կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-25 22:28
Հասարակություն

Արցախում հույսներս ՊԲ֊ն է, որի կազմալուծման հեղինակներն են և՛ «մերոնք», և՛ «նրանք». մարտակերտցի ուսուցչուհի

Արցախում հույսներս ՊԲ֊ն է, որի կազմալուծման հեղինակներն են և՛  «մերոնք», և՛  «նրանք». մարտակերտցի ուսուցչուհի
Ի՞նչ է կատարվում մեր շուրջը։
 
Եթե Հայաստանի իշխանությունները և մեր թշնամիները` իրենց պարագլխով, Արցախի հարցով նույնակարծիք են, որ այն Ադրբեջանի տարածք է, ապա մենք ապագա չունենք, կարծում եմ։
 
Երկուսն էլ կեղծ խաղաղասիրություն են խաղում, «մերը» կառավարական նիստում մի երկու օր առաջ ասաց, որ նյարդեր են անհրաժեշտ լինելու, որպեսզի անցնեն խաղաղասիրական օրակարգի իրագործմանը, նրանց բռնակալն էլ շատ հանգիստ արձագանքեց Փառուխի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, այսպես ասած` նրանց մոտ ամեն ինչ կարգին է, իրենք զոհեր չունեն, ընդամենը դիրքերն են շտկում։
 
Բայց ո՞րն է զարմանալին, որ «մերոնք» ու «նրանք» ձեռք ձեռքի տված Փառուխով սկսված Արցախի «խաղաղասիրության» հարցն են լուծում, նաև «մերոնք» այս իրադարձությունների համար արդեն մեղքը բարդում են ռուս խաղաղապահների վրա...
 
Արցախը մենակ է, աշխարհը` մեր հանդեպ անտարբեր, շուրջը խարդավանքներ են, հույսներս պաշտպանության բանակն է, որի կազմալուծման հեղինակներն են և՛ «մերոնք», և՛ «նրանք»։
 
Ի՞նչ անել, աշխարհը չի սիրում իր հողին, իր արմատներին նվիրվածներին, «մերոնց» համար բարձունքը, լեռը, ձորը հայրենիք չեն, թշնամու համար էլ Արցախը տարածք է ընդամենը...
 
Նայենք երկնքին, Աստված հայի բազկին ուժ տա, կորով, մեզ բոլորիս համբերություն, որ այս դժվար վիճակից դուրս գանք մի օր։
 
Նատաշա Պողոսյան
 
ԼՂՀ վաստակավոր մանկավարժ,

Մարտակերտի Վլ. Բալայանի անվան հ.1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի