կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-20 16:33
Մշակույթ

Թուրքիայի կեղտոտ խաղը. պոլսահայ Ջորջն ու ադրբեջանցի Էլնուրը

Թուրքիայի կեղտոտ խաղը. պոլսահայ Ջորջն ու ադրբեջանցի Էլնուրը

Անցած տարի Star TV-ով հեռարձակվող «Թուրքիայի ձայնը» հաղորդաշարում ելույթ էր ունեցել պոլսահայ Ջորջ Շեքերը (շաքար):  Ժյուրիի չորս անդամներից երեքը, դեռ չգիտենալով նրա` հայ լինելու մասին, «կույր» լսումների ժամանակ շրջվել էին նրա կողմը: Երբ ժյուրիի անդամները հետաքրքրվել էին, թե՝ «լավ, հասկանալի է, որ հայրդ թուրք է, երևի մայրդ է օտարազգի», Ջորջը պատասխանել էր. «Ո'չ, մայրս էլ, հայրս էլ թուրքահպատակ են, ես հայ եմ»:  Ժյուրիի` Ջորջին իրենց խմբին կցելու համար մեծ ջանքեր գործադրած անդամներից նա ընտրել էր հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշին, որի ամուսինը մեծահարուստ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբն է: Ինչո՞ւ եմ նշում երգչուհու ամուսնու մասին: Խաղի հաջորդ փուլում Ջորջը դուրս էր մնացել «Թուրքիայի ձայն»-ից, ինչը հարց էր առաջ բերել՝  արդյո՞ք նա մրցույթից դուրս մնաց հայ լինելու պատճառով: Հետագայում այդ հարցը գտավ իր պատասխանը, երբ թուրքական ԶԼՄ-ներում  հայտնվեցին լուրեր, թե Զարրաբի մատը խառն է Ջորջի՝ մրցույթից դուրս մնալու հարցում:

 

Ի դեպ, նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Թուրքիայում իրականացված «Մեծ կաշառք» գործողության շրջանակներում, ի թիվս այլոց,  ձերբակալվել էր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների և, հատկապես, նախագահ Էրդողանի հետ իր մտերմությամբ աչքի ընկնող Ռեզա Զարրաբը, սակայն որոշ ժամանակ անց ազատ էր արձակվել

 

Այս տարի նույն հաղորդաշարում նմանատիպ դեպք տեղի ունեցավ: Փետրվարի 18-ին TV8-ով հեռարձակվող «Թուրքիայի ձայն»-ում իր, ենթադրում ենք, ազգությամբ քուրդ մրցակից Քայա Քորայ Ասլանթեփեի դեմ «պայքարում» ամենևին էլ ոչ անակնկալ կերպով առաջին տեղ գրավեց ադրբեջանցի մասնակից Էլնուր Հուսեյնովը, ով, ինչպես պոլսահայ Ջորջը, Էբրու Գյունդեշի խմբից էր: Նրա հաղթանակն անակնկալ չէր, քանզի, դեռ մրցույթը չավարտված, ԶԼՄ-ներում դարձյալ քննարկվում էին Գյունդեշի ադրբեջանցի ամուսնու՝  Հուսեյնովի օգտին գործունեություն ծավալելու  մասին լուրերը:


Ադրբեջանցի մասնակցի հակառակորդ Ասլանթեփեն իր բոլոր ելույթների ընթացքում կատարեց ազգությամբ քուրդ հայտնի երգիչ Ահմեդ Քայայի երգերը, որին տարիներ առաջ համերգի ընթացքում իր քուրդ ինքնության մասին հայտարարելու և դրանով պարծենալու համար աքսորեցին Ֆրանսիա: 2000 թվականին քուրդ երգիչը մահացավ հայրենի Մալաթիայի կարոտից:


Այժմ էլ` ադրբեջանցի մասնակցի հաղթանակից ընդամենը երկու օր անց, թուրքական ԶԼՄ-ները գրում են, թե ադրբեջանցիները որոշել են Էլնուր Հուսեյնովին ուղարկել «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին:

 

«Այլ կերպ ասած՝ Թուրքիան և Ադրբեջանը, դրոշները միացրած, պայքարում են մեր դեմ: Այս դեպքում մենք էլ Արցախի և Հայաստանի միացյալ դրոշներով կհակազդենք: Մեր աշխատանքները շարունակվելու են 100-ամյա տարելիցից հետո էլ»,- վերջերս նշել էր ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի (Բրյուսել) հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյան-Քյուրքճյանը:  

 

Պատահական չէ և չի կարող լինել, չէ՞, երբ նման հայտարարությունից հետո «Թուրքիայի ձայնը» հաղորդաշարում առաջին տեղն է գրավում ադրբեջանցին, որին պատրաստվում են ուղարկել «Եվրատեսիլ»: Սա այն դեպքում,  երբ Հայաստանը« Եվրատեսիլ»-ի իր այս տարվա ելույթը նվիրել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և ներկայացնելու է «Մի’ ժխտիր» երգը:

 

Արազ Գայմագամյան