կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-02 14:20
Քաղաքական

Այվազյանի «անեկդոտը»

Այվազյանի «անեկդոտը»

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակն ուղարկվել է Ազգային ժողով և կարելի է ասել, որ բավարարում է փոքր բիզնեսի պահանջներին:

 

Համաձայն նոր օրենքի՝ տեղի է ունեցել շեմի փոփոխություն, որի արդյունքում շեմը 58 միլիոնից դարձել է 114 միլիոն: «Մենք ունենք մեծ թվով ապրանքային խմբեր: Ինչքան էլ փոքր բիզնեսին ստիպեն, չի կարող հայթայթել և ներկայացնել այդ ապրանքների փաստաթղթավորումը: Դրանք հիմնականում ներմուծված ապրանքներն են, որոնք թերի են հայտարարագրվում կամ արտոնյալ ձևով են մատակարարվում, և այս օղակի վերջին ներկայացուցիչը ՓՄՁ-ն է, և տուժողը հենց նա է լինելու»,- ասաց Ավագյանը՝ հավելելով, որ ՓՄՁ ներկայացուցիչներն այդքան հնարավորություններ չունեն՝ ներկրողին ստիպեն փաստաթուղթ ներկայացնել:

 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի կարծիքով՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքը ստեղծվել է բիզնեսի լավ ու հարմար պայմաններ ստեղծելու նպատակով: «34 հազար տնտեսվարողներ ցույց են տալիս 2,4 միլիոն շրջանառություն, ինչը բավական քիչ ցուցանիշ է: Ես չեմ ասում խոշորը հոժարակամ է տալիս փաստաթուղթը, բայց ասենք՝ այդ նույն հոժարակամությամբ փոքրը չի վերցնում»,- նշեց նա:

 

Պատգամավորի բնորոշմամբ՝ ՓՄՁ ներկայացուցիչներն էլ մի քիչ իրենց պետք է նեղություն տան, որ տնտեսությանն աջակցեն: Հենց այս համատեքստում, իրավիճակն ավելի պատկերավոր նկարագրելու նպատակով, Այվազյանը հիշեց մի «անեկդոտ». «Մեկը շատ գեշ հազում է, ասում են` ծխելը թարգի, կանցնի, ասում է` չէ: Մարդը հիվանդ է, ուզում է լավանալ, բայց չի ուզում իրեն նեղություն պատճառել: Հիմա` ՓՄՁ-ն իրեն մի քիչ նեղություն պետք է պատճառի, որ լավ զգա»,- ասաց նա: