կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-26 14:14
Հասարակություն

Ի՞նչ ակնկալիք ունեք ԱԺ-ից, ինչո՞վ օգնենք Ձեզ. Արծվիկ Մինասյանը՝ ՀՌԱՀ նախագահին

Ի՞նչ ակնկալիք ունեք ԱԺ-ից, ինչո՞վ օգնենք Ձեզ. Արծվիկ Մինասյանը՝ ՀՌԱՀ նախագահին

ԱԺ-ում, երբ ներկայացվում էր ՀՌԱՀ 2014 թ. տարեկան հաշվետվությունը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանին:

 

«Ձեր հանձնաժողովը պատասխանատու է, գովազդի մասին օրենքի համաձայն, հսկողություն սահմանել գովազդի նկատմամբ: Գովազդի մասին օրենքի համաձայն` մի շարք կետերով արգելված են խաղատան, շահումով լոտոների վերաբերյալ գովազդները: Սակայն զանգվածաբար տեսնում ենք, որ հեռուստատեսությունները գովազդում են այդ ամենը: Ինչո՞ւ ձեզ չի հաջողվում պատշաճ վերահսկողություն իրականացնել:

 

Թվայնացման վերաբերյալ կխնդրեի մանրամասն ներկայացնել` ինչ վիճակ է ներկայումս, և ինչպես է լուծվելու դրա սոցիալական բաղադրիչը, քանի որ ոչ բոլորն ունեն հնարավորություն համապատասխան տեխնիկա գնելու` թվայնացված ալիքներ դիտելու համար:

 

Մյուս հարցը վերաբերում է հեռուստատեսության և ռադիոյի շուկայում ձեր հանձնաժողովի գնահատականին, արդյո՞ք խոշորացումները բերել են որակի բարձրացմանը: Եվ ի՞նչ ակնկալիք ունեք ԱԺ-ից, ինչո՞վ օգնենք ձեզ, որ պատշաճ իրականացվեն ձեր լիազորությունները»,- հարցրեց պատգամավորը:

 

Գագիկ Բունիաթյանը պատասխանեց, որ խաղատների և շահումով խաղերի գովազդի վերաբերյալ կա խնդիր` ձևակերպման հետ կապված, և հիմա կառավարությունում շրջանառվում է օրենքի փոփոխությունը, և դրանում հստակ կձևակերպվի «ինտերնետ» բառը:

 

«Թվայնացման հետ կապված մենք գործառույթ չունենք, կառավարությունն է իրականացնում թվայնացման գործընթացը, նաև սոցփաթեթն է քննարկվում»,- ասաց Բունիաթյանը՝ հավելելով, որ բոլոր հեռուստաընկերություններն էլ պատրաստ են թվայնացման:

 

Իսկ ԱԺ-ից, ըստ նրա, օգնություն ավելի շատ խնդրում են հեռուստաընկերությունները, որ օրենքների միջոցով թեթևացվեն որոշ խնդիրներ:

 

Արծվիկ Մինասյանն արձագանքեց` ասելով, թե լավ է, որ ԱԺ-ից գոնե ֆինանսական աջակցություն չեն խնդրում: