք է առողջ լինի, որպեսզի կարողանա բուժել հիվանդին: Բաբայանի կարծիքով` եթե խնդիր դրվի` պայքարել կրիմինալի դեմ, շատ դժվարությամբ, բայց կարելի է հաջողության հասնել, եթե, իհարկե, իրոք պայքարեն, այլ ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծեն: