Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը երեկ դարձյալ խոսել է Լեոյի 35 տան մասին: Նա նշել է. «Պարո'ն քաղաքապետ, Դուք մեկ անգամ ասացիք՝ սրտաճմլիկ բաներ եք ասում, մեր քաղաքում շատ մարդիկ բնակֆոնդի կարիք ունեն: Ես մեկ փաստ կարող եմ արձանագրել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը եղել է այնտեղ, բայց, ցավոք, իր ֆիզիկական կառուցվածքի պատճառով չի կարողացել ներս մտնել: Որովհետեւ դա մի հյուղակ է»:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հաստատել է՝ ինքը եղել է այնտեղ, նաև` Կենտրոնի վարչական շրջանի աշխատակիցները, ապա, դիմելով Հայկ Մարությանին, ասել՝ վիճակը շատ ծանր է: «Մեր պարգևավճարներից ֆոնդ էինք առանձնացրել, քար էինք գնել և արդեն պետք է մոտենայինք այն հարցով, թե ով կարող էր մեզ օգնել կառուցապատման հարցում, բայց մի քիչ երկարեց, որովհետև հարակից «Փակ շուկա»-ի սեփականատերը սկսել է գնել բոլոր տները, եթե չեմ սխալվում` երկու հազար քառակուսի մետր գնել է արդեն: Մենք առաջարկել ենք՝ գուցե այդ տունը գնի, սպասում ենք նրանց պատասխանին, դրա համար է այս պահին բանակցությունները կանգ են առել»,- տեղեկացրել էր թաղապետը:
Նշենք, որ Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկա»-ի սեփականատերը համարվում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը, ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Հռիփսիմե Առաքելյանը դարձյալ այս հարցին անդրադարձավ: «Մենք ունենք մի փառապանծ լուծում, այն է՝ այնտեղ այցելել են Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարը, քաղաքապետարանի սոցիալական վարչության պետը, ավագանու մի քանի գործընկերներ, բոլորը ազդված էին, թե ինչպես կարող է մարդ այստեղ ապրել: Բա որ գիտեք, որ այդպիսի խնդիր կա, ինչո՞ւ ինքներդ չեք օգնում, որպես մեծամասնություն, որ այդ մարդկանց խնդիրը լուծվի: Այդտեղ անվտանգության հետ կապված խնդիր կա: Եվ երեկվա մուննաթը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի, թե` ի՞նչ եք ինձանից պահանջում, եթե մենք լուծենք, դա կլինի բարի կամքի դրսևորում: Ո՞նց բարի կամքի դրսևորում, խոսքը երևանցիների մասին է, տունը պիտի փլվի այդ մարդկանց գլխին, հետո ասեն՝ ինչ եղավ, բայց մի տարի խոսում էինք: Իսկ Ալեքսանյանը ոչ մի նոր բան էլ չի գնել: Դեպք ես ներկայացնում, ասում են՝ մենակ դա՞ է, Կոնդում էլ կա այդ խնդիրը, Սարի թաղում էլ, բայց ինչ-որ տեղից պիտի սկսենք այս խնդիրները լուծել: Դիմեք գործադիրին, թող փող տա, որովհետև սա մեր երևանցու անվտանգության խնդիրն է»,- ասաց ավագանու անդամը:
«Իմ քայլը»-ի ներկայացուցիչը արձագանքեց ասվածին՝ բերելով Արցախի փողոցի շենքերի բնակիչների բնակարանային խնդրի լուծման օրինակը: Քննարկմանը ներկա` Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հիշեցրեց՝ այդ խնդրի լուծման գործընթացը սկսվել է նախորդ իշխանությունների օրոք` մոտ 3 տարի առաջ:
Ինչ վերաբերում է Լեոյի 35-ում գտնվող տանը՝ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ կփորձի տեղեկություններ ստանալ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարից: «Կփորձեմ հասկանալ` պարոն Մնացականյանը լուծման ինչ տարբերակ է տեսնում»,- խոստացավ նա:
«Լուծումն ասում էր, որ հույսներս Սամվել Ալեքսանյանն է՝ առավ` առավ, չառավ՝ չառավ»,- արձագանքեց ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Հռիփսիմե Առաքելյանը: