կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-10 16:30
Հասարակություն

Բերկրիի մոտերքը 40 դի տեսանք, քրդերը գիշերը գաղտնի եկել էին, քնածների վիզը կտրել

Բերկրիի մոտերքը 40 դի տեսանք, քրդերը գիշերը գաղտնի եկել էին, քնածների վիզը կտրել

Մաքրուհի Պարոնիկյանի վկայությունը

Վան, Այգեստան գյուղ

 

Այգեստան գյուղից Մաքրուհի Պարոնիկյանը պատմում է, որ Վանից նահանջի են դուրս եկել հուլիսի 18-ին: Նրա և մյուս հայերի բազմանդամ ընտանիքների դրությունը ծանր էր ճանապարհին, որով անցնելիս կրակոցների ձայներն էին լսվում, դաժանաբար սպանվածների դիեր տեսնում, կողոպտվում, նույնիսկ` քուրդ կանանց ձեռքով:


«Պատմողն է Մաքրուհի Պարոնիկեան, վանեցի (Այգեստան), այժմ կապ­րի Հին-Նախիջևանի Շըխ-ՄաՀմուդ գիւղին մէջ:

 

Վանէն յուլիսի 18-ին նահանջի դուրս եկանք, ամուսինս հիւանդ էր, անկարող քայլելու: Մեր եօթ երեխաները, որոնց ամէնամեծը 20 տարեկան էր, պարտաւորոլած էինք առանց որևէ փոխադրական միջոցի մեզ հետ տա­նիլ, մէկը գրկած, մէկը շալակած, երրորդի ձեռքից բռնած: Ճանապարհին քանի անգամ ամուսինս ստիպեց, որ ինքը անկարող լինելով մեզ հետ գալ, զինքը թողնենք, առաջ անցնինք, բայց երեխաներու լաց ու կականի պատճառով գերազանց ճիգ կը թափէր մեզ հետ գալու: Յուլիսի 25-ին, Բերկրի հասնելէն կէս ժամ առաջ, հեռուէն սաստիկ հրացանաձգութեան ձայն կուգար: Բերկրիի մօտերքը տեսանք մօտ 40-ի հատ դիակներ, քիւրտերը գիշերանց գաղտնի եկած էին քնածներու վիզերը կտրած: Արիւ­նաթաթախ անկողինները տեսանք, չմօտեցանք: Անոնց մէջ քիչ հեռու հրա­ցանազարկ էր եղած կին մը իր երեխային հետ միասին, որի վիզը սրով կտրուած էր միաժամանակ: Երբ Բերկրիի մօտերը հասանք, թիւրք զորքերը մեզ վրա յարձակեցան: Մեր տասի չափ երիտասարդները կամաւորներու հետ ժամուկէս դիմադրեցին: Նախապէս չթողին, որ փախչէինք, մեզ Բերկրիի բերդին մօտ նստեցուցին և կռուեցին: Թիւրք նոր զօրքեր հա­սան: Թիւրքերը հասնելուն պէս զինուորներէն մէկը հրացանով կռնատակիս խփեց և դրամ պահանջեց: Կիներէն շատերու վրայէն գօտիի մէջ լեցուած ոսկի և արծաթէ դրամ վերցուցին: Մեզ առաջնորդեցին դէպի Արճէշ: Ճանապարհին քիւրտ կանայք մեր հագուստները ամբողջովին հանեցին, թողին միայն շապիկ- վարտիկ: Օրա­կան 3 անգամ քիւրտերը կուգային մեզ բանտարկած տեղը մեզ վրայ պա­տահմամբ մնացած դրամ յափշտակելու: Մենք ու անօր Արճէշի մէջ Աբաղեան Նշան աղայի տան մէջ բանտարկուած մնացինք: 9-րդ օրը ռուսները եկան: Թիւրքերր փախան, իրենց հետ տարին 18 տարեկան աղջիկ մը: 12 տարեկան երեխաքս ոտքերը բոբիկ քալելով ուռչած էին և անկարող էին քալելու: Սարի փէշին տղաս իր հոգին փչեց:

 

Պատմողի ստորագրութիւնը` Մաքրուհի Պարոնիկեան»:

 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 424, թթ. 4-5, բնագիր, ձեռագիր:

 

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 33 – 34:

 

Աղբյուրը՝ armeniangenocide100