կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-10 14:31
Հասարակություն

Բողոքի ակցիա՝ ընդդեմ ալյուրի հարստացման ծրագրի

Բողոքի ակցիա՝ ընդդեմ ալյուրի հարստացման ծրագրի

Այսօր մի խումբ քաղաքացիներ, փորձագետներ  ու հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիա են կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև` բողոքելով ցորենի ալյուրի հարստացման որոշման դեմ:


Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 13-ին հավանություն էր տվել այդ օրենքի նախագծին, համաձայն որի` օրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող հոսքագծերով արտադրվող բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը պարտադիր պետք է հարստացվի վիտամինահանքանյութային հավելումներով, իսկ այդ պահանջը չկատարող տնտեսվարողները կտուգանվեն 1,5-2 մլն դրամով: Օրենքը չի տարածվելու գյուղական վայրերում գործող` փոքր հզորության ալրաղացների վրա: Օրենքի ընդունման դեպքում բնակչությունը պարտադրված կլինի օգտագործել գերազանցապես հարստացված ալյուր և դրանից պատրաստված հաց:


ՅՈՒՆԻՍԵՖ-ն էլ իր կողմից նախատեսում է տրամադրել տեխնիկական աջակցություն, և նախքան օրենքի ընդունումը արդեն ձեռք են բերվել ալյուրի հարստացման սարքավորումներ:


«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամները նշում են, որ ՅՈՒՆԻՍՖ-ը պարտադրում է Հայաստանի կառավարությանն այդ որոշումը: Եվ որ ավելի քան 80 երկրներում ցորենի հարստացման ուղղությամբ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հետևանքներն աղետալի են: Հատկապես` Կանադայում ու Չիլիում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աճել է կրծագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղով հիվանդների թիվը:

 

Բողոքի ակցիայի մասնակիցները անթույլատրելի են համարում բնակչության մի փոքր հատվածի առողջական խնդիրների պատճառով ՀՀ ողջ բնակչությանը պարտադրել ֆոլաթթվով ու երկաթով հարստացված ալյուրից հաց, որովհետև այդ հավելումները, թեկուզ փոքր չափաբաժիններով, ուղղակի սպառնալիք են բնակչության համար: Ակցիայի մասնակիցները պահանջում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից` դադարեցնել աջակցությունը հայ հասարակության համար անընդունելի նախագծին:


Ակցիայի մասնակիցներն ունեին հստակ առաջարկ` իրականացնել ցորենի չթեփազատված, չտեսակավորված ալյուրի և այդ ալյուրից թխված հացի արտադրության վերականգնման ծրագիր, որովհետև դա ավելի քիչ ծախսատար է և անվիճելիորեն լավագույն ճանապարհն է: