կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-10 17:21
Առանց Կատեգորիա

Հույսներս Դուք եք, միսթր Միլզ

Հույսներս Դուք եք, միսթր Միլզ

Twitter-ի իր միկրոբլոգում, շնորհավորելով Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզ կրտսերին նշանակման կապակցությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրել է, որ նա «մեր լավագույն դիվանագետներից է»:

 

Այս համատեքստում  հարց` արդյո՞ք դա լավ է երկրի համար, որտեղ կոնկրետ ԱՄՆ-ը /կամ ցանկացած այլ գերտերություն/ դեսպան է նշանակում իր լավագույն դիվանագետներից մեկին, թե՞ ճիշտ հակառակը: Անձամբ Միլզը, Վաշինգտոնում երդվելով բարեխղճորեն ծառայել Երեւանում` որպես ԱՄՆ դեսպան, նաեւ տեսաուղերձ է հղել հայությանը, որում որոշ բառեր արտասանել է հայերեն:

 

Տպավորություն կա, որ, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով, ուղերձներում, ելույթներում, հայտարարություններում հայերեն մի քանի բառ օգտագործելը լրջորեն բարձրացնում է իրենց հեղինակությունը հայության առջեւ` անկախ նրանից` այդ բառերը «բարեւ ձեզ»-ն են, թե` «Մեծ Եղեռն»-ը:

 

Ինչեւէ, դեսպան Միլզն իր ուղերձում, մասնավորաբար, ասել է, որ ինքը Հայաստան է գալիս «նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանի տնտեսության ազատականացմանը, երկրում ժողովրդավարության ամրապնդմանը եւ օրենքի գերակայության ու կարգուկանոնի հաստատմանը»: Նախ` ուշագրավ է, որ դեսպանը շրջանցել է ԼՂ հակամարտության թեման` հարցը դնելով որպես «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում»: Մինչդեռ դիվանագիտության մեջ ձեւակերպումները խիստ կարեւոր նշանակություն ունեն, եւ, որպես ամերիկյան դիվանագիտական կորպուսի «լավագույն ներկայացուցիչներից մեկը», դեսպան Միլզը պետք է, որ սա լավ իմանա:

 

Հիմա, եթե հաշվի առնենք, որ փետրվարի 12-ին Բաքու է ժամանում ամերիկյան նոր դեսպան` Ֆրանցիս Սիքյութայը, ով, ի դեպ, Ադրբեջան է գնում` թողնելով ԱՄՆ պետքարտուղարի` էներգետիկ հարցերով խորհրդականի պաշտոնը, կնշանակի, որ դեսպան Միլզը ցանկանում է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում `Բաքվում իր գործընկերոջ` առավելաբար էներգետիկ հմտությունների եւ ունակությունների շնորհիվ, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում Վաշինգտոնը` որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարող է Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկել հարաբերությունները կարգավորելու բոլորովին նոր` էներգետիկ նախագիծ:

 

Բայց սա անգամ ամենակարեւորը չէ: Ինչպես ինքը` Միլզն է հայտարարել` ինքը Հայաստան է գալիս Հայաստանի տնտեսական ազատականացմանը, ժողովրդավարացման ամրապնդմանը, օրենքի գերակայության եւ կարգուկանոնի հաստատմանը նպաստելու առաքելությամբ: Այս առումով պարոն Միլսզը հավանաբար ինչ-որ բան շփոթում է, քանի որ Հայաստանում հիշյալ գործընթացները ամբողջովին եւ բացառապես երկրի բարձրագույն իշխանության գործառույթներն են: Չնայած չի բացառվում, որ նա այլ` չբարձրաձայնված ծրագրեր էլ ունի Հայաստանում, օրինակ` բակերում ջրատար խողովակների անսարքության վերացումները կամ Երեւանի տրանսպորտի վիճակի բարելավումը: Մի խոսքով` հույսներս Դուք եք, միսթր Միլզ:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ