Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երբ որեւէ լրատվամիջոց միջկուսակցական կամ երկու «զիլ» տղերքի միջեւ հարաբերությունների սրացում է լուսաբանում եւ ներկայացնում նրանցից միայն մեկի կարծիքն ու խոսքը, ապա տվյալ լրատվամիջոցը կոչվում է ծախված: Այսինքն` եթե հայկական լրատվամիջոցներից մեկը Սարգսյան-Ծառուկյան, հետեւաբար` ՀՀԿ-ԲՀԿ ստեղծված իրավիճակը լուսաբանելիս ներկայացրել է եւ ներկայացնում է միայն, ենթադրենք, Սերժ Սարգսյանենց տեսակետը, ուրեմն ծախված է Սերժ Սարգսյանենց, իսկ եթե Գագիկ Ծառուկյանենցը, ուրեմն` ծախված է նրանց: Այս պարագայում, գոնե ինձ համար, որեւէ տարբերություն չկա, թե ում ես ծախված, որովհետեւ խնդիրը ոչ թե գնորդի ով լինելն է կամ տեսակը, այլ ծախվածդ լինելու փաստը, հետեւաբար, սկզբունքորեն ի՞նչ տարբերություն, թե ում ես ծախվում, եթե բնավորությամբ ծախվող ես:
Այս համատեքստում` ո՞վ ծախվեց վերջին իրադարձությունների ժամանակ, կամ ո՞վ ապացուցեց, որ ինքը ծախված է: Տրամաբանում ենք, որ նրանք, ովքեր ներկայացրել են ե'ւ ԲՀԿ-ի, ե'ւ ՀՀԿ-ի տեսակետները, ծախված չեն, իսկ նրանք, ովքեր միայն մեկինը, ուրեմն…ի՞նչ արժեք: Բայց սա դեռ ամենասարսափելին չէ, քանի որ ծախվողը, որպես կանոն, ոչ միայն չի ընդունում սեփական տխուր կարգավիճակը, այլեւ դիմացինին մեղադրում է ծախված լինելու մեջ, հավանաբար` հոգու հանգստության համար, դե, ուզում է խոսել ծախվածության մասին, բայց հո չի՞ ասելու, որ ինքը գնված է:
Վատամարդ, իհարկե, պետք չէ լինել, բայց վերջին օրերին շատերը եղան: Օրինակ` օրը տասն անգամ տալով Գագիկ Ծառուկյանի մականունը եւ ոչ մի խոսք չասելով Ծառուկյանի` վերջին հայտարարության մասին: Օրինակ` տալով հանրապետական մականունավորների մականունները, բայց ոչ մի խոսք չասելով Գագիկ Ծառուկյանի հարկային պատմության կամ պատգամավորական դատարկ աթոռի մասին:
Հիմա, երբ փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը չի կայանալու, այդ մարդիկ վատամարդ դուրս եկան` ցույց տալով, որ գնված են… Ի՞նչ գրեն, ինչպե՞ս գրեն, գրեն, որ «ազգի նվիրյալ» Ծառուկյանը հետ քաշվե՞ց, թե՞ գրեն, որ «պետական եւ մաքուր քաղաքական գործիչ» Սերժ Սարգսյանը շուտով դարձյալ արգելելու է արտասանել Ծառուկյանի մականունը:
Հո չե՞ն գրելու, որ հանրահավաքը, որի խոշորության եւ հաղթական ելքի մասին արդեն իսկ տասնյոթ վերլուծական են գրել, պարզվում է` չի կայանալու, հո չե՞ն գրելու, որ երկիր փրկելուց առաջ պետք է մարդուն փրկել, եւ երկիր փրկում են` հենց նրա մարդկանց փրկելով, որովհետեւ երկիրը նրա մարդիկ են: Հո չե՞ն գրելու, որ հայրենիքում հեղափոխություն չեն անում…
Փոխարենը այս տարվա ապրիլի 24-ին էլի կգրեն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ծիծեռնակաբերդ չէր եկել, որովհետեւ նա, ինչպես վերջին երեք տարիների ապրիլի 24-ին, այս տարի էլ հիվանդ է:
Ամեն մի զառանցանք գրելուց, «Ֆեյսբուք»-ում հերոսանալուց ու որեւէ՝ ձեզ ոչ հաճո իրադարձություն լուսաբանելու համար գործընկերներին մեղադրելուց առաջ մի ձեզ նայեք…
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ