Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը վարքագծի փոփոխականության այնպիսի ցուցանիշներ գրանցեց, որ ոչ միայն վերջնականապես ավերեց խիստ սկզբունքային և պրագմատիկ քաղաքական գործիչ լինելու մասին` իր շուրջ ստեղծած միֆը, այլև առանց չափազանցության արդեն խղճահարություն է հարուցում որպես դարն ապրած, բայց այդ հանգամանքը համառորեն չգիտակցող քաղաքական գործիչ: Սերժ Սարգսյանին հայտնի բաց նամակով դիմելուց հետո երեկ նա յուրօրինակ բաց նամակ հղեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Թեեւ «նամակը» գրված էր ԲՀԿ ղեկավարի առաքինությունների նկարագրություններով հագեցած արձակ ներբողի ժանրով, իրականում այն հրաժեշտի խոսք էր, որը մամուլում շատ ճիշտ և դիպուկ բնութագրվեց որպես «մահախոսական»: Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում էր, որ փետրվարի 20-ին պլանավորված հանրահավաքը ԲՀԿ-ի կողմից չեղյալ հայտարարելը և հասարակական մոբիլիզացիան ու փողոցային պայքարը դադարեցնելու` Ծառուկյանի հայտարարությունն իրականում տեսանելի հեռանկարի կտրվածքով քաղաքական արենայից Ծառուկյանի հեռացման, ըստ էության,քաղաքական դիակի վերածվելու շեփորահարումներն էին: Եվ, մեղմ ասած, «հեռացողի մասին՝ կա’մ լավը, կա’մ ոչինչ» սկզբունքից նա ընտրել է «լավ»-ի տարբերակը՝ առաջին հայացքից համաժողովորդական շարժման համար Ծառուկյանի թողած ավանդը գնահատելու և արժևորելու՝ միանգամայն ազնիվ թվացող նպատակներով: Բայց այդ հոդվածի կամ նամակի իրական նպատակը բոլորովին էլ Ծառուկյանի հեռացման փաստի արձանագրումը կամ էլ նրա արժևորումը չէր:
Տեր-Պետրոսյանի տարատեսակ «շարժումներից» շատերն են հեռացել, շատերն են երես թեքել, հիասթափվել, ընդ որում` այնպիսիք, որոնց համար այդ նվիրումն իրենց առողջությունն ու կյանքից խլված տարիներ են արժեցել: Բայց Տեր-Պետրոսյանը նրանց նկատմամբ նույնպիսի վեհանձնություն չի դրսևորել, այլ շատերին ուղղակի տրորել է ոտքերի տակ: Real politik-ի այնպիսի երդվյալ հավատացիալի համար, ինչպիսին Տեր-Պետրոսյանն է, նման բաները ավելին չեն, քան անիմաստ ռոմանտիկ զեղումներ: Հետևաբար, այդ նամակի տակ միանգամայն պրագմատիկ նպատակներ են թաքնված: Եվ դատելով այն աննախանձելի վիճակից, որում հայտնվել է, հրաժեշտի այդ խոսքն ուղղված է երկու խնդիր լուծելուն:
Առաջինը եռյակի և ԲՀԿ-ի տապալման պատասխանատվությունն իրենից հեռացնելն է և այն Ծառուկյանի քաղաքական փորձառության վրա բարդելը: Տեր-Պետրոսյանը չի կարող խոստովանել, որ վերջնականապես տապալել է իշխանությունը պառակտելու, բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն իրականացնելու հարցում Ծառուկյանին օգտագործելու՝ դեռեւս 2011թ. գործողության մեջ դրված իր պլանը: Նա փորձում է հիմա համոզել, որ Ծառուկյանին ավելի ու ավելի արմատականացման դրդողը ոչ թե ինքն է եղել, այլ ԲՀԿ-ում ծվարած «խառնակիչները», որոնք սպասարկում էին ինչ-որ երրորդ կողմի շահերը: Նա, հավանաբար, նկատի ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Բայց եթե այդպես է, ապա ստացվում է, որ Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ի և Ծառուկյանի հետ մտել է քաղաքական ընդհանուր պրոցեսի մեջ՝ հիանալի հասկանալով, որ նաև Քոչարյանն է նրանց միջոցով փորձում լուծել իր ՝ տվյալ դեպքում իշխանությունը վերդարձնելու խնդիրը և այդ մասին, չգիտես` ինչու, համեստորեն լռել է: Իսկ եթե լռել է, ուրեմն առնվազն դեմ չի եղել, ինչը, կամա, թե ակամա, խոստովանություն է առ այն, որ գոնե մարտավարական առումով ձեռնտու է համարել խառնակիչների, ավելի կոնկրետ` Քոչարյանի հետ, Ծառուկյանի և ԲՀԿ-ի միջնորդությամբ հեռակա գործակցությունը:
Բայց ԲՀԿ-ի և շարժման գաղափարական «գեներատորը», ընդունի դա, թե` ոչ, եղել է Տեր-Պետրոսյանը: Նա էր շարժման հիմնական ծրագրային թեզիսները, մարտավարությունը որոշողն առնվազն մինչև այն պահը, երբ Ծառուկյանն սկսեց ձգձգել պրոցեսը, ապա, վերացնելով եռյակի ձևաչափը, փորձեց ավելի լայն քաղաքական կոնսոլիդացիա ապահովել, ինչն այդպես էլ նրան չներեց Տեր-Պետրոսյանը: Հենց այդ պահին նա, հավանաբար, հասկացավ, որ ոչ թե ինքն է Ծառուկյանի միջոցով այդ «խառնակիչներին» պահում վերահսկողության տակ ու փորձում օգտագործել, այլ նրանք են իրեն խաղալիք դարձրել: Այս փաստի` ջրի երես դուրս չգալու նպատակով էլ նա կատարեց հերթական շրջադարձը՝ «հակասերժականից» հանկարծ դառնալով »սերժական» և Ծառուկյանի համար ամենաճակատագրական պահին հանդես գալով Սերժ Սարգսյանին ուղղված` համագործակցության բաց նամակով, որը թիկունքից հարված էր այսօր իր կողմից ներբողների արժանացող ԲՀԿ առաջնորդի համար: Այս առումով, եթե Տեր-Պետրոսյանն ավելի ազնիվ գտնվեր, ապա իր նամակը կվերնագրեր ոչ թե «Սրտի խոսք», այլ «Խղճի խայթ»:
Բայց, ինչպես հայտնի է, նա երբեք չի ընդունում իր պարտությունը և սխալ լինելու իրողությունը: Հետևաբար, Ծառուկյանին ուղղված նամակի կամ սրտի խոսքն արտահայտելու մյուս իրական նպատակը հենց այդ դավադրության փաստը և դրա էֆեկտը չեզոքացնելն էր: Նա պետք է ցույց տար, որ իր այդ քայլը ոչ մի ազդեցություն չի ունեցել հանձնվելու` Ծառուկյանի որոշման վրա: Ուստի սա նույնիսկ փոփոխականություն էլ չէ, այլ պարզ խառնակչություն, որը հիմա Տեր-Պետրոսյանը փորձում է զարգացնել այլ ուղղությամբ: Հասկանալի է, որ Տեր-Պետրոսյանը չէր կարող իրեն թույլ տալ խեղդվել ԲՀԿ-ի և Ծառուկյանի խորտակվող նավի վրա և քաղաքական արենայից հեռանալ այսքան անփառունակ, խայտառակ պարտություն կրելուց հետո: Ու հենց այդ պատճառով հանդիպելու մասին` Սերժ Սարգսյանին ուղղված նամակի միջոցով ձեռնարկել է մի նոր ավանտյուրա: Փորձելով վերադարձնել առաջին նախագահի երբեմնի կարգավիճակը՝ նա փորձում է հիմա էլ Սերժ Սարգսյանի «գորշ կարդինալի» դերն ստանձնել՝ արդեն պետական ընդգրկում ունեցող՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և ԼՂ հիմնահարցի կարգավորման շրջանակներում պետական գործչին վայել մտահոգություն և գործ անելու ցանկություն արտահայտելու միջոցով:
Եթե նախագահը կմերժի հանդիպման առաջարկությունը, Տեր-Պետրոսյանն առանձնապես բան չի կորցնի: Դա արմատական ընդդիմականությունը ներքաղաքական ճղճիմ «ռազբորկաների» հարթությունից հանելու, իբր նոր քաղաքական օրակարգ ստեղծելու առիթ կդարձնի: Իսկ եթե կընդունի, կստացվի, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն հաշվի է նստում իր հետ, այլև իր մտահոգությունները համարում է առնվազն քննարկման ենթակա: Իսկ դա կարող է հենց Սերժ Սարգսյանին դնել խիստ անհարմար վիճակի մեջ, որովհետև ստացվելու է, որ նա դուրս է գալիս Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի շրջանակից, դրա տեքստը փոխելու, ինչ-որ անհասկանալի հանձնաժողով ստեղծելու խնդիրը դարձնում քննարկման առարկա այն դեպքում, երբ հարցը վերջնականապես լուծված է դեռեւս հունվարի 29-ին Հռչակագրի հրապարակմամբ: Սա այլ կերպ, քան Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նոր լարում առաջացնելու միտում, հետևաբար` նաև նոր խառնակչության նախաձեռնություն դժվար է որակել:
Գևորգ Դարբինյան